Միասնական թեկնածուից տխրելու առիթ չկա

Միասնական թեկնածուից տխրելու առիթ չկա
Ամառային տաղտուկ քաղաքական դաշտն այս օրերին աշխուժացել է իշխանության նախկին դաշնակիցներ ՀՅԴ-ԲՀԿ եւ արմատական ընդդիմություն ՀԱԿ «դաշինքի»՝ նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու ակնարկներից: Մինչ այս վարկածները շրջանառության մեջ դնելը վերլուծություններ կային, թե անկախ այն բանից՝ Գագիկ Ծառուկյանը կոալիցիա կմտնի թե ոչ, 2013-ի ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն այս օրերին մի քանի ընդդիմադիր ուժերից կազմված դաշինքը ռեժիմը ոչնչացնելու, այսպես ասած, լուրջ, իրատեսական մեխանիզմի մասին է ակնարկում: Միասնական թեկնածուի գաղափարը ՕԵԿ-ի հետ դաշինք կազմած ՀՀԿ-ի համար իսկապես լուրջ սպառնալիք է, եթե հաշվի առնենք խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի հավաքած քվեների քանակը: Իհարկե, դեռ հարց է՝ այս ծրագիրը կյանքի կկոչվի, թե ոչ, սակայն հետաքրքիր է, թե այս գաղափարն ինչ տրամադրություններ է ստեղծել ՀՀԿ-ում: Ինչպե՞ս են վերաբերվում դրան, արդյո՞ք այն իրագործվելու դեպքում վրա չի հասնի ռեժիմի վախճանը: Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուստ Սահակյանի հետ:



- Պարոն Սահակյան, հնարավո՞ր եք համարում, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միասնական թեկնածուով հանդես գան:



- Ես կարծում եմ, որ ինչքան միավորվեն, մենք ավելի նորմալ իրադարձությունների ականատես կլինենք:



 - Ի՞նչ նկատի ունեք «նորմալ իրադարձություն» ասելով:



- Եթե ասում եմ՝ միասնական թեկնածու, նկատի ունեմ, որ ընդունելի է:



 - Բայց ՀՀԿ-ն խնդիր չի՞ ունենա Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու գործում, եթե խորհրդարանական այս ուժերը հանդես գան մեկ թեկնածուով:



- Իհարկե, տարբեր գաղափարական հիմք ունեն, բայց ընտրությունների ժամանակ, կարծում եմ՝ ընդունելի տարբերակ է: Համենայնդեպս չեմ կարծում, որ դա որոշիչ կարող է լինել:



 - Ի՞նչ առումով, պարոն Սահակյան:



- Միավորման խնդիր է, եթե այդ միավորումը լիներ, նախեւառաջ, կարծում եմ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ պիտի արտահայտվեր: Համենայնդեպս այդպես ընդգծված արտահայտություն: Իսկ ինչ վերաբերում է մեկ թեկնածուին, ես կարծում եմ, որ այն որեւէ ձեւի տեղի չունեցավ:



- Կարծում եք այս ակնարկները ՀՀԿ-ի տրամադրությունները շոշափելու համա՞ր են:



- Գիտեք, եթե ընդհանուր ծավալներով ասելու լինենք, բնական է, նախագահական ընտրություններին թեկնածուներ կլինեն, եւ, կարծում եմ, թեկնածուներ լինելն ապահովում է նաեւ այլընտրանքի հասկացողություն: Իսկ ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ես կարծում եմ՝ մենք եւ այս քաղաքական կապիտալն ու միջոցներն ունենք, որ իրագործելի կդարձնենք: Բայց նաեւ շատ լավ կլինի, որ համակերպված մրցակցություն լինի, իրական մրցակցություն եւ ոչ թե թշնամություն:



 - «Համակերպված մրցակցություն» ասելով ի՞նչ նկատի ունեք: Սերժ Սարգսյանի թեկնածության հետ համակերպվե՞լ նկատի ունեք:



- Ոչ, մրցակցություն լինի, դրա համար «մրցակցություն» բառն եմ օգտագործում: Բայց չվերաճի թշնամական հարաբերության, իսկ թեկնածուներ, բնականաբար կլինեն, դա միասնական կլինի, թե ոչ: Կարծում եմ՝ դա ընդդիմության խնդիրը կարող է համարվել:



- Լեւոն Զուրաբյանը բավականին իդեալական կերպար է նկարագրել: Երեք կուսակցություններից ո՞ւմ եք տեսնում այդպիսին:  



- Ես չէի ցանկանա, որ քաղաքական դաշտի որեւէ գործչի վարկաբեկիչ բան ասել: Տեսնում եմ, թե չէ: Ժամանակը կգա, հասարակությունն ինքը կկանխորոշի, մենք էլ մեր գնահատականները կտանք: Դե, շատ լավ կլինի, որ ազգային մկրտությամբ մարդիկ լինեն, եւ չեմ կարծում, որ նախագահական ընտրությունները միայն նրա համար են, որ ովքեր թեկնածուներ են, պարտադիր կերպով պիտի հաղթեն: Քաղաքական դաշտն ավելի ուժեղացվում է, եթե թեկնածուներ կան, ու մրցակցություն կա, որի հետեւանքով ուժեղանում է պետությունը:



 - Բա որ երեք ուժերը միավորվեն ու մեկ թեկնածուով հաղթեն Սերժ Սարգսյանին…  Նման մտավախություն չկա՞:



- Իհարկե, մենք էդպիսի բան չենք պատկերացնում, մանավանդ չգիտենք՝ թեկնածուներն ովքեր են, բայց ազատ մրցակցության պայմաններում այն քաղաքական որակներին էլ կհասնենք, որ պարտվողները շնորհավորում են հաղթողին:



 - Ամեն դեպքում, Դուք պատկերացնում եք, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեմ  դուրս կգա ու կհայտարարի, որ չի սատարելու:



- Շատ դժվար է ասել, ինչո՞ւ եք մտածում, որ որեւէ մեկը եթե թեկնածու է առաջադրում, Սերժ Սարգսյանի դեմ է ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ իր հնարավորությունների սահմաններում փորձում է կյանքում իրագործել իր ծրագրերը: Դրանից տխրելու, նեղանալու կամ ոգեւորվելու խնդիր չեմ տեսնում: