Կարեկցանքի արժանի հոգեվիճակ

Կարեկցանքի արժանի հոգեվիճակ
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրեն դժվար է այլեւս զարմացնել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ  «Ժառանգությանը» դա հաջողվեց, եւ  մեղադրել  էր «Ժառանգությանը» անպարկեշտության մեջ: Ասվել էր նաեւ, որ ինչ-որ մեկը «Ժառանգությունից» հայտարարել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող ստորագրել նախաձեռնության տակ, քանի որ դեռ մանդատը չի վերցրել: Այս առիթով «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը մեր թղթակցին ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կյանքից հոգնածներն են  զարմանալու զգացմունքը կորցնում, այդ զգացմունքը մեր աջակցությամբ  տիկին Զոհրաբյանի կողմից կրկին ապրելու կապակցությամբ  նախ շնորհավորում եմ:



Ինչ վերաբերում է անպարկեշտության մեղադրանքին, ապա տիկին Զոհրաբյանը պետք է խոսի փաստերով, այլ ոչ թե իր կամ մեկ ուրիշի կողմից հնարած կենցաղային զրույցին բնորոշ` մտացածին, անանուն   եւ զրպարտիչ հայտարարություններով:  Ինձ համար հասկանալի է տիկնոջ հոգեվիճակը, հստակ դիրքորոշման դրսեւորման արգելքները ստիպում են իրեն ի պաշտոնե նախահարձակ վարքագիծ դրսեւորել:



Մյուս կողմից էլ խոր կարեկցում եմ նրան, քանի որ յուրաքանչյուր վայրկյան ինքը, իր կուսակցապետը եւ ԲՀԿ անդամները, չլինելով ընդդիմություն, լինելով «խիստ կառուցողական այլընտրանք» (քաղաքագիտությանն անծանոթ կարգավիճակ), ցանկանալով  հանդես գալ որպես արդարամիտ եւ ազատամիտ հայացքների կրող քաղաքական ուժ, հայտնվում են աննախանձելի, ծիծաղելի իրավիճակում. մի օր դեմ են կառավարության ծրագրին, հաջորդ օրը կողմ են նույն կառավարության կողմից ներկայացված մեկ այլ տնտեսական ծրագրին` Սեւանա լճից ջրի բացթողնմանը:



Իբրեւ կողմ են արտահերթ նիստի հրավիրմանը, բայց, ունենալով 37 պատգամավոր, ստորագրում են ընդամենը 7 հոգի, եւ այս ամենը դեռ շարունակելի է: Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ ԲՀԿ-ի նման վարքագիծը: Իմ խորին համոզմամբ, այս քաղաքական ուժին հակացուցված է ընդդիմություն երեւալու համառ ցանկությունը՝ այն պարզ պատճառով, որ իրենք պետք է հաշվի նստեն այն պարզ իրողության հետ, թե իրենք ովքեր են»: