ՍԴՀԿ գրասենյակում բացվել է սիրիահայերի համար արագ արձագանքման խումբ

ՍԴՀԿ գրասենյակում բացվել է սիրիահայերի համար արագ արձագանքման խումբ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի Վարչութան հայտարարությունը.«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի Վարչությունը ուշիուշով հետեւում է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Սիրիայի մեծ քաղաքներում բնակվող հազարավոր մեր հայրենակիցներն ամեն օր քնում եւ արթնանում են ռումբերի, կրակոցների տակ՝ մշտապես վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը: Չնայած դրան՝ ՍԴՀԿ-ին պարբերաբար բողոքներ են հասնում, որ դեպի Հալեպ կատարվող հայկական ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» տոմսերը շուրջ կրկնակի թանկացել են, ավելին՝ դրանք մտել են այսպես կոչված «սեւ շուկա»: Փաստորեն, որոշ անհատ ձեռներեցներ որոշել են օգտվել  իրենց հայրենակիցների անելանելի վիճակից եւ այս կերպ լցնել իրենց առանց այդ էլ լցված գրպանները:



Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը վճռականորեն բողոքում է ստեղծված իրավիճակի դեմ, կոչ անում պատկան մարմիններին օր առաջ լուծել այս խայտառակ իրավիճակը, որն արդեն իսկ հասցրել է վրդովմունքի ալիք բարձրացնել ոչ միայն սիրիահայության, այլ նաեւ ողջ հայության շրջանում:  Հասկանալով, որ այս պահին հնարավոր չէ  պետականորեն ամբողջությամբ լուծել խնդիրը, ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է իր համեստ ջանքերը ներդնել Մայր Հայրենիք ժամանող սիրիահայության  ժամանակավոր կեցության եւ ապրուստի հարցերը լուծելու առումով: ՍԴՀԿ Կենտրոնական գրասենյակում ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը Սիրիայից  Հայաստան ժամանող ցանկացած մեր հայրենակցի  պատրաստ է հնարավորինս աջակցել: Ավելին, մենք պատրաստակամ ենք համագործակցել պատկան մարմինների հետ՝ մեր հայրենակիցներին օգնելու և զորավիգ լինելու հարցում»:



ՍԴՀԿ կոնտակտային տվյալներն են՝ [email protected], [email protected]



095 50 1887



Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության  Վարչություն Ատենապետ Գ. Պերկուպերկյան



 26.07.2012