Ռուսաստանը Հայաստանի հարազատ պապան է, եւ նրան կարելի՞ է…

Ռուսաստանը Հայաստանի հարազատ պապան է, եւ նրան կարելի՞ է…
Ռուսաստանում ընդունված օրենքները Հայաստանում «կապիրովկա» են անում՝ առաջնորդվելով այն պարզ տրամաբանությամբ, որ դրանք լրացուցիչ լծակ կլինեն իշխանության ձեռքին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի օրենք, որը դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին «օտարերկրյա գործակալներ» է համարում։ Բոլոր նյութերը, որ տարածվում են նման ՀԿ-ների կողմից, այդ թվում նաեւ լրատվամիջոցների կամ ինտերնետի միջոցով, պետք է նշեն, որ հանդիսանում են «օտարերկրյա գործակալ» (inotv.rt.com): Առաջին հայացքից քայլը թվում է ժողովրդավարական, մանավանդ որ նույն օրենքն ԱՄՆ-ում գործում է 1933 թվականից, եւ Ռուսաստանը համարյա նույնությամբ փոխառել է նրանից: Չմոռանանք, որ ոչ ազատ երկրներում (նուրբ եմ արտահայտվում) օրենքը կարող է կիրարկվել բռնապետական պետության հնարավորություններն ընդլայնելու առումով. ո՞վ է որոշելու՝   այս կամ այն ակցիան կամ հասարակական կազմակերպության գործունեությունը քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՞ ոչ: Իհարկե՝ իշխանությունը:



Նման պայմաններում ինչքան էլ իբր ապահովվի օրենքի իրականացման թափանցիկությունը, միեւնույն է, այն օգտագործվելու է իշխանությանը գլխացավանք պատճառող ուժերի դեմ: Ցավն այն է, որ ժողովրդավարական երկրներից փոխառելով եւ սեփական պետություն ներմուծելով որոշակի օրենքներ՝ թվացյալ տպավորություն է ստեղծվում, թե երկիրը ժողովրդականացվում է: Նույնն է, ինչ արեւադարձային որեւէ ծառ հողից պոկվի ու տնկվի Սիբիրում՝ ակնկալելով բերք: Այդպես չի լինում, առաջին հերթին պետք է հաշվի առնվի տվյալ պետության առանձնահատկությունների համալիր համակարգը:



Ռուսաստանում ներմուծված այդ օրենքին անդրադարձա հետեւյալ առումով. հաջորդը, հավանաբար, Հայաստանն է ընդունելու՝ իսկը ժամանակն է: Պատկերացնո՞ւմ եք, դրսից ֆինանսավորվող ինչքան օտարերկրյա գործակալներ ունենք Հայաստանում. ում բարձրացնես, տակը թխսի նման դրսի դոլարաձվերն են… Իշխանական թեւին մոտ կանգնածներին կթողնեն սնուցվել դրսի գլյուկոզայից, նույնիսկ, ըստ ծառայության, կբարձրացնեն չափաբաժինը, մնացածներին կկպցնեն լրտեսի պիտակն ու խայտառակ կանեն… Ի՞նչ է նշանակում օտարերկրյա գործակալ: Կոմունիստների օրով ապրածները կասեն՝ հայրենիքի դավաճան. դա խարան է: Ում անունն էլ մեյդան հանվի, որպես վհուկ կդիտվի: Դրանից էլ լավ լծա՞կ՝ ընդդիմությանը ճնշելու համար:



Մերօրյա երիտասարդներին նույնպես կսարսափեցնի «ագենտ» անվանումը, եւ չեն համախմբվի նրանց շուրջ, ովքեր կկրեն այդ պիտակը: Հետաքրքիր նրբերանգ կա. օրենքը չի գործում գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության, բարեգործական կամ էկոլոգիայի բնագավառներում, չի տարածվում կրոնական կազմակերպությունների վրա: Այսինքն՝ այդ բնագավառում ինչ ուզեն, կարելի՞ է… Պուտինի կատարած քայլի մեջ սառը հաշվարկ է միաժամանակ՝ Ռուսաստանի իշխանական համակարգի անձեռնմխելիության պահպանումը… Գաղտնիք չէ, որ դրսի փողերը համակարգային փոփոխությունների միտում են հետապնդում: Հեշտ եղանակ է՝ «գործակալ», «ագենտ», «լրտես», «վհուկ» պիտակներով դադարեցնել որեւէ կազմակերպության գործունեությունը: Այդ պիտակները ժողովրդի մեջ խորշանք են առաջացնում:



Հետաքրքիր է՝ ռուսական կայսրությունից ազատագրված երկրների հասարակական կազմակերպությունները, փող ստանալով Ռուսաստանից, օտարերկրյա գործակալնե՞ր են համարվելու… Թե՞ Ռուսաստանը Հայաստանի հարազատ պապան է, եւ նրան ամեն ինչ կարելի է…



 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ