Հեռուստաեթերի պատվիրատուն պետք է լինի պետությունը

Հեռուստաեթերի պատվիրատուն պետք է լինի պետությունը
Օրեր առաջ, հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հետ կապված, տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր նիստ, որտեղ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ներկայացրել էր 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ: Դրանում իմի էին բերված ՀԽ-ում հեռուստաեթերի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները: Չնայած մեզ հետ զրույցում Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այդ կետերը դեռ կփոփոխվեն՝ կավելանան-կպակասեն, բայցեւայնպես հեռուստաեթերի որակը բարելավելու համար կանգ են առել մի քանի կետերի վրա. «Հ1-ում պետք է լինեն սոցիալական գովազդներ, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ՝ բովանդակային խնդիրները վերհանելու համար, պետք է լինեն օրենսդրական նախաձեռնություններ, պետպատվերներ, կրթական, դաստիարակչական, մանկական հաղորդումների չափաբաժինների բաշխում, նաեւ պետք է գործեն խրախուսման ինչ-որ մեխանիզմներ, առողջ մրցակցային դաշտ ստեղծվի»:



Մի քանի օր անց քննարկումը շարունակվել էր նաեւ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որին մասնակցել էր Հ1-ը, «Շանթը», «Արմենիան», «Շողակաթը», «Կենտրոնը», «Ար»-ը, «Դար 21»-ը, «Երեւանը»: Հանդիպմանը մասնակցել էին հեռուստաընկերությունների տնօրենները, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հովիկ Մուսայելյանը, Հայկ Դեմոյանը, Աստղիկ Գեւորգյանը, ինչպես նաեւ նախաձեռնող խմբից մի քանի անդամներ:



Ինչպես հանդիպման ժամանակ նշեց Մուսայելյանը, ով նաեւ «Սինոփսիս» ընկերության տնօրենն է, իրենք ուզում էին լսել, թե հեռուստաընկերություններն ինչ են մտածում այսօրվա հեռուստաեթերի մասին, իսկ թե ինչու լրագրողների ներկայությունն այդ քննարկմանը չթույլատրվեց, Մուսայելյանն այսպես պատասխանեց. «Իրենք իրենց լրագրողներին էլ չէին բերել, որովհետեւ դա առաջին հանդիպումն էր, բայց օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը դեռ 2-3 հանդիպում կլինի, որից մեկը նախատեսում ենք շատ մեծ անել, երբ հեռուստաընկերությունների հետ որոշակի կոնսենսուսի կգանք»:



Մուսայելյանը հիշեց, որ դեռ 3 տարի առաջ, երբ ստեղծվեց Հանրային խորհուրդը, իրենք երկրի նախագահի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ հեռուստաեթերի բովանդակային փոփոխության հետ կապված հարցեր առաջ քաշեցին. «Այդ ժամանակ մի հանձնախումբ ստեղծեցինք՝ 55 հոգուց բաղկացած, որի մեջ ներառված էին Հանրային խորհրդի անդամներ, հեռուստատեսության ներկայացուցիչներ, հոգեբաններ, մանկավարժներ: Այդ հանձնախումբն իր առաջ խնդիր դրեց ստեղծել իրավական ազդեցություն չունեցող մի փաստաթուղթ, որը կոչվում էր հեռուստահեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա: Ինքն ուղղակի սահմանում էր որոշակի խաղի կանոններ, որին եթե հեռուստաընկերությունները համաձայն էին՝ ստորագրում էին, դրանից հետո ինքնակարգավորման որոշակի ազդակներ էին գալիս:



Դրա կարիքը կար, որովհետեւ զգացվում էին անառողջ մրցակցային հարաբերություններ, եւ այդ ժամանակ իսկապես դրական տեղաշարժեր եղան. միանգամից դադարեցվեցին կրիմինալ, գաղութային արժեհամակարգ թելադրող ֆիլմերը, նաեւ լեզվի հետ կապված փոփոխություններ նկատվեցին, բայց դա շատ կարճ տեւեց, չնայած 12 հեռուստաընկերություն ստորագրեց այդ խարտիան: Մենք մտածում էինք, որ իրենք իրար մեջ կկարգավորեն այդ խնդիրը, բայց դա տեղի չունեցավ, եւ դրանից հետո եթերը սկսեց ավելի վատանալ: Իրավիճակը մեկ ամիս առաջ նորից փոխվեց, երբ մտավորականները նամակ գրեցին երկրի նախագահին, ով հանդիպեց Հանրային խորհրդի նախագահին, եւ որոշվեց մինչեւ սեպտեմբերի վերջ առաջարկությունների մի փաթեթ ներկայացնել:



Շատ շահարկումներ եղան, թե ինչու նախագահին ուղղվեց նամակը, ինչու նախագահը Հանրային խորհրդին առաջարկեց զբաղվել այդ հարցով: Իմ կարծիքով, այստեղ կա որոշակի տրամաբանություն, որովհետեւ այդ առաջարկություններից մեկն օրենսդրական նախաձեռնություն է, որը պետք է ԱԺ-ում քննարկվի: Իսկ երկրի նախագահին դիմելն այդքան էլ վատ չէ, որովհետեւ ինքն ամենամեծ խմբակցության ղեկավարն է, եւ գոնե այդ խմբակցությունում քննարկումներ կարող են անել. օրինակ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 22-րդ հոդվածը միտված է այս խնդիրները կարգավորելուն, բայց կոնկրետ սահմանված չեն չափորոշիչները»:



- Պարոն Մուսայելյան, դեռ 3 տարի առաջ այդ նախաձեռնությունը եղավ, նախագահին դիմեցիք, հեռուստաեթերի հարցը քննարկվեց մտավորականների, մի շարք մասնագետների հետ, բայց խնդիրը մնաց չլուծված: Հիմա ի՞նչ երաշխիքներ կան, որ նույն պատմությունը նաեւ այս անգամ չի կրկնվի:



- Իրականում ոչ մի երաշխիք չկա, որովհետեւ եթե հեռուստաընկերություններն իրենք իրար հետ ինքնակարգավորման մեխանիզմներ չբանեցնեն, ոչ մի երաշխիք չի լինի: Մենք հեռուստաընկերությունների ղեկավարներին ասացինք, որ գրաքննությանը դեմ ենք,  եւ Հանրային խորհրդի խնդիրը չէ իրենց լրատվական-քաղաքական դաշտ մտնել, մենք կատեգորիկ դեմ ենք դրան, մեր խնդիրն այն է, որ հեռուստաեթերից հրամցվող հեռուստաարտադրանքը լինի հանրության մեծամասնության կողմից ընկալելի եւ ընդունելի:



- Տպավորություն է ստեղծվում, որ հիմնական խնդիրը սերիալների մեջ է, այդպե՞ս է:



- Մենք դեմ չենք սերիալներին, դրանք պետք են, ուղղակի մեր առաջարկություններից մեկն էլ այն է, որ պետությունը պետք է լինի պատվիրատուն: Պետպատվերի ինստիտուտ պետք է ձեւավորել հենց թեկուզ սերիալների դեպքում, ասենք՝ պետությունը պատվիրում է կիրթ, արժանապատիվ հայ մարդու դրական կերպարով սերիալ, այսինքն՝ ինչ-որ չափորոշիչներ լինեն, մրցույթ հայտարարվի: Բայց մասնավոր հեռուստաընկերություններն ասում են՝ քանի որ իրենք մասնավոր են, ոչ ոք իրավունք չունի ասելու, թե իրենք ինչ հեռուստաարտադրանք պետք է տան: Եթե մենք ստեղծենք այնպիսի մի իրավիճակ, որ մեզ մոտ գռեհիկ, անճաշակ հեռուստաարտադրանք տալը լինի ամոթաբեր, ոչ մրցունակ, ոլորտն ինքն արդեն կկարգավորվի:



- Հեռուստաընկերությունների տնօրեններն ընդունո՞ւմ են, որ իրենց հեռուստաարտադրանքը գռեհիկ է ու անճաշակ:



- Իրենք չեն ընդունում, եւ հանդիպման ժամանակ ինքնապաշտպանական այդ ֆունկցիան շատ էր` իբրեւ թե փորձ է արվում գրաքննության, բայց ես ամեն դեպքում դրական եմ համարում մեր քննարկումը:



- Հեռուստաընկերությունների կողմից հիմնականում ի՞նչ հակափաստարկներ էին բերվում:



- Իրենք հիմնականում ասում էին, որ դրանով աշխատատեղերի հարց է լուծվում, այսքան դերասաններ են ներգրավված աշխատանքի մեջ, բարձր աշխատավարձ են ստանում, իրենց հաղորդումների ռեյտինգները բարձր են: Հիմնականում բողոքում էին, որ Հանրային հեռուստաընկերության համեմատ իրենք մրցակցային ավելի վատ իրավիճակում են, եւ ազատ ու հավասար մրցակցային դաշտ չկա, ռեյտինգային անառողջ մրցակցություն է գնում: Իրենք ասում էին՝ ամեն ինչ լավ ա երկրում՝ մենակ հեռուստատեսությո՞ւնն է խանգարում, ինչի՞ մյուս հարցերով չեք զբաղվում... ասում էին նաեւ, որ սերիալ նկարահանելը շատ դժվար պրոցես է...



- Սովորաբար ասում են, որ սերիալներն արտացոլում են մեր իրականությունը: 



- Իմ կարծիքով, ամենավտանգավոր բանն այն է, որ ասում են՝ ինչպես որ մեր հասարակությունն է, այնպես էլ մեր եթերն է: Ես չեմ կարծում, որ դա այդպես է, որովհետեւ ամեն սերիալի ժամանակ մի 7-8 հոգու «փռում են» գետնին, մի այդքանի էլ սպանում են, մի քանի հոգու բռնաբարում են. ճիշտ է՝ նման դեպքեր լինում են մեր կյանքում, բայց հաստատ մեր հասարակությունն այդպիսին չէ, համենայնդեպս, սերիալի խնդիրն այն չէ, որ վերցնի կրիմինալ խրոնիկան եւ դիտարժան դարձնելու համար օգտագործի: Հեռուստաընկերությունների հետ միասին պետք է գտնենք լուծումներ, իրենց որեւէ բան զոռով պարտադրելը սխալ է, իրենք պետք է համոզվեն, միջավայրը պետք է այնպես փոխվի, որ մարդիկ պարտադրված գնան որակյալ հեռուստաարտադրանք տալու ճանապարհով:



- Օրինակ, քննարկմանը հեռուստաընկերությունների տնօրեններն իրենց կամքո՞վ էին եկել, թե՞, քանի որ հարցը հասել էր նախագահին, մեղմ ասած՝ ստիպված էին ներկայանալ:



- Կարծում եմ՝ ստիպված ոչ ոք չի գնացել, մի քանի հեռուստաընկերություններ չէին եկել, հիմա ո՞վ է նրանց ասել՝ ինչի չէիք եկել: Մեզ մոտ վատն այն է, որ եթե նման քննարկում է լինում, մարդիկ սկսում են մտածել, թե քամին որտեղից է փչում, ով է պատվիրատուն, ինչ շահ ունեն: Բայց դոմինանտ պետք է լինի հանրային շահը: Մենք այսօր նաեւ սփյուռքի խնդիր ունենք, շատերից եմ լսել, որ չեն ուզում այստեղ ներդրումներ անել, ասում են՝ էդ ի՞նչ բանդիտական երկիր է, էդտեղ ի՞նչ ներդրում անեմ, ամեն օր մարդ են սպանում...



- Եվ դրա պատճառը սերիալնե՞րն են:



- Ես չեմ ասում, թե միայն դա է, խնդիրն ուրիշ է. իմիջիայլոց, Սփյուռքից ավելի շատ են սերիալ նայում, այդ նույն Գլենդելում փողոցները դատարկվում են, ու պիկ ժամերին մարդիկ, ընտանիքներով նստած, սերիալ են նայում, ու եթե այդ սերիալներում մարդ գողանան, գաղութային կենցաղ քարոզվի, ու դա դարձնենք դոմինանտ, այդ մարդկանց մեջ էլ մի բան կկոտրվի: Ես չեմ ասում՝ կյանքից կտրված լինի, ու հեռու եմ այն մտքից, որ մերոնց վատ սերիալ նկարելու արդյունքում է, որ արտագաղթ է լինում, ու սփյուռքահայն էլ չի ուզում գալ Հայաստան, բայց կարելի է, չէ՞, նպաստել, որ գոնե հեռուստաեթերի միջոցով հանդուրժողականություն քարոզվի: