Առաջադրումները կավարտվեն երեք օրից

Առաջադրումները կավարտվեն երեք օրից
Սեպտեմբերի 9-ին քաղաքապետ են ընտրելու Գյումրին, Վանաձորը, Ստեփանավանը, Էջմիածինը, Մասիսը, Տաշիրը, Մեղրին, Կապանն ու Քաջարանը: Մինչ օրս եղած առաջադրումներում ամենաակտիվը իշխող կուսակցությունն էր: Երեկվա դրությամբ ՀՀԿ-ն արդեն քաղաքապետի թեկնածուներ է առաջադրել Վանաձորում, ի դեմս գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի, Կապանում, այն է՝ «Հայփոստի» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ում եղբայրը Մեղրու մաքսատան պետն է, նաեւ Մասիսում: Այստեղ ՀՀԿ թեկնածուն տեղի կազմակերպության խորհրդի նախագահ Սաշա Հակոբյանն է: Երեկ այստեղ առաջադրվել է նաեւ անկուսակցական Նորայր Նահապետյանը, ով Մասիսի թիվ 5 դպրոցում պահակ է աշխատում եւ, ամենայն հավանականությամբ, ձեւական մրցակցություն է ապահովելու: Գյումրիում ՀՀԿ-ն պաշտպանելու է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Մյուս 8 քաղաքներում, որոնք սեպտեմբերի 9-ին քաղաքապետ են ընտրելու, ԲՀԿ-ն առայժմ չի շտապում թեկնածուներ առաջադրել, սակայն համայնքների բնակիչներն ամեն օր այս կուսակցությունից նոր անուններ են սպասում:



Երեկ Վանաձորում առաջադրվեց «Բարգավաճից» երկրորդ թեկնածուն` Լոռու նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, ինչն անակնկալ էր: Սպասվում էր, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանի որդուն: Որպես հավանական թեկնածուներ, նշվում են նաեւ «Օրանժի» տեղի գրասենյակի տնօրեն Տարոն Ապրեսյանի, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր` Քրիստ Մարուքյանի անունները, սակայն արդեն պարզ է, որ հիմնական պայքարն ընթանալու է արդեն առաջադրված երկու թեկնածուների` ստաժավոր քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ «նոր դեմք», փաստաբան, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանի միջեւ: Հիշենք, որ փաստաբան էր նաեւ Վիկտոր Դալլաքյանին հաղթած Էդմոն Մարուքյանը:



Վանաձորցիները կարծես ազարտի մեջ են ընկել Վիկտոր Դալլաքյանի պարտությունից հետո, եւ գործող քաղաքապետին հեշտ չի լինելու սանձել նրանց ազարտը: Նա ընկալվում է որպես մեծ հարստության տեր, Քոչարյանի մարդ, բենզալցակայանների, ասֆալտի եւ հյուրանոցների վրա աճած ուրբաթախոս իշխանիկների դասի հիմնադիրներից մեկը: «Կարծում եք կհաղթե՞ք ՀՀԿ թեկնածուին եւ եթե հաղթեք, ի՞նչ լծակներ եք գործադրելու, լինելով անկուսակցական, ոչ իշխանական ու ոչ մեծահարուստ»,- հարցրինք Թումանյանին, ով այս օրերին էլ դատական նիստից նիստ է գնում իր պաշտպանյալների գործերով: «Որ մի բառով ասեմ՝ ամեն պահ ամեն ինչ հնարավոր է: Վանաձորը քաղաքական առումով անկանխատեսելի է: Ինչ վերաբերում է կուսակցականությանը, ապա, որպես իրավաբան, ես «ՏԻՄ-ի մասին» օրենքով եմ առաջնորդվում, իսկ ըստ այդ օրենքի, քաղաքապետը ծառայություն մատուցող է, ոչ քաղաքական պաշտոն է, ոչ կուսակցական, ոչ բարեգործական լծակներ չպետք է օգտագործի, այլ աշխատի իրեն օրենքով տրված լծակների եւ հնարավորությունների շրջանակում»,- պատասխանեց նա:



Ապա ասաց, որ ԶԼՄ-ները սխալ տեղեկություն էին տարածել: «Գրել էին, որ ես իմ առաջադրման համար փաստաթղթերը տասը րոպե անց եմ ներկայացրել գործող քաղաքապետից, իրականում, սակայն, առաջինը ես եմ ներկայացրել»:



Ի տարբերություն Դարբինյանի, Տաշիրի 10 տարվա քաղաքապետ, անկուսակցական, տեղական էլցանցի նախկին տնօրեն Նշան Սողոյանն առայժմ միակ պաշտոնապես գրանցված քաղաքապետի թեկնածուն է: Նա եւս կարծում է, որ  համայնքի կառավարումը չպետք է քաղաքականացնել: Տաշիրը կարելի է ամենաանկուսակցական համայնքը համարել: Անգամ ավագանու անդամները բոլորն անկուսակցական են: Թեեւ այստեղ իրավիճակը վերահսկում է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, եւ ցանկացած թեկնածու պետք է նրա «դաբրոն» ստանա: «Համայնքը կառավարելու համար հայրենասիրություն է պետք: Իսկ ես շատ եմ սիրում իմ քաղաքը, այստեղից ոչ մի տեղ չեմ գնալու: Աշխատել եմ եւ աշխատում եմ իմ ուժերի չափով եւ կարծում եմ, որ ամեն ինչ պետք չէ կապել կուսակցականության հետ»,- ասում է թեկնածուն:



- 10 տարի է՝ քաղաքապետ եք: Չե՞ք կարծում, որ մարդկանց թարմություն է պետք:



- Եթե որեւէ աշխատանք ես կատարում, լուրջ ծրագրեր ունես, որոնք ինքդ ես մշակում, փորձում ես նորություն մտցնել աշխատանքում, դա արդեն թարմություն է: Քաղաքը կենդանի օրգանիզմ է: Ամեն մի նոր օր աշխատանք է պահանջում:



- Ի՞նչ չեք արել այս տասը տարում:



- Շատ բաներ եմ արել, բայց բազմաթիվ գործեր էլ կան, որոնք չեմ վերջացրել:  Օրինակ, այս տարի 15 կմ ջրագիծ կառուցեցինք: Սա քիչ չէ, բայց սրանով ջրամատակարարման համակարգի հարցը չի լուծվում:



Այս պահին Տաշիրում նոր առաջադրումներ չկան, բայց քաղաքապետ Սողոյանը կարծում է, որ մրցակիցներ ունենալու է: Կտրուկ փոփոխություններ չեն սպասվում նաեւ Ստեփանավանում: Այս պահի դրությամբ քաղաքապետի միակ պաշտոնական թեկնածուն այստեղ Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ, անկուսակցական Միքայել Ղարաքեշիշյանն է՝ Քոթո անունով հայտնի ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի եղբայրը:



Ստեփանավանցիք այս փոփոխության հետ լուրջ հույսեր չեն կապում: Չնայած պատմում են, որ, ի տարբերություն Քոթոյի, նրա եղբոր դեմ քրեական գործեր չեն հարուցվել, իսկ քաղաքն ալեկոծող «ռազբորկաների» մեջ նա ավելի քիչ է նկատվել: Հիշում են թերեւս, որ երբ քաղաքապետի քույրը` մշակույթի տան տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանն աշխատանքից ազատել էր իր քարտուղարուհի Լիանային, եւ վերջինիս եղբայրը կռիվ էր սարքել «Դրախտիկ» ռեստորանում, «խփել» քաղաքապետին ու փախել, Միքայել Ղարաքեշիշյանը գնացել էր հիվանդանոց՝ եղբոր մոտ, զենքը հանել եւ օդ կրակել:



Միաժամանակ Ստեփանավանի բնակիչները նշում են, որ նա շատերին է օգնել՝ լինելով սոցիալական ծառայության ղեկավար, եղբոր հետ թշնամական հարաբերությունների մեջ է եւ ինքնառաջադրվել է, որովհետեւ Սարգիսն էլ վերեւից «դաբրո» չունի: Ստեփանավանում եւս ԲՀԿ-ական երիտասարդ թեկնածուի առաջադրման են սպասում, բայց մարդիկ վստահեցնում են, որ «թքած ունեն, թե ով կլինի քաղաքապետ»: «Մենք գնովի աղբյուր ենք: Ով շատ գումար տա, նրան էլ կընտրենք»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ, ով նախկինում պաշտոն, իսկ հիմա փոքր բիզնես ունի եւ այդ պատճառով չի ուզում, որ անունը նշենք:



ՀԳ - Վատ չէր լինի, եթե քաղաքապետը զուտ կառավարիչ լիներ, հմուտ տնտեսվար, եւ այս կամ այն թիմին պատկանելը դեր չխաղար նրա ընտրության հարցում ու հետագա աշխատանքում: Բայց քաղաքապետի թեկնածուների առաջադրման առաջին երեք օրը ցույց տվեցին, որ այս պաշտոնը մեզանում ծայրաստիճան քաղաքականացված է եւ շարունակում է ընկալվել զուտ որպես վարչական ռեսուրս առաջիկա նախագահական ընտրությունների համար: