Գիտության փուչիկը պայթում է

Գիտության փուչիկը պայթում է
Հարցազրույց գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի հետ.



-Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ռուսերեն լեզվով գրած եւ Պատմության ինստիտուտում     պաշտպանած դոկտորական  ատենախոսությունը  մեծ աղմուկ բարձրացրեց: Դժգոհողներից մեկն էլ Դուք էիք, հատկապես  ինչո՞ւ:



- Ինձ համար զայրացուցիչ  էր, որ հատկապես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ռուսերեն լեզվով գիտական թեզ է պաշտպանում, այն դեպքում, երբ մեր ժողովուրդն առաջին հերթին հենց իր լեզվի համար է ցեղասպանության ենթարկվել: Հիմա եկել է տնօրեն նշանակված այդ պատահական մարդը, դիսերտացիա է պաշտպանում ռուսերենով, իսկ երբ հարցնում են, թե ինչու, պատասխանում է, որ ներկայացրել եմ ԱՊՀ երկրների մրցանակաբաշխությանը, եւ այնտեղ իբր մրցանակի է արժանացել: Եթե իսկապես մրցանակ են տվել, ապա պետք է եզրակացնել, որ այնտեղ ռուսներից ոչ ոք աշխատությունը չի բացել եւ չի կարդացել, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին այդ խեղված լեզվով շարադրանքին, որ ոտքից գլուխ ապականություն է, մրցանակ տալ:



- Դուք հրապարակումով  հանդես եկաք, Դեմոյանն էլ Ձեզ վիրավորանքով պատասխանեց: Ի՞նչ հոդված էր, որ այդպես զայրացրել էր տնօրենին:



-  Հոդվածս վերնագրել էի՝ «Դոկտորական թեզը Սադախլվա ռուսերենով», որովհետեւ այդպիսի ռուսերենով Սադախլուում են հայը, վրացին եւ ադրբեջանցին իրար հետ առեւտուր անում, որ մի կերպ բացատրվեն: Նա էլ գրել էր, թե այդ Մուշեղյանը՝ միջակ կարողությունների տեր գրականագետը, փորձում է մտնել պատմության բոստանը եւ տրորել: Ինքն իբր պատմաբանն է,   ես էլ պատմության բոստանն եմ տրորում: Ինձ համար գրականությունն ու պատմությունը համատեղ, ձեռք ձեռքի են ընթանում:



Իմ նախասիրությունը միշտ եղել է չլուսաբանված էջեր պարզաբանելը. ես այնտեղ եմ, որտեղ գրականության եւ պատմության չլուծված խնդիրներն են: Ես 50 տարի է՝ զբաղվում եմ Հայոց ցեղասպանության հարցերով, եւ Դեմոյան կոչվածն իմ արածի մեկ տոկոսն էլ չի արել այդ ուղղությամբ: Ցեղասպանությունը պատմություն չէ, դա իմ եւ նախորդ սերնդի, իմ ծնողների սերնդի եւ նրանց ազգատոհմերի ապրած իրական կյանքն է եւ կենսագրությունը: Իմ մանկությունն անցել է երեւանյան հին Գետառի առափնյա թաղում, որի բոլոր բնակիչները 1918-1920 թթ. Արեւմտյան Հայաստանից բռնագաղթած նաիրցիներն էին: Խնուսի, Ալաշկերտի, Վանի, Իգդիրի, Հին Բայազետի եւ Մուշի բարբառներին հաղորդակից եմ եղել մանկական օրոցքից:



- Բացի լեզվական խեղաթյուրումներից, ուրիշ թերություննե՞ր էլ ունի աշխատությունը:



- Նախ Դեմոյանն ամբարտավան է եւ թանգարանն օգտագործում է մեր Սփյուռքի համայնքներն իրար խառնելու համար, սկանդալներ, խառնակություններ առաջացնելու համար: Սփյուռքի համայնքներից  նույնիսկ ՀՀ նախագահին էին բողոքել եւ պատճենն ուղարկել էին առողջապահության նախարարին՝ պահանջելով ստուգել, որ այդ տեսակ հոգեկան մարդուն ինչպես են դրել թանգարանի տնօրեն: Օգտվում է ինստիտուտի ընձեռած հնարավորություններից, որպեսզի ի լուր ամենքի տարածի իր անհեթեթ տեսակետները:



2009թ. ապրիլի 30-ին հայտարարել էր, թե «ցեղասպանություն» բառը վտանգավոր է գործածել, որովհետեւ դա տեղիք է տալիս ձեռնածությունների: Պատկերացնո՞ւմ եք, թե հրեաներն ինչ կանեն, եթե Երուսաղեմի մեմորիալի տնօրենը հանկարծ հայտարարի, թե «հոլոքոստ» բառը վտանգավոր է եւ պետք չի գործածել: Իսկ այդ մարդը մինչեւ հիմա մնացել է «վտանգավոր ցեղասպանության» տնօրենի աթոռին, ո՞ր իրավունքով: 2008 թ.-ին Լոնդոնի «Էկոնոմիստ» հանրահայտ լրագրին հայտարարել է, թե իբր Քեմալ Աթաթյուրքը բազմաթիվ հայ կանանց եւ մանուկների է փրկել թուրքական կոտորածից:



- Վերադառնանք մեր հարցին, թե ուրիշ ինչ բացթողումներ կան:



- Լեզվական խայտառակությանը գումարվում է նաեւ գաղափարականը, որը քաղաքական է: Ուղիղ տեքստով ասում է, որ Թուրքիան անհրաժեշտորեն պետք է չեզոքացնի քրդական ռադիկալիստական շարժումը (էջ 348-349): Սա ցուցում է: Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ քրդերը լսեին, իհարկե, նրանք ավելի ողջամիտ են, քան այս Դեմոյան կոչվածը, կարող են իրենց հարաբերությունները սրել այնտեղի հայերի հետ: Երբ Դիարբեքիրում հայկական եկեղեցի են վերանորոգում, թուրքական պառլամենտում հայկական հարց են բարձրացնում, մեր Պատմության ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանվում, որտեղ տառացիորեն գրված է այդ ցուցումը:



Երկրորդ վտանգավոր կոչն այն է, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը միջազգային իրավաբանական փորձաքննության ենթարկի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի լեգիտիմությունը Հայաստանի Հանրապետության սահմանների մասին: Ո՞ւմ է ուղղված այս կոչը. համենայնդեպս ոչ Հայաստանին եւ ոչ էլ հայերին: Միջազգային իրավունքի հայ մասնագետները (Ջոն Կիրակոսյան, Յուրի Բարսեղով, Արա Պապյան) շարունակ շեշտել են, որ ԱՄՆ նախագահի իրավարար վճիռը հենց ԱՄՆ օրենքներով ենթակա չէ վերանայման`  անբեկանելի է եւ անժամկետ, դրա իրավականության ուժը, օրինականությունը ենթակա չեն քննության: Փորձաքննության ենթարկել, որպեսզի չեղյա՞լ համարվի Սեւրի դաշնագիրը. ուրիշ ինչպե՞ս կարելի է հասկանալ: Հայերը երբեք կասկածի տակ չեն առնում, սա Թուրքիային է պետք:



- Իսկ մեր Պատմության ինստիտուտում նման գիտական թեզը հաջողությամբ պաշտպանվում է եւ ընդունվում: Այդ մասին ի՞նչ կասեիք:



- ԳԱԱ  Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհուրդը, որքան ինձ հայտնի է, բաղկացած է շուրջ 20 անդամից, որոնցից ընդամենը հինգն են Պատմության ինստիտուտի գիտաշխատողներ, իսկ մնացյալը «խառը ցիկլից» են: Հասկանալի է, որ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «փոքրամասնությունը», որքան էլ անաչառ, անկարող է հաղթահարել այլ կազմակերպությունները ներկայացնող մեծամասնության դիրքորոշումը, եւ ԲՈՀ-ը անհրաժեշտորեն պետք է վերանայի այդ կազմը: Պարզապես պաշտպանության ժամանակ ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկա չի եղել, փոխարենը նիստը վարել է Բաբկեն Հարությունյանը՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ:



Հայկ Դեմոյանն այդպիսի տխմար լեզվով ատենախոսություն է գրել, ինստիտուտը հաստատել է, իսկ ԲՈՀ-ը չի հաստատել վկայագիր տալու մասը միայն, հանձնարարել է անցկացնել կրկնական քննություն եւ մասնագիտական խորհրդի որոշումն ուղարկել իրենց: Դա էլ չեն արել, փոխարենը ուղարկել են մի հանձնաժողովի եզրակացություն, որ իբրեւ թե նոր տարբերակով մշակվել է, եւ ոչ մի թերություն չկա: Եթե անգամ լեզուն են ուղղել, գաղափարական կողմն անհնար է ուղղել:



Ես վերցրեցի այդ վերափոխված տարբերակը, եւ նույնքան աղտեղություն կար մեջը, այդ հանձնաժողովի տված դրական կարծիքը կեղծ է եւ հիմնված չէ փաստացի ստուգման վրա, ինչպես հաստատում են, այսպես կոչված, «վերափոխված» տարբերակում իմ բացահայտած տասնյակ ու տասնյակ ռուսերեն լեզվաոճական անհեթեթությունները: Ես իմ դիտարկումներն անմիջապես ուղարկեցի ՀՀ ԲՈՀ-ին: ԲՈՀ-ն այժմ կանգնած է մի փաստի առաջ, երբ, հակառակ նրա հանձնարարությանը, չի ներկայացվել կրկնական քննության վերաբերյալ մասնագիտական խորհրդի որեւէ եզրակացություն:



Վերջինիս անդամները հրաժարվել են քվեարկությամբ հաստատել ատենախոսությունը վերափոխելու մասին ստուգիչ հանձնաժողովի դրական կարծիքը` ապրիորի համոզված լինելով, որ այդ դրական կարծիքը ձեւական բնույթ է կրում, ինչպես լինում է հաճախ նման դեպքերում, չխոսելով արդեն այն մասին, որ կրկնական քննություն, որպես այդպիսին, փաստորեն տեղի չի ունեցել հայցորդ Հ. Դեմոյանի ցուցադրական բացակայության հետեւանքով:



Գոնե այս մի դեպքում ԲՈՀ-ն անկողմնակալ է վարվել, քանի որ ինստիտուտի կողմից հաստատումը կար, նրանք կարող էին աչքերը փակել եւ տալ վկայագիր, բայց, հավանաբար, հաշվի առնելով, որ այնքան խայտառակ է վիճակը, ատենախոսությունը ետ են ուղարկել, որ վերափոխվի: Բայց, կրկնում եմ, վերափոխված տարբերակը նույն խայտառակությունն է: Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում «ատենախոսությունը վերափոխել»:



Ենթադրենք, թե ԵՊՀ ռեկտորի հրամանով մի խումբ ռուսագետներ եւ պատմաբաններ ուղղեցին հիշյալ ատենախոսության անհաշիվ լեզվական եւ բովանդակային անհեթեթությունները, դրանից Հ. Դեմոյանի մակարդակը հո չի՞ կարող բարձրանալ, չխոսելով արդեն գիտնականից շատ հեռու նրա մարդկային եւ անհատական էթիկայի մասին, որը չափազանց կարեւորվում է ԲՈՀ-ի աստիճանաշնորհման կանոնակարգով:



- Ովքե՞ր են եւ ինչպե՞ս են այսօր գիտական թեզեր պաշտպանում:



- Ես երկու գիտական խորհրդի անդամ եմ` հայ գրականության եւ արտասահմանյան գրականությունների, եւ դիսերտացիաների պաշտպանության ամբողջ ընթացքն ինձ զզվեցրել է արդեն, բանը հասել է նրան, որ 24-25 տարեկան նորավարտ աղջիկներն են սկսել պաշտպանել դիսերտացիա: 28-30 տարեկանը կարծես թե արդեն ուշացած է: Վերցրեք ցուցակները, հատկապես Երեւանի պետական համալսարանի, մասսայաբար այդպես է:  Դեռ չկարողանալով մի հոդված գրել, արդեն դիսերտացիաներ են պաշտպանում:



Երբ հանկարծ սխալվում ու համաձայնում ես նշանակվել ընդդիմախոս, միայն թե տեսնեք, թե ովքեր են աջուձախից  միջնորդություններ անում  ամեն պաշտպանությունից առաջ: Եթե մեկը մի կերպ գրել է դիպլոմային աշխատանք, այդ դիպլոմայինից գրեթե չի տարբերվում ատենախոսությունը: Մնում է ընդարձակել պահանջված էջերի քանակով, ընդարձակել նաեւ գրականության ցանկը` կարդացած ու չկարդացած գրքերի անուններով. նույն դիպլոմային աշխատանքը դառնում է ատենախոսություն: Վերջին տարիներին գիտության, ինչպես եւ ԲՈՀ-ի համար, նոր գլխացավանք են դարձել ինտերնետից քաշվող թեմաները` հատկապես ռուս եւ արտասահմանյան գրականությունների գծով: ՀՀ ԲՈՀ-ը պետք է պարտադիր որոշում ընդունի` այդպիսի մի դեպք հայտնաբերելիս զրկել տվյալ անձնավորությանը գիտական թեզ պաշտպանելու իրավունքից:



- Երբվանի՞ց սկսվեց այդպես շռայլորեն կոչումներ բաժանելը եւ հեշտուհանգիստ ճանապարհով գիտական աստիճան ձեռք բերելը:



- Հիմնականում այս անկախության շրջանում: Ցավոք, հիմա ատենախոսություն պաշտպանելը դարձել է մոդա եւ գրեթե հասել դիպլոմի պաշտպանության մակարդակի, չկա ամիս, որ մի քանի դիսերտացիա չպաշտպանվի: Հաշվեք, թե տարբեր բուհերում եւ գիտական հաստատություններում պաշտպանելով՝ քանի հոգի է դառնում գիտության թեկնածու, եւ դրանք նոր տերմինով կոչվում են դոկտորներ, իսկ արտասահմանում թեկնածու դոկտորը եւ գիտության դոկտորը  գրեթե իրարից չեն տարբերակվում:



Սա հաշվի առնելով՝ փոխանակ ավելի խստացնեն պահանջները, հակառակն են անում, դրան էլ գումարած՝ պաշտպանում են բացահայտ ծամծմված թեմաներ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ես, որպես ընդդիմախոս, դեմ եմ արտահայտվել, բայց տարել-ատենախոսությունը հաստատել են, որի իրավունքը չունեին:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ