«Մուլտի ագրո»-ում սննդի անվտանգության խախտումներ կան

«Մուլտի ագրո»-ում սննդի անվտանգության խախտումներ կան
Սննդամթերքի անվտանգությունը մեր երկրում լուրջ խնդիր է, բնակչության շրջանում հայրենական արտադրատեսակների նկատմամբ միանշանակ վստահություն չկա: Թեեւ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում արտադրամասերում ու բացահայտված խախտումները թմբկահարվում, միեւնույն է՝ հայրենի արտադրողները շարունակում են սեփական բյուջեն ուռճացնելու նպատակով անբարեխիղճ գործունեությունը` սպառողներին խաբելով, օրենսդրության պահանջները շրջանցելով: Այս խնդրին պարբերաբար անդրադառնում է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության նիստերին նա հաճախ է այս թեմայով խստաշունչ ելույթ ունենում` կարեւորելով սննդի անվտանգությունը, ոլորտի վերահսկողությունը: Ավելի քան երկու ամիս առաջ, երբ նոր էր կառավարության չարչրկված ծրագիրն ԱԺ ներկայացրել, դարձյալ Տիգրան Սարգսյանն այդ ոլորտի բարեփոխումներին նվիրված ելույթ ունեցավ, սպառնալով` եթե շուկայում հայտնաբերվի որեւէ  սննդամթերք, եւ պարզվի, որ ձեռնարկություններն իրենց անվտանգության համակարգը ճիշտ չեն շահագործում, կպատժվեն։ «Ձեւական ստուգումից անցնում ենք բովանդակային ռիսկերի գնահատմանը»,-հայտարարեց վարչապետը:



Չնայած այս նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: Մեզ հասած տեղեկություններով, կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» եւ մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող «Բիո-կաթ» կաթնամթերքի արտադրամասերում:



Ըստ մեր տեղեկությունների, պարզվել է, որ վերոնշյալ ընկերություններում կաթին սոդա են խառնում, ինչը վնասակար է առողջությանը (սոդան կաթի թթվելը կանխելու համար է): «Մուլտի ագրո»-ում նաեւ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկայության մասին մակնշման մեջ կա համապատասխան գրառում: Բնականաբար, նման գրառում գոյություն չունի ապրանքատեսակի մակնշման  մեջ: Մեր տեղեկությունները հաստատեցին նաեւ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում:



Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտություն կա կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում տեսչական գործառույթ իրականացնելու, նախօրեին համապատասխան արձանագրություն է կազմվել, ու մեկնարկել են տեսչական ստուգումները: Դիտարկման ընթացքում բացահայտված այս խախտումներին չանդրադարձավ, միայն նշեց, որ ստուգումների ընթացքում կբացահայտվեն բոլոր խախտումները, ու ըստ այդմ պարզ կլինի պատժաչափը:



Նշենք, որ ցանկը վերոնշյալ ընկերություններով չի սահմանափակվում, ընդգրկված են նաեւ չորս խոշոր ընկերություններ, որոնք նույնպես խախտում են թույլ տվել ու հայտնվել Սննդի անվտանգության տեսչության ռեւիզորների ուռկանում: Ստուգումները մեկնարկել են սեպտեմբերի 3-ից: Արդյունքների մասին պարզ կլինի 10-15 օրից: Մեզ մնում է հետեւել, թե համապատասխան մարմիններն ինչպես կվարվեն օրենքը ոտնահարած արտադրողների հետ: