Թե ինչպես օպերի ուռկանում հայտնվեց ավագ դատախազը

Թե ինչպես օպերի ուռկանում հայտնվեց ավագ դատախազը
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչիկ Բաղդասարյանի մասնակցությամբ հանցագործության մասին պաշտոնական տեղեկություններից բացի, որոշ մանրամասներ կան, որոնք բացահայտում են այն իրավիճակը, որ տիրում է իրավապահ մարմիններում:



Նշենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել  էր, որ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը եւ այն գրավադրելով իր ծանոթի անվամբ` որպես վարկ ստացել է  4 մլն 400 հազար դրամ ու խաբեությամբ հափշտակել: Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս. Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրացման վկայականը, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ` ստացել է 43 հազար դոլարի վարկ եւ հափշտակել:



Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ եւս 40 հազար դոլարի վարկ մեկ ուրիշ անձի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ այն բացահայտվել է, ավելին՝ պարզվել է, որ խարդախներին հանցակից է ավագ դատախազ Խաչիկ Բաղդասարյանը, ով կեղծ գործարքներին ընթացք չտալու պայմանով պահանջել է նրանցից 9 հազար դոլար կաշառք: Ինչի արդյունքում էլ գործը բացահայտվել է, եւ սույն դատախազը դիմել է փախուստի:



Մեզ հասած տեղեկություններով, Խաչիկ Բաղդասարյանն  ինֆորմացիա է ստացել, որ մի խումբ մարդիկ կեղծ փաստաթղթերով վարկային կազմակերպություններից խաբեությամբ խոշոր գումարներ են ստանում եւ հափշտակում: Սակայն, հանցագործության մասին իմանալով, ոչ թե տեղեկացրել է համապատասխան մարմիններին, այլ սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել գործի «բացահայտմանը»: Տեւական ժամանակ հետաքննելով` իր համար պարզել է, թե ինչն ինչոց է: Ապա պրիմիտիվ եղանակով հանդիպում է կազմակերպել հանցախմբի պարագլխի հետ: Ճշտելով նրա բնակության հասցեն` գնացել է այնտեղ ու մեկի միջնորդությամբ ոմն Ափոյանի հետ հանդիպում կազմակերպել իր մեքենայում: Ներկայանալով համակարգի ներկայացուցիչ` նկարագրել է իր սեփական հետաքննության «արդյունքը» եւ ըստ այդմ՝ նրանց գլխի գալիքը: Ապա ավագ դատախազը  պահանջել է իր «փայը» խարդախությունից, հակառակ դեպքում սպառնացել է գործին ընթացք տալ: Դե, բնականաբար, կողմերը,  փոխշահավետ համաձայնության գալով, շարունակել են աշխատել:



Մինչ նա կհասցներ իր աշխատանքի պտուղները վայելել, հանկարծ հայտնվել է ոստիկանության օպերների տեսադաշտում: Գործը քննվել է եւ ուղարկվել վերադասին՝ ՀՀ գլխավոր դատախազություն: Որոշ տեղեկությունների  համաձայն, դատախազությունում մի քանի օր համակողմանի «ուսումնասիրվել» է գործը, մտմտացել են, թե ինչպես փրկեն իրենց կոլեգային, սակայն, հավանաբար հաշվի առնելով երկու  գերատեսչությունների միջեւ դարերից եկող հակամարտությունն ու հետագա խնդիրների հավանականությունը, դատախազը գործին ընթացք է տվել:  Դրան հաջորդել է դատախազության հաղորդագրությունը, հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու եւ դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Նշենք, որ գործի վերաբերյալ հաղորդագրությունը տարածվել է մոտ 5 օր ավելի ուշ` սեպտեմբերի 11-ին: Ի դեպ, խոսակցություններ կան, որ այս դատախազը հափշտակության մեջ մենակ չի գործել՝  կոլեգա օգնական էլ է ունեցել, բայց նրա մասնակցության հարցը դեռ ուսումնասիրվում է: Նշենք, որ Խ. Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նա փախուստի մեջ է: Հայտարարվել է հետախուզում: