Այսպես որ գնա, իշխանությունը կվերածվի ՀՀԿ-ական կուսակցական կլուբի

Այսպես որ գնա, իշխանությունը կվերածվի ՀՀԿ-ական կուսակցական կլուբի
Հայաստանին կառավարման այլ համակարգ է պետք: Մեր թթու դրված իշխանավորներից ազատվելու միակ ձեւը դա է: Վատ բան չի թթու ուտելը, բայց թթվից հետո բերանդ մի բան չգցե՞ս…Անընդհատ կուսակցականացված նույն նախարարները, փոխնախարարները, մարզպետները, փոխմարզպետները, քաղաքապետերը, փոխքաղաքապետերը… Բոլ չեղա՞վ, հերիք չեղա՞վ… Ծննդատներում կարելի է օրենք մտցնել, որ յուրաքանչյուր ծնվողի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի կրծքանշան տան… Ամոթ է, կոմունիստական զավեշտի է վերածվում այս խաղը: Իշխանությունն էլ զգում է, որ ամոթ է, այդ առումով ՀՀԿ-ի երեսը պարզ անելու համար, որպես այլընտրանք, քաղաքական դաշտ մտցվեց ԲՀԿ-ն: Այս էլ քանի տարի՝ ընտրությունները ցույց են տալիս, որ հանրության գործոնը չունի այն ուժը, որպեսզի իշխանափոխություն կատարվի: Կուսակցության նախագահներն իրենց անձնային հարաբերությունների «ռազբիրատից» այն կողմ չեն անցնում, չեն մոբիլիզացնում հանրության պոտենցիալ ուժը: Արհեստական ճանապարհով ստեղծվել է կուսակցական ամենախոշոր գիգանտը՝ ՀՀԿ-ն, որը մանրում ու կուլ է տալիս մանր-մունր կուսակցություններին, նրանցից մեկ-երկուսին պահելով իր կողքին՝ որպես վկայություն բազմազանության…



Կարմիր գիրք են մտել բոլոր այն կուսակցությունները, որոնք հակադրվում էին ՀՀԿ-ին: Այսօր հանրության կողմից բոլոր կուսակցություններն ավել կամ պակաս չափով ընկալվում են որպես իշխանությունից փայաբաժին ուզողներ… Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ պաշտոնների, ծառայությունների աստիճաններով բարձրանում են միայն գիգանտ կուսակցության ակտիվ անդամներն ու նրա «մեջքը քորողները», մնացածը բերանքսիվայր ընկած են:



Այսօր իշխանությունը վերարտադրվում է ոչ թե ժողովրդի, այլ  գիգանտ կուսակցության ու նրա մեջք քորողների կամքով: Հայաստանյան ընտրությունները վերածվել են կոմունիստական ոգով միջոցառումների, որոնք ղեկավարվում են արտաքին գործոնների ազդեցությամբ: Փոփոխություն է հարկավոր, եւ այդ փոփոխությունը պետք է լինի կուսակցական դաշտում: Հսկա գիգանտը եվրոպականացվել ու եվրոամերիկառուսախառը ամայացնում է քաղաքական դաշտը՝ ողջ համակարգն առնելով իր մեջ: Վերջ պետք է տրվի կուսակցական համակարգով նշանակումներին, հանրապետության մտավոր ներուժը միայն կուսակցական գործիչները չեն: Հանրության միասնականության, ամբողջականության պահպանման առումով, հարկավոր է երկիրը զերծ պահել հանրապետականացման գործընթացից:



ՀՀ նախագահը, լինելով ՀՀԿ-ի նախագահը, ժողովրդի գիտակցության մեջ ամրագրում է այն փաստը, որ ինքը հանրապետականների նախագահն է, մանավանդ որ բոլոր պաշտոնները փեշքեշ են արվում կարող ու անկարող հանրապետականներին: Ժողովուրդն ի՞նչ մտածի, երբ պաշտոնների վրա թառած են միայն հանրապետականներն ու նրանց բեղ սղալողները: Հանրապետության նախագահը, ինչպես բազմիցս տեսական կարգով գործող նախագահն է հայտարարել, բոլորի նախագահը պետք է լինի, մինչդեռ այսօր անգամ նորածինը գիտի, թե նա ինչքանով է բոլորի նախագահը: Հարկավոր է իշխանությունը քայլ առ քայլ տարանջատել կուսակցությունից, այլապես այն կվերածվի ՀՀԿ-ական կուսակցական կլուբի:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ