Որոշողը ժողովուրդն է, ոչ թե Կարեն Բեքարյանը

Որոշողը ժողովուրդն է, ոչ թե Կարեն Բեքարյանը
Եվրոինտեգրման խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը «Ի՞նչ հարցեր քննարկեցին օգոստոսի 8-ին, Մոսկվայում, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները» Հ1-ի քաղաքական մեկնաբանի հարցին պատասխանեց, որ Եվրասիական միության վերաբերյալ խոսք չի եղել, մենք գնում ենք Եվրամիություն:



Հարգելի քաղաքական գործիչ, գիտե՞ք, որ  Եվրամիության անդամ ընդունվում են այն պետությունները, որոնք ունեն զարգացած եւ ժամանակակից պահանջներին ու միջազգային ստանդարտներին համապատասխանող տնտեսություն` բարձրորակ ապրանքների արտադրություն եւ զարգացած գյուղատնտեսություն, իսկ Հայաստանը թույլ զարգացած երկիր է, յուրաքանչյուր բնակչին ՀՆԱ-ից բաժին է հասնում 3.100-3.200 դոլար, որը հումք է վաճառում Եվրոպային, արտահանումը 3 անգամ պակաս է ներկրումից, ուրիշի պատրաստի արտադրանքն իր երկրում վաճառելով՝ ոչ տնտեսությունն է զարգանում եւ ոչ արտաքին պարտքն է փակվում: Նման երկիրը Եվրամիության հետաքրքրության առանցքում չի կարող լինել:  Եթե ազգդ Եվրոպա տանելու նախաձեռնություն եք հանդես բերում, դա օրինաչափ է` յուրաքանչյուր քաղաքական գործչի նպատակն է իր քաղաքական հայացքներով ու գաղափարներով,  հային  բնորոշ աշխարհընկալմամբ  ստեղծել պետություն` ապահովելով պետության անվտանգությունը, ազգի սոցիալական վիճակի բարելավումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը: Բայց կան իրողություններ եւ պատմական ճշմարտություններ, որոնք դարերի ընթացքում անցել են փորձության ճանապարհով, եւ նրանց հետ հաշվի չնստել չենք կարող:



- Անհրաժեշտ է իրականացնել համաժողովրդական, բնականաբար,  չկեղծված հանրաքվե:



- Պատմության այն անբեկանելի փաստը, պայմանավորված Հայաստանի աշխարհագրական դիրքով` ընդմիշտ պարտադրված լինելու գոյատեւել թուրքական պետությունների շրջապատում: Նման իրավիճակը մեզ թելադրում է Ռուսաստանի հետ պահպանել եւ խորացնել բարեկամությունը, բնականաբար՝ հավասարը հավասարի հետ:



- Արցախյան հիմնահարցի լուծումը, առանց որի Հայաստանն առինքնող ապագա չի ունենա:



- Ռուսաստանի Դաշնության` մեր ռազմավարական գործընկերոջ հետ կնքած ռազմաքաղաքական համատեղ պայմանագիրը, որը 40 տարով երկարացվեց, եւ ռուսական զորքերի հետ համատեղ Հայաստանի սահմանի պահպանումը դիտվում է որպես երկուստեք շահեկան:



- Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին` Կոլեկտիվ անվտանգության խորհրդին:



- Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող 2.5 միլիոն հայերի գոյության մասին, ովքեր  տարեկան 2.0 մլրդ դոլարին համարժեք օգնություն են ուղարկում իրենց բարեկամներին, որով եւ հիմնականում փակվում է տարեկան արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը:



- Համատեղելի՞ է արդյոք մեր եւ Թուրքիայի՝ երկուստեք Եվրամիության անդամ դառնալու փաստը, որպես Արեւմուտքի կողմից ճանաչված մեր տարածաշրջանի ՆԱՏՕ-ի գլխավոր ներկայացուցիչը: 1974թ. թուրքերը զավթեցին Կիպրոսի մի հատվածը, որը հանդիսանում էր ՆԱՏՕ-ի անդամ: Չնայած միջազգային կառույցների պահանջներին, նա չի հեռանում Կիպրոսից: Չի բացառվում, որ նման ոճրագործություն կատարվի նաեւ Արցախի եւ Զանգեզուրի նկատմամբ, եթե մեր ռազմավարական գործընկերոջից` Ռուսաստանից, երես թեքենք:



Պարոն Բեքարյան, եթե Ձեր մտքի թռիչքով ու գիտելիքներով կկարողանաք տալ թվարկված հարցերի լուծումը եւ մի քիչ էլ խորանալ հայոց պատմության արմատների մեջ, կհամոզվեք, որ 1915թ. Հայոց եղեռնի կազմակերպման եւ ծրագրավորման գործում Եվրոպան իր բաժինն ունի: Օգոստոսյան հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը հայտնեց, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հատել է 1.0 մլրդ դոլարի սահմանը, եւ այն 2-3 տարի անց կկրկնապատկվի ու նույնիսկ կեռապատկվի: Հայաստանում արտաքին ներդրողների մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 2.8-3.0 մլն դոլար՝ ավելի շատ մյուս բոլոր ներդրող երկրներից:  Ռուսաստանի նախագահը շարունակեց, որ երկու պետությունների առջեւ կանգնած են խնդիրներ տնտեսության ոլորտում, եւ Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված է տեսնել Հայաստանն ուժեղ, մրցունակ եւ զարգացած անկախ պետություն:



Խոսվել է նաեւ, որ Եվրասիական միությանն ինտեգրվող  պետությունները միասին կկազմեն հանձնաժողով, որով Հայաստանն էլ ավելի կկարգավորի իր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ: Ներկայացվել է նաեւ, որ պետք է մշակվի  Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման պլանը մինչեւ 2020 թթ. եւ ճանապարհային քարտեզի ստեղծումը: Նման վերաբերմունքն իսկական դաշնակցային մոտեցում է, որը կհանգեցնի երկու երկրների միջպետական հարաբերությունների որակական նոր փուլին: Օգոստոսյան, ես կասեի՝ պատմական հանդիպումը հստակեցրեց բոլոր անհարթությունները, եւ պարզորոշ ուրվագծվեց Հայաստանի Եվրասիական միություն գնալու ճանապարհը, որն անցած 22 տարիների մեր ժողովրդի ձեռքբերումների հանրագումարն է: Հայաստանում հազիվ թե գտնվի մի ուժ, որ պետության արտաքին քաղաքական վեկտորը միանգամից թեքի դեպի Արեւմուտք:



Հարգելի պարոն Բեքարյան, խնդրում եմ ազգային կարեւոր հարցերի մասին խոսելիս եղեք խորամիտ եւ նրբանկատ, մեր օրերում իրավիճակային փոփոխությունները կապված են անցանկալի զարգացումների հետ: Առաջ ընկնելը վտանգավոր է եւ կարող է բերել սայթաքման, իսկ Ձեր՝ քաղաքական գործչի առաքելությունը հասարակությանը ճիշտ եւ անսխալ խորհուրդ տալն է: Հարցը լուծողն իհարկե ժողովուրդն է: Նրան թողնենք իր ճակատագրի տնօրինման իրավունքը:



Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ



կոմունիստ