Երիտասարդները՝ լուծելի-անլուծելի խնդիրների մեջտեղում

Երիտասարդները՝ լուծելի-անլուծելի խնդիրների մեջտեղում
20-ամյա Լուսինե Նազարյանը ծնվել եւ մեծացել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում, սակայն ուսում ստանալու նպատակով ընտանիքով եկել եւ հաստատվել են Երեւանում: «Այնտեղ ամեն ինչ վաճառեցինք եւ տեղափոխվեցինք Երեւան. պատճառը ոչ թե Երեւանում ապրելու ցանկությունն էր, այլ այն, որ պետք է միայնակ ապրեի վարձով»: Ինչպես ասում է Լուսինեն, այդ խնդրին բախվում է մարզում ապրող երիտասարդներից յուրաքանչյուրը, չնայած կան այնպիսի բուհեր, որոնք ունեն իրենց հանրակացարանները, եւ այնտեղ բնակվում են միայն տվյալ բուհում սովորղ ուսանողները:



Լուսինեի հայրը, Երեւան տեղափոխվելուց հետո աշխատանք չգտնելով, մեկնել է արտագնա աշխատանքի: «Չգիտեմ՝ ճիշտ քայլ կատարեցինք, թե ոչ, բայց հույս եմ տածում, որ ուսում ստանալուց հետո աշխատանք կգտնեմ»: Մարզերից քիչ չեն մայրաքաղաքի բուհերում բարձրագույն կրթություն ստացած այն երիտասարդները, ովքեր ցանկություն չեն ունենում այլեւս վերադառնալ ծննդավայր: «Եթե ուսումս ավարտելուց հետո մասնագիտությանս համապատասխան աշխատանք գտնեմ մեր մարզում, այնտեղ կաշխատեմ, թեպետ կարծում եմ` Երեւանում աշխատանքի տեղավորվելու հավանականությունն ավելի մեծ է»,- ասում է Արմավիրի մարզի բնակիչ, ԵՊՀ ուսանող Սուրեն Հայրապետյանը` հավելելով. լավ կլիներ, որ բարձրագույն կրթություն ստանային հենց իրենց մարզերում, այդ դեպքում հնարավոր կլիներ երիտասարդներին համախմբել եւ մարզում ակտիվ գործունեություն ծավալել:



Շիրակի մարզում կան երիտասարդներ, ովքեր սովորում, աշխատում եւ գործարարությամբ են զբաղվում մարզում, բայց ակնկալում են պետության աջակցությունն ու հոգածությունը: «Գյումրիում աշխատանք գտնելուց դժվար բան գոյություն չունի, սակայն, ի տարբերություն այլ մարզերի, մեզ մոտ շատ են հասարակական-բարեգործական կազմակերպությունները, որտեղ երիտասարդները, ըստ իրենց մասնագիտության, կարողանում են ինչ-որ աշխատանք կատարել: Դա մեզ համար ապագա չէ, քանի որ այդտեղ աշխատելով, գումար չես վաստակում, որպեսզի կարողանաս ընտանիք կազմել եւ ապրել»,- ասաց 22-ամյա Մարինե Իսաբեկյանը` երիտասարդներին խորհուրդ տալով ակտիվ լինել եւ իրենց խնդիրները ներկայացնել իշխանություններին:



Եթե այս երիտասարդները, դժվարություններ հաղթահարելով, հույս ունեն, որ կարող են ինչ-որ տեղ աշխատանքի անցնել, ապա 24-ամյա Սամվել Հայրապետյանը ծնողներին միայնակ չթողնելու եւ ֆինանսների սղության պատճառով հարկադրված է եղել մնալ ծննդավայրում՝ Գյումրիի Հովիտ գյուղում: Երիտասարդն զբաղվում է հողագործությամբ, որն այնքան էլ մեծ եկամուտ չի բերում, եւ, ինչպես Սամվելն է պատմում, նա երբեք չի ցանկացել հողագործ դառնալ: «Ամբողջ ձմռանը գործ չունեմ, այդ ժամանակ հիմնականում զբաղվում եմ ընթերցանությամբ, սակայն մեր գյուղում այնքան էլ շատ գրքեր չկան, եւ հին հրատարակումներ են: Կարող եմ ասել, որ գրքեր կարդալուց զրկված ենք որոշ մարզերի բնակիչներս»:



Ուսանողները դժգոհում են նաեւ այն բանից, որ իրենց մարզերում ոչ միայն աշխատանք չեն կարողանում գտնել, այլեւ չգիտեն ազատ ժամանակն ինչպես տնօրինեն: Անի Հայրապետյանն այս տարի ընդունվել է ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետ: Աղջիկը դեռ աշխատանք չի փնտրում եւ ոչ էլ մտածում է այդ ուղղությամբ. «Ցանկանում եմ ուրախանալ, ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացնել, բայց այդ ամենը չեմ կարող հարազատ գյուղում` Արարատում անել, այնտեղ նմանատիպ հարմարություններ չկան, նույնիսկ եթե ցանկանում ենք մասնակցել որեւէ մշակութային միջոցառումների, պետք է երկար ճանապարհ կտրենք-անցնենք»: Եվ հավելում է, որ իրենց գյուղում անգամ զբոսնելու հնարավորություն չկա՝ այգիներ, խաղահրապարակներ չունեն: Իսկ վերջում, համեմատություն անցկացնելով մեր օրերի եւ սովետական տարիների միջեւ, 54-ամյա Լաուրա Հարությունյանը կարծում է, որ այն ժամանակներում, երբ իրենք ուսանող էին, պետության կողմից ամեն ինչ արվում էր, որպեսզի երիտասարդներն անաշխատանք չմնային: «Ժամանակները փոխվել են, փոխանակ առաջ գնալու, մեզ մոտ, հատկապես մարզերում, հետզարգացում ենք ապրում»:



 Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ