40 տոկոս աշխատավարձի բարձրացում կրճատումների հաշվի՞ն

40 տոկոս աշխատավարձի բարձրացում կրճատումների հաշվի՞ն
Օրերս Երեւանի պետական մանկավարժական համալսարանի (ԵՊՄՀ) խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին հանձնարարեց 40 տոկոսով բարձրացնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: Այդ արհեստական ներկայացման մեջ մասնակիցներից յուրաքանչյուրն ուներ իր դերը. վարչապետը` որպես սոցիալական խնդիրներ լուծող հոգատար խորհրդի նախագահ, ռեկտորը` որպես բուհն առաջնային շարքեր դուրս բերող բարեփոխիչ:



Մինչ մյուս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը  կհասցներ լրջորեն նախանձել ԵՊՄՀ-ի իր գործընկերներին,  Մանկավարժական համալսարանում աշխատանքից ազատել էին մի շարք դասախոսների, իսկ զգալի մասի առարկայական ծանրաբեռնվածությունը կրճատել քառորդ կամ կես դրույքով: Այդ մասին մեզ տեղեկացրին համալսարանի դասախոսներից մի քանիսը՝ չցանկանալով, սակայն, ներկայանալ: Ըստ ԵՊՄՀ-ի դասախոսների, ըստ էության, ոչ մի աշխատավարձի բարձրացում էլ չի լինելու, քանի որ այդ աշխատավարձերը բարձրացնելուց հետո անգամ դրանք չեն հասնի նախորդ ուսումնական տարվա մակարդակին՝ այն պարզ պատճառով, որ դրույքաչափերի կրճատումը չի փոխհատուցվում անգամ աշխատավարձերի բարձրացմամբ: Իսկ երիտասարդ կադրերի ներգրավելու անվան տակ, առանց հիմնավոր բացատրության, աշխատանքից ազատվում են ոչ երիտասարդ դասախոսները:



Դասախոսների պնդմամբ՝ աշխատավարձերը բարձրացվում են ոչ թե ուսումնական տարվա սկզբից, ինչպես կանխավ հայտարարել էր կրթության եւ գիտության նախարարը ողջ բուհական համակարգի համար, այլ միայն նոյեմբերից: Դա էլ մասամբ հարցական է, քանի որ աշխատանքային պայմանագրերն արդեն բաժանվել են դասախոսներին գործող՝ չբարձրացված  աշխատավարձերով: Քառասունը, փաստորեն, իշխանության սիրած թիվն է: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էր  հայտարարում քառասուն հազար բացված աշխատատեղերի մասին: Հիմա էլ՝ Տիգրան Սարգսյանը:



Կրճատումների, դասախոսական անձնակազմի աշխատավարձերի հարցով կապվեցինք ԵՊՄՀ-ի լրատվական վարչության հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ 40 տոկոս բարձրացման դեպքում դոկտոր-պրոֆեսորի աշխատավարձը կդառնա 265 հազար դրամ, իսկ դոկտոր-պրոֆեսոր դեկանինը՝ 365 հազար, գումարած 10 հազարական դրամներ՝ կոչում ունեցողներին: Ինչ վերաբերում է երիտասարդ կադրերի ներգրավելու անվան տակ կրճատվող ավագ սերնդի դասախոսների խնդրին, ապա, ըստ ԵՊՄՀ-ի, ավագ սերնդից ազատվելն ինքնանպատակ չէ. «Եթե 2 տարի առաջ ԵՊՄՀ-ում դասավանդում էր 1 ԳԱԱ անդամ, հիմա 17 ակադեմիկոս է դասավանդում, եւ եթե ինչ-որ մարդիկ դուրս են մնացել, եւ նրանց հետ պայմանագիր չի կնքվել, ապա՝ խիստ օբյեկտիվ պատճառներով: Կրճատումը գնում է զուգահեռ նոր կադրերի ներգրավմամբ»: Լրատվական վարչությունից երեկ նաեւ ասացին, որ չեն տիրապետում այն ինֆորմացիային, թե աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացում արվել է այդ կրճատումների՞ հաշվին, եւ կոնկրետ քանի՞ հոգի է կրճատվել, շա՞տ են արդյոք այն դոկտոր-պրոֆեսոր դեկանները, որ ստանալու են 365 հազար դրամ: