Վերադարձի փառատոնը ընդլայնում է շրջանակները

Վերադարձի փառատոնը ընդլայնում է շրջանակները
Վաղը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Դասական երաժշտության վեցերորդ`  Վերադարձի փառատոնի շրջանակնակներում կկայանա «Ֆրատրես» տրիոյի համերգը. որը նվիրված է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին: «Փառատոնի շրջանակներում արդեն երկու համերգ կայացել է, առաջիկայում ևս հինգ ելույթ պետք է իրականացնենք»,-ասաց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 18-ին, ցավոք սրտի, չեն կայանալու Հայաստանի երիտասարդական նվագախմբի և Վերադարձի փառատոնի կազմկոմիտեի հետ նախատեսված «Արամ Խաչատրյան-վերադարձ» միջոցառումները նյութական խնդիրների պատճառով:



Ըստ Շահինյանի, փառատոնի ձեռքբերումներից մեկն այն է, որ սկզբում մասնակցում էին միայն արտերկրում բնակվող մեր հայրենակիցները, իսկ այսօր արդեն գալիս են նաև այլազգի երաժիշտներ: «Ֆրատրես» տրիո խմբի մասնակիցներից սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը նշեց, որ հետաքրքրական է իրենց կազմը, քանի որ դա կամերային երաժշտության ոչ այնքան դասական կազմ է. «Չնայած Գերմանիայում եմ բնակվում, այնուհանդերձ, հնարավորինս հետևում եմ Հայաստանի մշակութային կյանքին»: Հոկտեմբերի 16 –ին կայանալիք համերգի համար Գերմանիայից Հայաստան է ժամանել նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը. «Այս փառատոնի հիանալի հնարավորություն է` գտնվել Հայաստանում և միաժամանակ ելույթ ունենալ Կամերային Երաժշտության տանը, որը իմ երկրորդ տունն է»,- ասաց նա:



 



Աննա Մաթևոսյան