Մեկ օրում՝ երեք մրցանակ

Մեկ օրում՝ երեք մրցանակ
Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի երեք սաներ արժանացան երեք պատվավոր մրցանակի միջազգային ստեղծագործական ստուգատեսում:



Այդ օրը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցավ «Տաթև» հիմնադրամի նախաձեռնած «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» 6 ամիս տևած մանկապատանեկան մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 6-13 տարեկան երեխաների կողմից ներկայացված ավելի քան 400 գեղանկարչական, քանդակագործական և դեկորատիվ կիրառական արվեստի ժանրին պատկանող աշխատանքներն ուղարկվել էին ժյուրիի քննությանը Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Երեխաներին հանձնարարված է եղել Տաթևիկի երևակայական կերպարը ստեղծագործաբար կերտելու առաջադրանքը:

Բոլոր անվանակարգերում մրցանակների արժանացան նաև Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնից մասնակցած սաները:

Գեղանկարի անվանակարգ, առաջին պատվավոր մրցանակ. այն իր  հետ տարավ Շուշիի «Նարեկացի» կենտրոնի նկարչության խմբակի 11-ամյա սան Հայկ Կիզիրյանն իր «Թռիչք դեպի Տաթև» աշխատանքով: Քանդակի անվանակարգ, երկրորդ մրցանակ. հաղթողն էր Շուշիի «Նարեկացի» կենտրոնի արթ թերապիայի խմբակի 10-ամյա սան Հայկուհի Առուստամյանն, ով պատկերել էր նարնջագույն թևերով երևակայական մի Տաթևիկ, որի քանդակե անշարժության մեջ անգամ թևածում էր ճախրանքի ոգին: Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակ. արժանացավ 11-ամյա Անահիտ Ղազարյանի կերտած Տաթևիկը: Մրցանակն Անահիտին անձամբ հանձնեց ժյուրիի նախագահ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանը, ով իր խոսքում հատուկ մասնավորեցրեց, որ այս մրցանակը ոչ թե մանկան է հանձնում, այլ՝ արվեստագետ

կոլեգայի: