26 հարց` Վարդան Օսկանյանին

26 հարց` Վարդան Օսկանյանին
«Օրերս ընթերցեցի նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանի հարցազրույցը, որը նա տվել էր «Նուվել դ՛Արմենի Մագազին» ամսագրին: Թերեւս չանդրադառնայի այս հարցազրույցին՝ հաշվի առնելով դրա նախընտրական բնույթը, եթե չլիներ մի միտք, որն արտահայտել էր պարոն Օսկանյանը:

Նա բառացիորեն ասել է հետևյալը.

«Յուրաքանչյուր ժամանակահատված իր դրական եւ բացասական կողմերն է ունեցել: Այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ամեն ինչ է վատ վիճակում՝ տնտեսությունը, ժողովրդավարության մակարդակը, բարոյահոգեբանական վիճակը, արտաքին քաղաքականությունը…..»:

Այսինքն, ըստ այս մտքի հեղինակի, Հայաստանը 2008թ. մինչ օրս ապրում է խոր միջնադարում: Ինչեւվիցե, միտքն արտահայտված է, եւ ես՝ որպես ՀՀ Հանրային խորհրդի «Ոչ կառավարական կազմակերպությունների հարցերով» ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախկին անդամ, պարզապես որպես ՀՀ քաղաքացի, որը բացարձակ չի կիսում այս մոտեցումը, ցանկանում եմ մի շարք հարցեր ուղղել պարոն Օսկանյանին՝ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում արձանագրված արդյունքների վերաբերյալ՝ ակնկալելով անաչառ եւ ուղղակի պատասխան ներքոհիշյալ հարցերին:

1. Պարո՛ն Օսկանյան, արդյո՞ք բացասական էր այն, որ 2008թ. ծագած ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն կարողացավ պահպանել չեզոքությունը, այլեւ պահպանեց բարիդրացիական եւ դաշնակցային հարաբերությունները հակամարտող կողմերի հետ, ինչպես նաեւ կարողացավ խուսափել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից, որը հղի էր անկանխատեսելի հետեւանքներով:



2. Արդյո՞ք բացասական էր, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ՝ ՀՀ իշխանությունների ջանքերի ու միջնորդությունների շնորհիվ վերաբացվեց 2006թ. փակված Վերին Լարս անցակետը:



3. Արդյո՞ք արդյունավետ չէին ՀՀ իշխանությունների քայլերը, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ փակվել էին ՀՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող նավահանգիստները եւ երկաթուղին, ու երբ մի գիշերվա մեջ գրեթե անհնարինության պայմաններում կազմակերպվեց եւ Վրաստան ուղեւորվեց մեծ ավտոշարասյուն՝ առաջին անհրաժեշտության բեռները Հայաստան տեղափոխելու համար (հետագայում դրանք դարձան կանոնավոր)՝ այդպիսով կանխելով հասարակության մեջ առաջացող խուճապային տրամադրությունները, իսկ հետագայում ապահովվեց վառելիքի և հացամթերքի անհրաժեշտ պահեստավորում:



4. Արդյո՞ք բացասական էր այն, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ֆինանսական ալիքը շրջանցեց Հայաստանը շնորհիվ այն հանգամանքի, որ ՀՀ-ում ստեղծվել էր ամուր բանկային համակարգ, որը կարողացավ դիմագրավել ֆինանսական ճգնաժամին, եւ որի հեղինակը ներկայիս վարչապետն է, ինչպես նաեւ այն իրողության շնորհիվ, որ ՀՀ-ում գործում է ամենախիստ բանկային կարգավորումներից մեկը: Ավելին, այս ամենի արդյունքում ՀՀ առեւտրային բանկերը ոչ միայն կայուն մնացին ու չսննկացան, այլեւ 2009թ. փակեցին շահույթով:



5. Արդյո՞ք բացասական էր, որ ՀՀ իշխանությունները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում չգնացին պետության սոցիալական պարտավորությունների ու ծախսերի կրճատմանը, չհայտարարեցին սեքվեստր, չնայած էականորեն կրճատվել էին պետական եկամուտները, ինչը տեղի ունեցավ անգամ ԵՄ անդամ երկրներում, եւ դրանով իսկ կանխեցին սոցիալական լարվածության առաջացումը:



6. Արդյո՞ք բացասական էր, որ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը իր գործողություններն ուղղեց, առաջին հերթին, հանքա-հումքային ճյուղի՝ ներառյալ այդ ոլորտի հինգ խոշոր ձեռնարկությունների պահպանմանը, որոնք միասին վերցրած ապահովում էին շուրջ 5000 աշխատատեղ եւ երկրի արդյունաբերության 53%-ը: Ստացված վարկերը ուղղվեցին, առաջին հերթին, հանքարդյունաբերությանը եւ համակարգաստեղծ ձեռնարկությունների պահպանմանն ու զարգացմանը՝ միաժամանակ խնդիր դնելով չկրճատել ոչ մի աշխատատեղ: Այս ամենի վառ օրինակ է Ագարակի պղնձամոլիբդենային կոմիբինատին ցուցաբերված աջակցությունը, որի արդյունքում կոմբինատի 900 աշխատատեղերից ոչ մեկը չկրճատվեց, ինչը, ըստ էության, փրկեց Հայաստանի սահմանամերձ այդ քաղաք-ձեռնարկությունը վերանալուց:



7. Արդյո՞ք բացասական էր կառավարության կողմից ստացված միջազգային վարկերի ներարկումը տնտեսության մեջ, մասնավորապես՝ առեւտրային բանկերին՝ 65 մլրդ. դրամ, հիպոթեկային շուկա՝ 12 մլրդ. դրամ, արտահանող, մթերող, վերամշակող ընկերություններին՝ 30 մլրդ. դրամ, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը՝ 6.4 մլրդ. դրամ, բյուջետային վարկեր՝ 23 մլրդ. դրամ, աղետի գոտում շինարարությանը՝ 77 մլրդ. դրամ:



8. Արդյո՞ք բացասական էր կառավարության որոշումը, որով ավելացված արժեքի հարկից ազատվեցին այն բոլոր ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի անցնում 58.3 մլն. դրամը, ինչը հնարավորություն տվեց շուրջ 34000 փոքր եւ միջին ձեռնարկատերերի, որոնք օգտվեցին այս արտոնությունից, խնայել 11 մլրդ. դրամ:



9. Արդյո՞ք բացասական էր ճգնաժամի պայմաններում կառավարության կողմից շուրջ 122 մլրդ. դրամ ուղղակի ներարկումը տնտեսության իրական հատվածի մեջ, որի շնորհիվ շատ փոքր եւ միջին ձեռնարկություններ ոչ միայն չկրճատեցին աշխատատեղերի քանակը այլեւ ավելացրեցին այն:



10. Արդյո՞ք բացասական էր կառավարության կողմից գյուղացիական տնտեսությունների վարկավորման սուբսիդավորումը, որի շրջանակներում շուրջ 20.8 մլրդ. դրամ ուղղվեց գյուղ. տնտեսությունների վարկավորմանը, որից օգտվեցին 35000-ից ավել գյուղացիական տնտեսություններ:



11. Արդյո՞ք բացասական էր, որ չնայած 2009թ. արձանագրված ՀՆԱ նվազմանը, տնտեսության վարկավորումը աճեց ավելի քան 16%-ով, որը, ըստ էության, բացառիկ ցուցանիշ էր համաշխարհային ֆինանսական միտումների ֆոնին՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ ճգնաժամը ՀՆԱ-վարկեր ցուցանիշը մեզանում կազմել է ընդամենը 7%:



12. Արդյո՞ք բացասական էր կառավարության կողմից հարկային արտոնությունների տրամադրումը (ԱԱՀ-ի երեք տարով հետաձգումը) այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ էին ընդլայնել արտադրությունը եւ նոր աշխատատեղեր ստեղծել, հարկային խրախուսանքներն այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ էին ներմուծողից արտահանող դառնալ, որի արդյունքում խրախուսվեց 22 ընկերության 23 ներդրումային ծրագիր:



13. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել իշխանությունների հակաճգնաժամային քայլերի արդյունքն այն պարագայում, երբ ներդրումները տնտեսության իրական հատվածի մեջ կազմեցին ավելի քան 495 մլրդ. դրամ, պետական տարբեր ծրագրերով վարկավորումը՝ 122 մլրդ. դրամ, կառավարության հաստատած ներդրումային ծրագրերի գումարները՝ 88.5 մլրդ. դրամ, իսկ արդյունաբերող ընկերությունները այդ քաղաքականության արդյունքում ժամանակակից սարքավորումնների տեսքով ներդրեցին ավելի քան 217.9 մլրդ. դրամ:



14. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել ՀՀ իշխանությունների վերոշարադրյալ քայլերը, եթե հաշվի առնենք, որ, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականի, եթե չլինեին վերոշարադրյալ գործողությունները, ապա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում աղքատության մակարդակը կլիներ ոչ թե 34%, այլ շուրջ 52%:



15. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել ՀՀ նախագահի մշտական ուշադրության ներքո սկիզբ առած եւ ընթացող հակակոռուպցիոն պայքարը՝ առաջին հերթին կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների ոլորտում, որոնց արդյունքում նպաստ ստացողների ցուցակից դուրս մնացին շուրջ 17000 «նպաստառու» ընտանիքներ, իսկ ՀՀ կենսաթոշակառուների ցուցակից հանվեցին շուրջ 11000 հանգուցյալ ու բացակայող կենսաթոշակառուներ: Եվ արդեն տնտեսված միջոցների հաշվին սոցիալական նպաստը 21000-ից բարձրացվեց 27000 դրամի, իսկ կենսաթոշակառունների բոլոր խմբերի համար բազային կենսաթոշակը բարձրացվեց 3 անգամ եւ եւս 2 անգամ կենսաթոշակառունների առանձին խմբերի համար:



16. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել այն փաստը, որ այս տարիներին վերանորոգվել է 1155 կմ ավտոճանապարհ, որը կազմում է ՀՀ ճանապարհային ցանցի (8000կմ.) մոտ 15%, կամ պետբյուջեի միջոցներով վերանորոգված ու կառուցված 40 կամուրջների գործարկման իրողությունը:



17. Արդյո՞ք բացասական էր Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումն ու գործարկումը, որը հնարավոր դարձավ կառավարության կողմից ներգրավված ճապոնական վարկի շնորհիվ եւ որի արտադրած ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիայի շնորհիվ հայաստանցիները էլեկտրականության սպառման հատվածում չզգացին 2010թ. ապրիլից գազի շուրջ 40% թանկացումը: Կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ամբողջացումը, որը ավելացրեց էլեկտրաէներգիայի արտահանման ՀՀ-ը ներուժը:



18. Արդյո՞ք բացասական էր Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ավարտն ու գործարկումը, որի շնորհիվ արդեն երկու տարի բնական գազը Հայաստան է հասնում այլընտրանքային այս ուղիով:



19. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել ջրամատակարարման ոլորտում 99 մլրդ. դրամ նեդրումը, որը նշանակում է 423կմ. ոռոգման ջրագիծ, 100 պոմպակայան, 35 ջրամբար, 860կմ. դրենաժ, 32 խորքային հոր:



20. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ իշխանությունների ձեւավորած նպաստավոր միջավայրը, որի արդյունքում այսօր բջջային կապի բաժանորդները ավելի շատ են, քան ՀՀ փաստացի բնակչությունը: Ինտերնետ հասանելիության քարտեզը ընդգրկում է այժմ ՀՀ ողջ տարածքը: Կառավարության աջակցությամբ անցկացվեց նոր օպտիկա-մանրաթելային մալուխ, որի արդյունքում ոչ միայն մատուցվող ծառայության որակը բարձրացավ, այլեւ նվազեցին մատուցվող ծառայություների գները: Մասնավորապես, ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազեց առնվազն 120 անգամ: Արդյունքում, այսօր Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 400 հազարի:



21. Արդյո՞ք բացասական էին իշխանությունների իրականացրած բարեփոխումներն ու ազատականացումը կադաստրի (գործընթացի պարզեցում եւ քաղաքացիների սպասարկման նոր որակի ներդրում), վարորդական իրավունքնների ձեռքբերման (վերացվել է պարտադիր ու անիմաստ տեղեկանքների ձեռքբերումը, մեկ օրինական վճարում-մեկ քննություն), շինարարական թույլտվությունների գործընթացի պարզեցման (7 քայլ եւ 27 օր նախկին 20 քայլի եւ 137 օրվա փոխարեն), ավտոմեքենանների գրանցման ու հաշվառման (այսուհետ իրականացվում է մեկ պատուհանից՝ նորակառույց կենտրոնից), հարկային վարչարարության (հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակի ներդրում, բիզնեսի գրանցման հեշտացում, որն այսօր հնարավոր է իրականացնել 15 րոպեում՝ նախկինում առնվազն վեց գերատեսչություն այցելելու փոխարեն, կամ գրանցել ուղղակի համակարգչով, բիզնես սկսելու համար արտոնագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն) ոլորտներում: Եվ նմանօրինակ 25 բարեփոխում:



22. Արդյո՞ք բացասական էին նախագահ Սարգսյանի նախաձեռնած քայլերը, որոնք միտված էին մեղմացնելու ներքաղաքական լարվածությունը: Մասնավորապես՝ ՀՀ կուսակցությունների հետ թեմատիկ խորհրդակցությունների անցկացումը, Հանրային խորհրդի ստեղծումը, համաներման անցկացումը, արմատական ընդդիմության հետ երկխոսություն սկսելը:



23. Արդյո՞ք բացասական էր ՀԱՊԿ երկրների Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը բարձրացրեց ՀՀ անվտանգության մակարդակը:



24. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների կողմից ընդունված հայտարարությունը, ըստ որի՝ ԼՂՀ հիմախնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Այսպիսով, ազգերի ինքնորոշման իրավունքը առանցքային նշանակություն ստացավ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում:



25. Արդյո՞ք բացասական կարելի է գնահատել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների փոխակերպումը սերտ բարեկամական գործընկերության, երբ այն առանձնանում է բարձր մակարդակի երկխոսությամբ եւ ակտիվ շփումներով երկու երկրների ղեկավարության միջեւ, որն աննախադեպ երեւույթ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում: Ընդ որում, դա տեղի է ունենում ՌԴ հետ դաշնակցային կապերի ու ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ:



26. Եվ վերջապես, արդյո՞ք բացասական կարելի է գնահատել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը, որը, ճիշտ է, տեղի է ունենում դեռեւս առանձին նահանգների մակարդակով, բայց այս օրերի իրադարձությունները հուշում են, որ հեռու չէ այն օրը, երբ այն տեղի կունենա պետությունների մակարդակով:



P.S. Հարցերը կարելի էր, իհարկե, շարունակել, բայց ես առայժմ կբավարարվեմ միայն այսքանով»:



 



ՀՀ Հանրային խորհրդի Ոչ կառավարական կազմակերպությունների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Էդգար Հակոբյանի գրառումը`ֆեյսբուքյան իր էջից