Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար օտարվում են խնձորի, ծիրանի եւ դեղձի այգիներ

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար օտարվում են խնձորի, ծիրանի եւ դեղձի այգիներ
Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման նախագիծն ակտիվ փուլ է մտել: Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց օտարել  400842 քմ` հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր:



 



«Էկոլուրը» տեղեկացնում է, որ օտարվել են 5 համայնքի հողեր, եւ այդ հողերի փոխհատուցման չափը որոշված է` 1քմ-ի համար 154 դրամ: Ի՞նչ փոխհատուցում են տալու այն մարդկանց, որոնց հարկավոր կլինի տեղափոխել, ի՞նչ անել 15 գետի, կիրճերի, 2 ջրամբարի եւ 22 պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք գտնվում են շինարարության գոտում, հարցնում է «Էկոլուրը»: Ինչպես նշված է տվյալ նախագծի մոնիտորինգն անցկացնող  «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվետվության մեջ. «…հողերը շատ ավելի թանկ են, քան նշված է նախագծում: Որոշ հատվածներում օտարվում է հողերի միայն մի մասը, բայց հասկանալի չէ,  թե ինչ կարելի է անել մնացած մասի հետ: Իսկ փոխհատուցում այդ հատվածի համար նախատեսված չէ: …Օտարվում են խնձորի, ծիրանի եւ դեղձի այգիներ… հսկայական վնաս է հասցվում ֆլորային եւ ֆաունային…»:



 



Գլխավոր հարցի պատասխանը, թե ում է պետք այդ ճանապարհը, այդքան էլ պարզ չէ: Նշված է միայն, որ «նախագիծը միտված է զարգացնելու «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հնարավորությունները եւ նախատեսում է Ագարակ-Կապան-Երեւան-Բավրա ավտոճանապարհների վերակառուցում»: Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար: Այսինքն` հարկատուներին այդ շինարարությունը կարժենա մոտ 1 միլիարդ դոլլար: