Ապօրինի անտառահատումների սեզոնը բացվել է

Ապօրինի անտառահատումների սեզոնը բացվել է
Ոստիկանապետի ցուցումով նոյեմբերի 6-7-ը Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ լայնածավալ գործողություններ էին իրականացվել, ինչի արդյունքում փայտով բեռնված մոտ 50 մեքենա էր կանգնեցվել: Ոստիկանությունը հայտնաբերել էր կեղծ ու ժամկետանց փաստաթղթեր, հատումն արգելված ծառատեսակներ, փաստաթղթում նշված եւ մեքենաներում բեռնված փայտանյութի տեսակի անհամապատասխանություն եւ այլն:



 



Ոստիկանությունից տեղեկացանք, որ կանգնեցված յուրաքանչյուր մեքենայի մասով կազմվել են առանձին գործեր, որոնցից 31-ն ուղարկվել է ոստիկանության Տավուշի, 12-ը՝ Լոռու, 5-ը՝ Շիրակի մարզային վարչություններ, 3 գործ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում է, եւս 3 նյութ քննվում է Տավուշի քննչական բաժնում: Ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում եղան նաեւ պաշտոնանկություններ: Աշխատանքից ազատվեցին Իջեւանի ոստիկանության պետը եւ Տավուշի մարզային վարչության 5 ծառայողներ:



 



«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանից փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ 50 մեքենաներ են եղել փայտով բեռնված, եւ իրենք տեղյա՞կ են արդյոք այդ հատումներից: Մաթեւոսյանը նախ ողջունեց ոստիկանության՝ ապօրինի անտառահատումները կանխելուն ուղղված գործողությունները, խնդրեց, որ հաջորդ անգամ այդ գործողություններին ներգրավեն նաեւ իրենց աշխատակիցներին, սակայն ասաց, որ իրենք էլ են օրինական կարգով, սանիտարական հատումների արդյունքում գոյացած փայտանյութը վաճառում եւ ունեն իրենց տվյալները, թե այդ օրը քանի մեքենա փայտանյութ են վաճառել. մոտավորապես 50 մեքենա՝ տարբեր անտառտնտեսություններից: Ուզում եք ասել, որ ոստիկանության կանգնեցրած մեքենաները՝ փայտով բեռնված, հենց ձեր կողմից վաճառվա՞ծ փայտն է եղել՝ հարցրինք: «Ոչ, ես այդպիսի բան չեմ կարող ասել: Դա չեմ կարող պնդել, բայց հիմա փորձ է արվում համադրել մեր կողմից վառելափայտով բաց թողնված մեքենաների եւ ոստիկանության կանգնեցրած մեքենաների համարանիշները: Հիմա մարզերում իրավապահները համադրում են այդ տվյալները»,-ասաց Մաթեւոսյանը:



 



Դուք բացառո՞ւմ եք, որ այդ հատումներն ապօրինի իրականացված լինեն՝ հետաքրքրվեցինք: «Տենց բան ոչ ոք չի կարող բացառել: Հիմա Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվում է ապօրինի հատումների դեմ պայքարի ծրագիր, եւ դա առկա փաստ է»: Ընդ որում ակնհայտ է, որ անտառահատումները, այն էլ այդ ծավալի, իրականացվում են կոնկրետ մարդկանց հովանավորությամբ, եւ այս բացահայտումները կարծես թե հարվածում են նրանց գրպանին, քանի որ խոսքը բավական մեծ գումարների մասին է: Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին՝ հետաքրքրվեցինք «Հայանտառի» տնօրենից: «Ես չեմ բացառում»,-եղավ պատասխանը:



 



Այն, որ այս սեզոնին ապօրինի հատումներ են իրականացվում, վկայում են նաեւ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012թ. 9 ամիսների կտրվածքով ներկայացրած թվերը: Մոնիտորինգի կենտրոնի մեզ տրամադրած արդյունքների համաձայն, անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության վիճակի դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր թվով 253 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր, որոնցից 171 հատը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում, 40 հատը` «Սեւան» եւ 6 հատը` «Դիլիջան» ազգային պարկերում, իսկ 36 հատը` համայնքային սեփականություն հանդիսացող հողերում: Հատումների վերաբերյալ տեղեկատվությունը Մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է ինչպես ՀՀ գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը: