Բաց նամակ

Բաց նամակ

ՀՀ  արդարադատության խորհրդի նախագահ պրն Ա. Մկրտումյանին



 



ՀՀ դատարանները 2007թ. մինչ օրս իմ սեփականության նկատմամբ կայացրել են միմյանց հակասող դատական ակտեր, որոնց արդյունքում ես կորցրել եմ սեփականության իրավունքով ինձ պատկանող անշարժ գույքի մի մասը (հողամասից 105 քմ): Խախտված են իմ սահմանադրական (ՀՀ սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածներ) եւ սեփականության իրավունքները:



 



Դիմում եմ Ձեզ, որովհետեւ Դուք եք նշանակված պաշտպանելու ՀՀ օրենքներով երաշխավորված մեր իրավունքները:



 



Խոսքս վերաբերում է գործ թիվ ԵԿԴ 1174/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011թ կայացրած վճռին եւ 29.06.2011թ. վճռաբեկ դատարանի  վարչական եւ քաղաքացիական պալատի կողմից կայացրած որոշմանը, որոնք խիստ անօրինական, ակնհայտ դատական սխալով են: Ես դիմել եմ Ձեզ, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի այդ դատավորների նկատմամբ, որովհետեւ, ինչպես ասել է ՀՀ նախագահը, ոչ մի դատավոր չպետք է լինի արտոնյալ վիճակում, մեղավորները պետք է պատժվեն: Այնքան ակնհայտ է անօրինականությունը, որ հակառակը ապացուցելն անհնար է, եւ Ձեր դեպարտամենտի աշխատողները չեն կարողանում սպառիչ պատասխան տալ:



 



Ես խնդրել եմ, որ պատասխանեն, թե ինչպես է, որ նույն հայցը 2010 թ. մերժվել է դատական երեք ատյանների կողմից (թիվ ԵԿԴ 0199/02/10), իսկ մեկ տարի անց նույն հայցը բավարարվել է առաջին ատյանի դատարանի վճռով եւ հաստատվել վճռաբեկ դատարանի որոշմամբ:



 



Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր որոշմամբ բեկանել էր այդ վճիռը եւ մասնակի փոփոխել:



 



1. Նշեմ, որ նոր երեւան եկած հանգամանքներ չկան:



 



2. Եթե գտնում են, որ թիվ ԵԿԴ 0199/02/10 եւ թիվ ԵԿԴ 1174/02/11 քաղաքացիական գործերով կայացրած իրարամերժ վճիռներն ու որոշումներն ունեն տարբեր իրավական հիմքեր, ապա թող ցույց տան դրանք` այդ տարբեր իրավական նորմերը:



 



Խնդրում եմ պարզաբանել` դատական սխալը եւ անօրինականությունն ո՞ւմ կողմից է կատարվել, քանի որ իրարամերժ որոշումների դեպքում այդ երկու վերը նշված դատական ակտերից որեւէ մեկում առկա է այն:



 



15.11.2012թ. վճռի եւ 29.06.2012թ. որոշման ակնհայտ դատական սխալի ապացույցներից մեկն էլ այն է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից հողամասը այդ վճռով նախատեսված չափերով կողմերի միջեւ բաժանել չստացվեց, որովհետեւ այդ վճիռը բառացի արտագրված էր 1990թ. Մյասնիկյանի ժողդատարանի վճռից, որը նախատեսված չէր հողաբաժանում կատարելու համար:



 



Զարմանալի է, թե ինչպես է պարոն Ռ. Ափինյանն իմ փոխարեն գտնում, որ ես հողն օգտագործել եմ 1990թ. վճռի համաձայն, երբ ոչ ոքի չհաջողվեց այդ ձեւով բաժանել վիճելի հողամասը:



 



Պարոն Մկրտումյան, կրկին դիմում եմ Ձեզ, խնդրում Ձեր ուշադրությունը եւ օգնությունը, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի դատական սխալ թույլ տված  դատավորների նկատմամբ եւ վերականգնվեն օրինականությունն ու իմ սահմանադրական իրավունքները:



 



 



Ռաֆանուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Երեւանի բնակիչ