Ընդդիմությունը պետք է բոյկոտի ընտրությունները

Ընդդիմությունը պետք է բոյկոտի ընտրությունները
ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից հետո նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին երեկ հայտարարեց նաեւ ՀՅԴ-ն: Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էր ՀՅԴ Գերագույն փակ ժողովը, որի ժամանակ ելույթով հանդես էր եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝  ներկայացնելով վերջին վեց ամսվա ընթացքում ՀՅԴ գործունեությունն ու շփումները: Ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն առաջարկել է չառաջադրել որեւէ թեկնածու նախագահական ընտրություններում եւ չսատարել որեւէ  թեկնածուի:



 



Առաջարկությանն ընդդիմացողներ  են եղել, սակայն քանի որ ժողովի պատվիրակների մեծամասնությունը Հրանտ Մարգարյանի կողմնակիցներն են եղել, արդյունքում համաձայնության են եկել: «Սա չի նշանակում, որ մենք մի կողմ ենք քաշվելու, այլ անաչառ խնդիրներ ենք դնելու, որ ով էլ լինի նախագահը, հաշվի նստի հասարակական այն պահանջների հետ, որոնք կան մեր յոթ կետերում: Ապագա նախագահը ով էլ լինի, պետք է դառնա պահանջատերն այս հարցերի»,-երեկ ԳՄ ժողովի արդյունքները ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով իրենց որոշումը: «Մենք ակտիվորեն մասնակցելու ենք այս ընտրարշավին, որպես քաղաքական ուժ՝ մեր գործունեությունը չի դադարելու, այլ նոր երանգ է ստանալու»,-հավելեց նա: Հնարավո՞ր է, որ սատարեն որեւէ քաղաքական ուժի: «Դեռ զարգացումները հնարավոր չէ կանխորոշել, մենք ասում ենք` բացառելով իշխանության թեկնածուին, հետեւել նախընտրական գործընթացներին: Սա որեւէ տարբերակ չի բացառում, բացի բացառված տարբերակից, այդ թվում` գնալ ընտրություններին եւ որեւէ մեկին չքվեարկել»,- իր հերթին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:



 



Հայտնի է, որ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում են ՀՅԴ աջակցությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» համագումարում հավանական համարեց, որ ՀՅԴ-ն կսատարի իրեն, քանի որ հակասություններ չկան, ինքն ընդունել է եւ միանշանակ կողմ է նրանց առաջարկած 7 կետերին: Կսատարի՞ ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին: «Մենք կցանկանայինք պաշտպանել, իհարկե, մեր թեկնածուին, բայց այլ թեկնածուին սատարելը մի քայլ է, որը կորոշի Գերագույն մարմինը, կհետեւենք-կտեսնենք` կրքերը բորբոքվելուց ով ինչ տեսակետի վրա կկենտրոնանա, մենք մեր գնահատականը կտանք: Դա է պատճառը, որ ժողովն այդ հարցը բաց է թողել: Մեր 7 կետերը միայն Րաֆֆին չի ընդունել, շատերն են ասել: Միայն դեկլարատիվ հայտարարությունները չեն»,- ասաց Ռուստամյանը, ով նաեւ քիչ հավանական համարեց Բագրատյանի թեկնածության շուրջ համախմբումը:



 



ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները, քանի որ, ըստ Աղվան Վարդանյանի, ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին: «Հաջորդ պատճառն այն է, որ մենք իրավունք չունենք բոյկոտով վարկաբեկել ընտրությունների ինստիտուտը: Այն, որ ընդդիմությունը չի մասնակցում, սա առիթ է ժողովրդին մտածելու: Մենք իսկապես ամեն ինչ արեցինք, որ համախմբման հասնենք: Ալտերնատիվ ավելի լավ բան ոչ ոք չի առաջարկել: Չեմ ուզում մեղքը սրա-նրա վրա բարդել, բայց փաստը մնում է փաստ, որ ընդդիմությունը կարող էր համախմբվել: Զենքերը վայր դնելու հարց չկա: Հարցն այն է, որ այն մեթոդներով, ինչ ընտրությունները տեղի են ունենում, սա նշանակում է, որ մենք փչացնում ենք մեր ընտրողներին»,- ասաց Ռուստամյանը:



 



Ինչեւէ, փաստ է, որ նախագահական ընտրություններին չմասնակցելու օրակարգ է ձեւավորվում, թեեւ առաջադրվել են 2 ընդդիմադիր գործիչներ: Ամեն ինչ գնում է նրան, որ ընդդիմության համախմբում չի լինի: Բագրատյանի առաջադրման պարագայում նույնիսկ ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներն են կարծիք հայտնել, որ ճիշտը բոյկոտն է: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում նույնպես կարծիք հայտնեց, որ որեւէ թեկնածուի շուրջ համախմբում չի լինի: «Իմ տպավորությունն է այդպիսին»,- ասաց նա: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը կսատարի՞ ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկին: «Մենք կսպասենք, որ ավարտվեն առաջադրումները, եւ «Հանրապետություն» կուսակցությունն իր դիրքորոշումը կհայտնի»,- ասաց Զեյնալյանը:



 



ԲՈՅԿՈՏ, ԲՈՅԿՈՏ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ



 



«Ինչպես տեսնում եք, մեր բոյկոտը տեղ է հասնում, մենք դեռ ամիսներ առաջ նման կոչով հանդես եկանք: Այսպիսով քաղաքական դաշտը բավական լուրջ կոնսոլիդացվեց, չկոնսոլիդացվեց միասնական թեկնածուի շուրջ, բայց քաղաքական բոյկոտի շուրջ կոնսոլիդացվեց»,- բավականին գոհ արձանագրեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, որը նույնպես որոշել է չմասնակցել ընտրություններին, եւ հավելեց, որ շատ ուրախ է, որ իրենց կոչը տեղ հասավ:



 



- Այսինքն՝ հնարավոր չե՞ք համարում, որ համախմբում կլինի ընդդիմադիր երկու թեկնածուներից որեւէ մեկի շուրջ:



 



- Ոչ, ոչ մի միավորում էլ չի լինի: Նախ, չգիտեմ էլ նրանք ինչու են մասնակցում, դա իրենց գործն է, ու Աստված տա առողջ լինեն, հաջողակ լինեն: Ես համոզված եմ, որ միավորում չի լինի:



 



- Հիմա Ձեր ընտրազանգվածին ի՞նչ եք ասելու՝ ընդհանրապես չմասնակցե՞լ ընտրություններին:



 



- Ես դեռ չգիտեմ, իհարկե, չմասնակցելու տարբերակն աշխատեց, հիմա ես կարծում եմ՝ տակտիկապես… ես կարծում եմ՝ փետրվարի սկզբին մենք, ամենայն հավանականությամբ, հայտարարությամբ հանդես կգանք եւ կկողմնորոշվենք: Ես կարծում եմ՝ ոչ միայն մենք, այլեւ մյուսները, ընդ որում դա էլ կլինի կոնսոլիդացված: Համենայնդեպս, չեմ կարծում, որ դա կլինի որեւէ մեկի սատարում, համենայնդեպս մենք որեւէ մեկին չենք սատարելու: Ես կարծում եմ, որ քաղաքական բոյկոտից հետո պետք է գնա հասարակական բոյկոտ: Ես կարծում եմ, որ ամենահավանական տարբերակը հասարակական բոյկոտն է:



 



- Բոյկոտի տարբերակը որքանո՞վ է արդյունավետ, եթե չասենք, որ դրա անարդյունավետության նախադեպեր կան, վերջին բոյկոտն օրինակ, չխանգարեց սահմանադրական հանրաքվեի անցկացմանը: Ի վերջո, եթե չկա քվորումի խնդիր՝ չկա պարտադիր մասնակցության շեմ, բոյկոտը չի կարող արդյունավետ լինել:



 



- Դա կապ չունի, շեմը չկա եւ այլն… հանրաքվեն՝ դա ընդհանուր Սահմանադրության վերաբերյալ էր: Այսօր մարդն է ընտրում, եւ եթե հասարակական բոյկոտի թեման աշխատի, եւ հասարակությունն անսա ընդդիմադիրների կոչերին, ապա ես կարծում եմ, որ դատարկ տեղամասերը եւ այն շատ լուրջ ազդեցություն կունենա ապագա պրոցեսների վրա: Ի վերջո, ոչ ոք չի կասկածում, որ ինչ ձեւով էլ մասնակցեն, միեւնույն է՝ վերջում թվերը նկարվելու են: Այսինքն չկա այդ կանոնադրությունը, եթե ոչինչ չկա, ապա բոյկոտը քաղաքական բողոքի ձեւ է:



 



- Իսկ գործնականում դա ի՞նչ կտա:



 



- Իհարկե, գործնականում դա ոչինչ չի տա, գործնական խնդիրը Հայաստանում կարող է լուծվել միայն փողոցում: Ընտրություն գոյություն չունի, մնում է փողոցը: Եթե գոնե հասարակության 30 տոկոսը մեր կողքին լիներ, գիտեք, հիմա մենք փողոցում կլինեինք, հարցը լուծելու էինք: Ցավոք սրտի, ապատիկ վիճակ կա, հիասթափություն, եւ դա հաղթահարելու տարբերակ էլ կա արդեն, բայց ժամանակ է պետք: Դրա համար ես կարծում եմ, որ սա բողոքի ձեւ է, մյուս կողմից ֆինանսական ռեսուրսների դեմ բողոքի ձեւ: Ինչքան են ասել, որ հայերը ծախվում են, հայերը փողով են գնվում: Հիմա մեր խնդիրը հենց դա պետք է լինի, որ ցույց տանք, որ հայերն այդքան ծախու չեն, մարդիկ պատրաստ են չգնան եւ իրենց ձայնը չվաճառեն:



 



- Հակառակ տեսակետ ունեցողներն էլ ասում են, որ հասարակությունը հիասթափված է թե իշխանությունից, թե ընդդիմությունից, եւ մի քիչ ուժեղ ընդդիմադիր թեկնածուն, որի շուրջ համախմբումը կլինի, կարող է շրջադարձ գրանցել:



 



- Շատ կներեք, ես անձնավորված բան չեմ ասում, բայց հիմա իշխանությանն է պետք որեւէ այլընտրանքային թեկնածու: Հիմա ով որ ուզում է, թող իր վրա վերցնի, ով ուզում է, թող չվերցնի՝ դա իշխանության սցենարն է, չկարողացան որեւէ մեկին համոզել որպես ռեալ ուժեղ ուժ, որպեսզի նա մասնակցի եւ այդ մրցակցությունն ապահովի: Հիշո՞ւմ եք «Վիքիլիքսի» թվերը, հիշո՞ւմ եք Միքայել Մինասյանի ասածները, թե գնում ենք դեմոկրատիայի, կազատվենք օլիգարխիայից, կտեսնեք, թե ինչ ընտրություններ ենք անցկացնելու, ամեն ինչ կլինի մրցակցային: Ո՞ր մեկը կատարվեց: Դա իրենց ծրագիրն է, եւ մենք չպիտի մտնենք իրենց ծրագրի մեջ:



 



- Իսկ ընդդիմության միասնականությունը ընտրություններին չմասնակցելու տարբերակով ի՞նչ կարող է փոխել:



 



- Սա կոնսոլիդացիա է, որ կոնսոլիդացվում են գլխավոր ուժերը -1, դաշտը կոնսոլիդացվեց Սերժ Սարգսյանի դեմ, եւ սա փաստ է, եւ ես կարծում եմ, որ այդ կոնսոլիդացիան կշարունակվի այլ հարցերի շուրջ եւս: