Յարաբ ո՞ւր ես գնում

Յարաբ ո՞ւր ես գնում
Մեր որոշ ընդդիմադիր գործիչներ մինչ այժմ էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել իրենց եւ ընդդիմադիր դաշտ կոչվածի հետ ընդհանրապես: Ցավում եմ, իհարկե, բայց նրանցից շատերին դեռ թվում է՝ գնում են ընտրությունների: Հատկապես «Ժառանգությունն» ու ժառանգականներն են խորը թյուրիմացության մեջ: Նրանք նույնիսկ ուրախ են, որ դաշտում ընդդիմադիրներից միայն իրենք են մնացել, բայց թե ինչու են մնացել, լավ չեն հասկանում եւ կամ հասկանում են ու ոչ մեկին չեն ասում այդ մասին:



 



Րաֆֆի Հովհաննիսյանի վաղեմի երազա՞նքն են ի կատար ածում՝ գոնե մեկ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու: Հավատացնում եմ, սա ավելի արժանահավատ մի բան կլիներ, քան այն, երբ ասում են, որ գալիս են, չգիտեմ՝ հաղթելու, փոխելու, շտկելու, բնությունը պահպանելու, երիտասարդությանն ապագա նվիրելու եւ այլն: Ուրախ ենք, իհարկե, որ գալիս են, բայց մյուս կողմից էլ՝ տարօրինակ չէ՞, որ ԲՀԿ-ի նման կուսակցությունը չեկավ՝ այդ թվարկված լավ բաները բերելու, եւ զարմանալի չէ՞ր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու օրում դարձավ այդքան ծեր ու անօգնական: «Ժառանգությունը» ոչ մի տարօրինակ բան չտեսա՞վ ՀՅԴ-ի վարքագծում, որը նախորդ նախագահական ընտրություններում ուներ մրցունակ թեկնածու` բոլոր պարամետրերով:



 



Իսկ գուցե «Ժառանգությունում» իրո՞ք համոզված են, որ գնում են ընտրությունների:



 



Ստեփան Սաֆարյանի մասին, որպես պրպտող քաղաքական գործչի, բավականին բարձր կարծիքի եմ եղել միշտ: Այսօր նա, ի հիասթափություն ինձ, համարյա աներձագի մակարդակի հայտարարություններ է անում. «Ինչո՞ւ չէ, ՀՀԿ-ն ԲՀԿ-ի սատարելու կարիքն ունի, որովհետեւ Սերժ Սարգսյանը 2008-ին շեմը մի կերպ հաղթահարեց ԲՀԿ-ի շնորհիվ, հիմա նա ավելի թույլ վիճակում է, քան 2007-ին, չունի ԲՀԿ-ի սատարումն ու ունի Մարտի մեկի հետ կապված մեղադրանքներ, եւ այսպես շարունակ: Հայաստանը նախագահական ընտրությունների է գնում թուլացած ընդդիմությամբ եւ թուլացած իշխանությամբ: Այս առումով, ասել, թե ԲՀԿ-ի չսատարման որոշումն ուժեղացրեց իշխանությանը, չեմ ընդունում: Ես այդ կարծիքին չեմ»:



 



Հարգելի պարոն Սաֆարյան, նախ՝ թարմացնենք Ձեր հիշողությունը: 2008-ին Սերժ Սարգսյանը Ձեր նշած շեմը հաղթահարել է մեկ ցատկով, այսինքն՝ մեկ փուլով: Հիմա արդեն կապ չունի, թե ինչպես: Հետեւաբար, այնքան էլ ճիշտ չէ ասելը, որ մի կերպ է հաղթահարել: Սա՝ մեկ: Եվ ապա՝ ընդգծում եք, որ ԲՀԿ-ի հետ է նրան այդ հաջողվել: Ձեր նշած 2007-ին նա չուներ ԲՀԿ-ի աջակցությունը, ճի՞շտ է: Բայց ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն դարձյալ տեր ու տնօրեն էր, գրողը տանի: Ինչո՞վ կբացատրեք սա: Ստացվում է, կարծես, որ Սերժ Սարգսյանն առանց ԲՀԿ-ի ավելի՞ հեշտ է հաղթահարում շեմերը, այնպես չէ՞:



 



Տարօրինակ, իսկ ես կասեի՝ աներձագային է Ձեր հայտարարության վերջին մասը: Հաճույքով այն եւս մեկ անգամ մեջբերենք. «…չունի (Սերժ Սարգսյանը՝ Էդ. Ա.) ԲՀԿ-ի սատարումն ու ունի Մարտի մեկի հետ կապված մեղադրանքներ, եւ այսպես շարունակ: Հայաստանը նախագահական ընտրությունների է գնում թուլացած ընդդիմությամբ եւ թուլացած իշխանությամբ: Այս առումով, ասել, թե ԲՀԿ-ի չսատարման որոշումն ուժեղացրեց իշխանությանը, չեմ ընդունում: Ես այդ կարծիքին չեմ»: Նախ՝ «Ժառանգության» ներկայացուցիչն իրավասու չէ որոշելու, որ Մարտի 1-ի հետ կապված մեղադրանքներ կան գործող նախագահի վրա: Նա, ով պիտի դա աներ ու հիմնավորեր, գաղտնալսվեց-վերջացավ: Նույնիսկ երկու օրում ծերացավ, ինչպես արդեն ասացինք: Իսկ այդ գործով զբաղված ծածկադմփոցի վարպետներն էլ գործը փակել, վաղուց հանգիստ քնում են իրենց բարձին: Եվ ապա, հարգելի Սաֆարյան, մի քիչ շատ չէ՞ ԲՀԿ-ի ընտրազանգվածը «Ժառանգությունով» անելու Ձեր մուրացկանության դոզան: Այդ ի՞նչ զուր ջանքեր եք թափում ԲՀԿ-ին իշխանություններից տարանջատելու ուղղությամբ: Ձեր կարծիքով, ԲՀԿ-ի ընտրազանգվածը կամ ողջ ԲՀԿ-ն չի՞ հասկանում, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց: Միամտություն չէ՞ կարծելը, որ այդ ընտրազանգվածն ու այդ կուսակցությունը, հայտարարելով ոչ մեկին չսատարելու մասին, այնուամենայնիվ, տակից Րաֆֆին ձայն կտան: Չէ՞ որ դա նույնն է, ինչ կրակի հետ չխաղաս, բայց մերկ ձեռքերով բռնես այդ կրակի մեջ շիկացրած երկաթը: Հուսամ՝ գոնե չեք մտածում, որ ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր «ալլահ ակբար» գոռալով կհետեւեն «Ժառանգությանը»:



 



Այն լրջագույն ֆրակցիան, որ ԱԺ-ում ունի ԲՀԿ-ն, այն լրջագույն բիզնեսները եւ այն լրջագույն պաշտոնները, որ ունեն նրանք, մեկ բան միայն պիտի հուշեին պարոն Սաֆարյանին՝ իշխանությունը ոչ թե թուլացած, այլ այս «վախեցած» երամի ողջ ներուժն էլ հետն է գնում ընտրության՝ իր առջեւ ունենալով թուլացած, քամու քաշային կարգի հակառակորդ կամ հակառակորդներ:



 



Թե ինչ կարելի է անվանել փետրվարի 18-ի միջոցառումը, առայժմ դժվարանում ենք ասել: Բայց որ այն չի կոչվելու ընտրություն, արդեն իսկ պարզ է անվիճելիության աստիճան: Ստյոպա Սաֆարյանը կամ որեւէ մեկը «Ժառանգությունից» թող չմտածի, թե չուզողություն ենք անում: Ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման խարիզմատիկ գործիչը վերջապես հնարավորություն ունեցավ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Գոնե ընտրապայքար կտեսնենք: Բայց, ավաղ, չենք տեսնում մեկ այլ կարեւոր բան: Փետրվարի 19-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ապագան: Արդյոք վտանգ չկա՞, որ իշխանության հեշտ հաղթանակից հետո ընտրակաշառքից զրկված մեր հասարակությունը կքարկոծի նրան՝ այդ ընտրախաղը լեգիտիմացնելու համար:



 



Ճիշտն ասած, ես շատ մտահոգ եմ նաեւ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, որ մեծահոգաբար հրաժարվեց պատգամավորի մանդատից, մի հրաշքով դառնա ՀՀ նախագահի խորհրդական, նրա խարիզմայի եւ ընդդիմադիր դիմագծերի հետ ոչինչ չի՞ պատահի:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ