Սկսեց Կոմիտասով, ավարտեց Կոմիտասով

Սկսեց Կոմիտասով, ավարտեց Կոմիտասով
Կիրակի օրը` փետրվարի 10-ին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում հավաքվել էին կոմիտասասերներ, կոմիտասագետներ, այգեհատցիներ, Արա Հարությունյանի գործընկերներն ու հարազատները: Նրանք եկել էին միասին տոնելու մեծ երգահանի արձանի ծննդյան 25-ամյակը… Բազմության մեջ գերիշխող էին ուսանողները (Գեղարվեստի ակադեմիայի, Կոնսերվատորիայի, Հերացի Բժշկական համալսարանի):Միջոցառման  հանձնառու-կազմակերպիչ Գ. Շահվերդյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, նշեց, որ մեր Ամենահայի արձանի ծնունդով (1988-ի փետրվարի 8) սկիզբ դրվեց ազգային մեր զարթոնքին: Կոմիտասյան դասը վարեցին պատմաբան հայրենագետ – հայրենասեր Գևորգ Յազըճյանը, պրոֆեսորներ` կոմիտասագետ Խաչիկ Բադիկյանը, արվեստագետ Տարիել Հակոբյանը, Անահիտ Ներսիսյանը, Արթուր Թարմինյանը, գրող  Վալերի Պարանյանը, ճարտարապետ և նկարիչ կրտսեր Արա Հարությունյանը:



Նրանք հավաքվածների հետ զրուցեցին «մեր սրբություն սրբոց, մեր հոգին փրկող և ոգին կռող, հայ երգի հովիվ» Կոմիտաս վարդապետի, հայ մտքի, հայ կուլտուրայի և հայ արվեստի բոլոր ճյուղերի վրա ունեցած կոմիտասյան ազդեցությունների, Կոմիտասի աճյունը հայրենիք բերելու, Երևանում տեղադրված Կոմիտասի երկու արձանների   և դրանց հեղինակ, քանդակագործ Արա Հարությունյանի մասին, հորդորեցին աչքի լույսի պես պահպանել մեր հազարամյա գանձերը` մաշտոցատառ մայրենին և կոմիտասամշակ  հայ երգը:



Հավաքի ընթացքում կոմիտասյան և Կոմիտասին նվիրված կատարումներով հանդես եկան Արսեն, Գրիգոր և Լուսինե Համբարյաները, Արմեն Գևորգյանը:



Հավաքի մասնակիցները որոշեցին տոնել Արա Հարությունյանի  85 (ծնվ. 28.03.28թ.)  և նրա  «Սայաթ Նովա» աղբյուր-հուշարձանի (հոկտեմբեր)  50-ամյակները, դիմել հանրապետության և  մայրաքաղաքի պատկան մարմիներին` արժանվույն նշել  տաղանդավոր վարպետի հոբելյանը:



Կարինե Շահվերդյան







Նկարները` Կարեն Շահվերդյան