ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ

ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ
Կրկին ու կրկին համոզվեցինք, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ու մտավորական էլիտան: Նա վճռական պահի հստակ որոշում է կայացնում, եւ նրան այլեւս հնարավոր չէ կաշառել, վախեցնել, շեղել իր ճանապարհից:



 



Եվ այն, որ մենք չունենք հարուստ ու զարգացող պետություն, կայացած պետական ինստիտուտներ, առողջ ընդդիմություն, դրա մեղքը մեր էլիտայինն է, այլ ոչ թե ժողովրդինը: Այսօր ճիշտ ժամանակն է վերադառնալու մի քանի ամիս ետ եւ հիշելու 2012-ի դեպքերը, երբ ժողովրդին առաջնորդելու կոչված ուժերն անհասկանալի ձեւով ասպարեզից հեռացան: Վախեցան պայքարից: Հայտարարեցին, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, ուստի դրանց մասնակցելն անիմաստ է եւ կնշանակի «լեգիտիմացնել» Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ոչ միայն չմասնակցեցին ընտրապայքարին, այլեւ ամեն ինչ արեցին այդ գործընթացը վարկաբեկելու, մարդկանց մեջ հուսահատություն ու անզորություն սերմանելու, առաջադրվողներին նվաստացնելու ու փչացնելու համար:



 



Ցավոք, հասարակության որոշ մասի վրա դա որոշակի ազդեցություն ունեցավ, եւ քվեարկությանը պասիվ մասնակցությունը հենց դրանով էր պայմանավորված: Այո, ոմանք գնացին ու անվավեր դարձրին քվեաթերթիկները: Ոմանք հրաժարվեցին հանձնաժողովներում պայքարել, վստահված անձ լինել եւ այլն: Այսօր կարող ենք արձանագրել՝ եթե քաղաքական ուժերը չդավաճանեին ժողովրդին եւ չապակողմնորոշեին, ժողովրդի ձայնն ավելի հստակ կհնչեր: Իրականում հենց ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռամիասնությունը լեգիտիմացրեց, աջակցեց օրվա իշխանություններին: Իսկ առաջադրված թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան եւ անգամ չարչրկված էպոսագետը քաղաքացիական արիություն ցուցաբերեցին եւ հասարակությանն այլընտրանք մատուցեցին: