Փակ շրջան

Փակ շրջան
Ոչ մի իշխանություն չի ուզենա հայտնվել մի իրավիճակում, երբ իշխանության մնալու միակ ձեւը մնում են ընտրակեղծիքները, բռնությունները, մարդկանց ձայները գողանալն ու արար աշխարհի առաջ սեւերես լինելը:



 



Վստահ եմ, որ գործող իշխանությունն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ կտային մաքուր ընտրություններով հաղթելու համար, բայց փաստ է, որ մի կողմից չգիտեն «ինչ տալ», մյուս կողմից՝ իշխանությունն այնքան քաղցր է, որ պատրաստ են ամեն ինչ տալ այն պահպանելու համար: Այսինքն՝ գործ ունենք մի կողմից կառավարելու, հասարակության համակրանքը նվաճելու, մյուս կողմից՝ իշխանությունից կամավոր, խաղաղ ընտրությունների ճանապարհով հրաժարվելու անընդունակության հետ: Ցավալի իրավիճակ: Ընդհանրապես՝ խոստովանել, որ դու ինչ-որ բանի անընդունակ ես, անկարող, եւ ասպարեզը զիջել նրանց, ովքեր գուցեեւ կարողանան, շատ բարդ է՝ մեծերին, ուժեղներին բնորոշ դրսեւորում:



 



Սակայն աթոռներից կառչելն ու հանուն դրա անմարդկային քայլերի գնալն ավելի ամոթալի ու ողորմելի է: Երեկ ընկերներիցս մեկը պատմում էր, թե ինչպես են գյուղերից մեկում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հանձնաժողովականները եւ գյուղապետը պարզել, որ գործող նախագահը պարտվում է, եւ ինչպես են անամոթաբար փոխել քվեաթերթիկները ու ճիշտ հակառակն «արձանագրել»: Չգիտեմ՝ այդ հանձնաժողովի անդամներն ու գյուղապետն ի՞նչ զգացումներ ունեն այսօր: Ի՞նչ զգացումներ ունեն իշխանության մեջ գտնվողները: Բայց ես մի քանի օր է՝ ամայության, անզորության, անհուսության զգացում ունեմ: Մի՞թե մեր ճակատին անազնիվ ընտրությունների խարանն է դաջված: Եվ մի՞թե մենք երբեւէ չենք կարողանալու ազնիվ եւ արդար ընտրությունների միջոցով ղեկավարներ ընտրել: Ինչպե՞ս դուրս գալ այս փակ շրջանից եւ կայացնել ընտրություն կոչվող գործընթացը: