Չաշխատեցիր ամռանը

Չաշխատեցիր ամռանը
Մի քանի տարուց կլրանա ընտրությունները կեղծելու ավանդույթի «հիմնադրման» 20 տարին: Տարեցտարի փնթփնթան ծերունու նման մեր հասարակությունը բողոքում է անարդար ընտրություններից, բայց անկարող ու անուժ ծերունու նման ոչինչ չի ձեռնարկում այդ հարցը լուծելու համար:



 



Թերեւս այս պարագայում սխալ է հասարակությանը մեղադրելը, խնդիրը պետք է լուծեն քաղաքական ուժերը: Իսկ հասարակությունը, ճիշտ հակառակը, ապացուցեց, որ ինքն իր անելիքն անում է՝ գնում է ընտրության եւ քվեարկում է իր խղճի թելադրանքով: Այ, ժողովրդի ձայնը պահելն ու նրա կամքն իրագործելը քաղաքական ուժերի խնդիրն է: Եվ թող այդ ուժերը չասեն, թե մենք ի՞նչ անենք՝ իշխանության, ադմինիստրատիվ լծակների, ֆինանսական միջոցների ու ընտրակեղծարարության կուռ համակարգի դեմ մենք անզոր ենք: Իրականում խնդիրը հետեւողական ու ամենօրյա կուսակցական աշխատանքի մասին է, որը քաղաքական ուժերը չեն կատարում: Ի վերջո՝ ի՞նչ է անհրաժեշտ այդ համակարգի դեմն առնելու համար, եթե քո կողքին է հասարակությունը, եւ եթե Հայաստանի քաղաքացին պատրաստ է իր քվեն տալ քեզ:



 



Ընդամենը այդ քվեն պահողների, հավատարիմ ու նվիրված անձանց բանակ: Եթե մի կողմ թողնենք բոլոր էմոցիոնալ գնահատականները, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները պահելու համար մի քանի հազար կուսակցական նվիրյալների կամ վստահելի համակիրների բազմությունը միանգամայն բավարար կլիներ հաղթելու համար: Եվ եթե 10 տարուց ավելի քաղաքական դաշտում դերակատարություն ունեցող «Ժառանգությունը» չունի այդ 2 հազար վստահելի մարդը, որոնք կկանգնեն ընտրատեղամասերում եւ թույլ չեն տա, որ իրենց լիդերի ձայները գողանան, ուրեմն նրանք դեռ ի վիճակի չեն եւ արժանի չեն երկիրը կառավարելուն: Եվ այստեղ տեղին է հարցնել՝ «չաշխատեցիր ամռանը, ասա, ի՞նչն էր պատճառը»: