Հերթապահ խոսքեր

Հերթապահ խոսքեր
Անշուշտ, կանանց նվիրված տոների ու մեծարումի ցերեկույթ-երեկույթների մեջ ինչ-որ կեղծ բան կա: Եթե կինը ներշնչանքի աղբյուր է, սիրո, գեղեցկության, մայրության խորհրդանիշ: Եթե նրա ներկայությունը ջերմության, ապահովության, ներդաշնակության զգացում է ծնում, այդ մասին պետք է ասել շարունակ եւ բոլոր օրերին:



 



Եթե առանց կանանց կյանքն անիմաստ է, աղքատիկ ու տխուր, եւ միայն նրանց գնահատականն է տղամարդուն բարձրացնում, հերոսացնում ու արժեւորում, ապա դա պետք է անընդհատ զգացնել տալ: Բայց ամբողջ բանն այն է, որ շատ տղամարդիկ երբեք այդ բառերը չէին ասի, եւ կինը երբեք գնահատված չէր լինի, եթե չլինեին պետականորեն սահմանված տոները, երբ ոմանք հավուր պատշաճի, մյուսները՝ կանանց չնեղացնելու միտումից դրդված, երրորդները՝ որպես պարտականություն, սիրո ու մեծարանքի խոսքեր են ասում իրենց կանանց ու ընկերուհիներին:



 



Կանանց մեծ մասն իհարկե այդ խոսքերի կարիքը չունի: Նրանք, որպես կանոն, լավ գիտեն իրենց արժեքը, եւ նրանց ինքնագնահատականն էլ տղամարդկանց ժլատ խոսքերով չի պայմանավորված: Նրանք գիտեն նաեւ, որ կյանքի շարունակականության ապահովողն են, հասարակության առաջընթացի շարժիչ ուժը: Ու էլի շատ ու շատ դերակատարումներ ունեն, որոնք եղել են Եվայի ստեղծման օրվանից եւ առավել զգալի դարձել տեխնոլոգիական առաջընթացի ժամանակներում:



 



Բայց Հայաստանը տղամարդկանց երկիր է, եւ այստեղ տղամարդիկ են որոշում կայացնում: Գուցե մեր այս աղետալի վիճակն էլ հենց դրանո՞վ է պայմանավորված: Գուցե կանանց դերի մեծացումն ու երկրի համար վճռական որոշումների կայացմանն առավել ակտիվ մասնակցությունը փոխե՞ր իրավիճակը: Ավելի դինամիկ դարձներ մեր տնտեսությունը, ավելի ճկուն՝ մեր իշխանությունը, ավելի ժամանակակից՝ ներքին ու արտաքին քաղաքականությունը: Մտածելու բան է: