ՀԱԿ ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետը

ՀԱԿ ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ իր կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: «Մենք նպատակահարմար էինք համարում մասնակցությունը միասնական ուժեղ ցուցակով, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, ՀԺԿ-ն չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Խոսքը գնում է հիմնական ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ-ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համախմբման մասին»,- ասել է նա: Այսպիսով նաեւ որոշակիություն մտցվեց Կոնգրեսի մասնակցության հարցում, քանի որ, ըստ լուրերի, Լեւոն  Տեր-Պետրոսյանը բանակցում էր Դեմիրճյանի հետ, որպեսզի ՀԺԿ-ի միջոցով ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին: Իր հերթին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ-ում անդրադառնալով այս թեմային, նշեց, թե մի քանի օրից իրենք ԿԸՀ կներկայացնեն ՀԱԿ ցուցակը:  Զուրաբյանը հրաժարվեց ասել, թե ով է գլխավորելու ցուցակը, սակայն, մեր տեղեկություններով, այն գլխավորելու է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Երեկ Զուրաբյանը հստակ պատասխան չտվեց, թե ինչպես եւ որ կուսակցության ցուցակով են մասնակցելու ընտրություններին, միայն նշեց, որ ՀԱԿ կուսակցությունն ընթացքի մեջ է, բայց եթե չստացվի, միեւնույն է՝ Կոնգրեսն անպայման մասնակցելու է: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի հիմքի վրա վերակազմակերպվող ՀԱԿԿ-ն դեռեւս գոյություն չունի,  նախկին ՀԱԿ կուսակցությունների դաշինքով էլ հնարավորություն չկա, քանի որ դաշինքի մյուս ուժերը, որոնք չմտան զուրաբյանական թեւի մեջ, հայտարարեցին, որ իրենք պահպանում են կառույցը, այսինքն, երբ Զուրաբյանը հայտարարում է, որ Կոնգրեսը մասնակցելու է ընտրություններին, այնքան էլ հստակ չէ: Համենայնդեպս հստակ չէ, թե ումով են մասնակցելու ընտրություններին: