Բարեւ, Երեւան

Բարեւ, Երեւան
Ազատության հրապարակի երեկվա ամենակարեւոր իրադարձությունը Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության մասնակցությունն էր եւ հատկապես ցուցակը:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես հայտարարեց, որ ինքը չի գնալու ավագանու ընտրության, քանի որ ուրիշ կարգավիճակ ունի. «Արդեն գրանցված եմ ժողովրդի որոշմամբ եւ պատրաստ եմ այդ պատասխանատվությունն իրացնել մինչեւ վերջ»: Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու սկզբունքին՝ Հովհաննիսյանը նշեց. «Մենք հերթական անգամ «Ժառանգության» դրոշը խոնարհելով՝ փորձեցինք ի մի բերել հասարակական, քաղաքական լայն դաշտը: Ցավոք սրտի, բայց նաեւ հարգանքով պիտի արձանագրեմ, որ կան կուսակցություններ, որոնք որոշեցին անձամբ մասնակցել, ոմանք պատրաստվում են ընտրություններից հետո համագործակցել ավագանու շրջանակներում: Լավ կլիներ, որ սա լիներ լայն ճակատով, չստացվեց, բայց, տեսնելով մեր ցուցակը, կհամոզվեք, որ «Ժառանգությունը» մնացել է հավատարիմ իր սկզբունքին՝ մասնակցում է քաղաքացիական լայն ճակատով, հույս ունենալով, որ մենք հընթացս կկարողանանք համագործակցել այլ ուժերի հետ»:



 



Այնուամենայնիվ, որոշ քաղաքական ուժերի հետ համաձայնության եկել էին: «Սա ոչ միայն «Ժառանգության» ցուցակն է, այլեւ «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈՒԿ, Պահպանողական կուսակցության, «Շրջադարձ» կուսակցության, ՀԱՍԿ-ի, որը թեպետ մասնակից չունի, համատեղ ցուցակը, որը կրում է «Բարեւ, Երեւան» անունը»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ներկայացնելով ցուցակը, որը 64 հոգուց է բաղկացած, նշեց. «Բացի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, ցուցակում ընդգրկված են նաեւ գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական այլ ակտիվիստներ»: Որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց «Բարեւ, Երեւան» ցուցակը գլխավորողին. «Ձեզ ներկայացնում եմ Երեւանի ապագա քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին»:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց. «Ավագանու ընտրություններին մասնակցությունը չի փոխարինելու մեր համազգային զարթոնքը, Ազատություն հրապարակի պատգամը, փետրվարի 18-ի հայ ժողովրդի հավաքական հանձնառությունը, բայց լինելու է այդ պայքարի շարունակության ճակատներից սոսկ մեկը, եւ ամեն ճակատի վրա մենք պայքար ենք տալու մեր հայրենիքի համար»:



 



Դառնալով այսօր կայանալիք հանրահավաքին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց որոշ մանրամասներ. «Ուրբաթ օրվա հանրահավաքում բաց, հրապարակային մեթոդաբանությամբ կներկայացնեմ իմ եւ մեր ժողովրդի զգալի մեծամասնության վերջին առաջարկը պարոն Սարգսյանին, որից հետո ելույթ կունենան տարբեր հասարակական ուժերի ներկայացուցիչներ: Այս անգամ կուսակցականները քիչ կլինեն, իսկ մարտի 29-ի հանրահավաքում քաղաքական ելույթները կլինեն ավելի շատ»:



 



Ապրիլի 9-ի անելիքներին անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 28-ին հանրագումարի կբերի բոլոր առաջարկները. «Եվ մենք կորոշենք, թե ապրիլի 9-ը ինչ ձեւաչափ եւ բովանդակություն կունենա: Նման որոշում մենք դեռ չունենք, բայց կարող եք վստահ լինել, որ ապրիլի 9-ը մեր նոր հանրապետության ծնունդն է լինելու, նոր Հայաստանի երդմնակալությունը»: Իսկ ի՞նչ նպատակով են իր ծնողներն ԱՄՆ-ից ժամանել, արդյո՞ք չեն եկել, որ հացադուլից հանեն որդուն, Հովհաննիսյանը վստահեցրեց. «Հորդոր չկա, միայն ծնողական մտահոգություն կա, որը ես փարատեցի»: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ մի խումբ ազատամարտիկների հետ: Վերջինիս կարճատեւ, ինչպես ասում են՝ ոտքի վրա այցը ջերմ էր, իսկ բաժանումը՝ ողջագուրանքով:



 



Օրվա վերջում «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը եւ Դավիթ Սանասարյանը քաղաքացիական ֆորումի ժամանակ ներկայացրին Ազգային ժողովի հանձնաժողովներում բարեփոխումներ անցկացնելու իրենց առաջարկները:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ