Բժշկական ի՞նչ մասնագիտություններ են անհրաժեշտ Հայաստանին

Բժշկական ի՞նչ մասնագիտություններ են անհրաժեշտ Հայաստանին
Աշխարհի տարբեր երկրներում` ելնելով առողջապահական համակարգի կարիքներից, բժշկական մասնագիտությունների տարբեր ցանկեր գոյություն ունեն։ Հայաստանում նման ցանկ վերջին անգամ հաստատվել է 1996 թվականին։ Անցած տարիների ընթացքում համակարգի պահանջները թեև բավական փոխվել են, սակայն մասնագիտությունների ցանկն անփոփոխ է մնացել և չի համապատասխանում այսօրվա պահանջներին։



 



ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության գլխավոր մասնագետներին հրավիրել էր այդ հարցի քննարկմանը։



 



ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները  քննարկել և հավանության են  արժանացրել ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Ս. Սողոմոնյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բժշկական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկի կառուցվածքը։ Համաձայն դրա կունենանք ՀՀ կառավարության կողմից հաստատված «բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագիտություն, հանրային առողջություն և կանխարգելիչ բժշկություն», ինչպես նաև բուժքույրական ընդհանուր մասնագիտություններ, որոնցից յուրաքանչյուրը կունենա հիմնական մասնագիտությունների և դրանցում ներառնվող նեղ մասնագիտությունների ցանկ` հաստատված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Այնուհետև ծավալուն քննարկումներ են  տեղի ունեցել հիմնական և նեղ մասնագիտությունների շուրջ։



 



«Կարևոր է, որ մենք հանգամանորեն մոտենանք բոլոր հարցերին, քանզի դրանք փոխկապակցված են։ Ասենք, եթե այս կամ այն տեղամասում, բնակավայրում չկա էնդոկրինոլոգ, ապա ո՞ր մասնագետը կարող է նրան փոխարինել։ Իհարկե, առաջին հերթին` թերապևտը։ Հետևաբար ուսման ընթացքում ապագա թերապևտն էնդոկրինոլոգիան պետք է բավական խոր ուսումնասիրի։



 



Ես կարծում եմ, որ այս ցանկում վերջապես իրենց տեղն ու դերը պետք է ունենան նաև հարբժշկական մասնագիտությունները, ինչպես նաև այլընտրանքային կամ ինչպես հաճախ ասում են` ավանդական բժշկությամբ զբաղվողները»,-ասել է  նախարարը։



 



Նա գլխավոր մասնագետներին առաջարկեց հարցը քննարկել կոլեկտիվներում և մասնագիտական ասոցիացիաներում և դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել։