Երևանում մեկնարկեց Պոեզիայի 1-ին միջազգային փառատոնը

Երևանում մեկնարկեց Պոեզիայի 1-ին միջազգային փառատոնը
Ապրիլի 15-21-ը Երևանում անցկացվելու է Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնը: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել շուրջ 30 երկրի 100 բանաստեղծ. 50 մասնակից Հայաստանից և Արցախից, 50-ը` արտերկրից:Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 18:00-ին «Կասկադ» համալիրում: Փառատոնի շրջանակում կներկայացվեն արտերկրի պատվիրակների և հայաստանյան մասնակիցների ծրագրերը: Հայաստանի և արտերկրի պոետների հետ հանդիպումներ տեղի կունենան Երևանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Հրազդանում և այլուր, կանցկացվեն թարգմանված գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ: «Պոեզիայի միջազգային օր» խորագրի ներքո Երևանի բուհերում և դպրոցներում կկայանան գրական հանդիպումներ: Արդեն լույս է տեսել փառատոնի հայ և օտարազգի մասնակիցների ստեղծագործությունների երկլեզու (անգլերեն և հայերեն) անթալոգիան, որի շնորհանդեսը կուղեկցվի գրական ընթերցումներով` հայ և օտարազգի բանաստեղծների մասնակցությամբ: «Նոր գիրք» գրախանութի հարևանությամբ կհիմնվի Պոեզիայի պուրակ, որտեղ մասնակից երկրների պատվիրակները կտնկեն մեկական գնդաձև ակացիա:



Ապրիլի 20-ին, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի փակման շրջանակում կամփոփվի Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնը: