Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը
«Վեր թռավ խանի գլխավոր ծառան, կացինը խլեց։ Նրա դեմքի այտերը եռում էին, խլթխլթում։ Քարավանապետին մի կողմ քաշեցին։ Ծառան գորիլայի պես կողքե-կողք առաջ եկավ ու կացնի մի ուժեղ հարված իջեցրեց ուղտի ճակատին։ Ուղտը չոքեց անմռունչ։



 



Ծառան սկսեց հարվածել ուղտին ինչ-որ մի կուտակված ներքին զայրույթով ու մոլեգնությամբ։ Ուղտը լուռ էր, սատկել էր արդեն, եւ դա էր կարծես կատաղեցնում հարվածողին։ Ու որքան իջնում էին հարվածները, այնքան ավելի լռում էր ուղտը եւ տգեղանում, որքան լռում էր ու տգեղանում, այնքան ավելի էին հարվածները զայրանում։ Ուղտը դուրս թքեց իր բոլոր տգեղությունն արյան, ուղեղի, ոսկրի մի զզվելի խմորով: Զարկողը չհաղթեց։ Ուղտը չհաղթվեց, իր այդօրինակ դիմադրությամբ մնաց։ Մնաց տխուր, լուռ, տգեղ ու ատող»։



 



ՉԱՐԳՅԱՀ



 



Դերենիկ Դեմիրճյանի «Չարգյահ» պատմվածքը, իմ կարծիքով, հայ արձակի գլուխգործոցներից է, իմ ամենասիրելիներից, որի արձագանքներն ընթերցումից օրեր  անց  հայտնվում են հանկարծակի ու կրկին ներքաշում պատմվածքի մեջ: Նրանք, ովքեր այսօր մերժում են ժամանակակից գրականությունն ու օրինակ բերում հայ դասականներին, տեսնես այդ ո՞ր գործերը նկատի ունեն, որո՞նք են չափանիշ դարձած արձակ եւ բանաստեղծական այդ էջերը: Ասենք՝ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, բայց ոչ «Տաղեր»-ը, «Նար-Դոսի «Սպանված աղավնին», բայց ոչ «Մահը», Մահարու «Այրվող այգեստաններ»-ը, բայց ոչ «Երիտասարդության շեմին»-ը եւ, նույնակշիռ մոտեցմամբ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը, բայց ոչ «Չարգյահը», «Գիրք ծաղկանց»-ը, բանաստեղծական ժողովածուները, այնինչ գրողը, չընկալվելու վտանգը ներքուստ զգալով, օրագրում տագնապում է.



 



«1944թ. 25 ապրիլի



 



«Վարդանանքը» խորացնում եմ: Գրել պատմական-հայրենասիրական (միայն) վեպ, չեմ կամենում: Եթե չպիտի լինի վեպում որեւէ նոր բան, չարժե գրելը: Ես կարծում եմ, որ ամեն ազգային նշանակություն ունեցող վեպ պիտի համաշխարհային, համամարդկային մի բան ունենա: Դա միայն իրավունք ունի ազգային լինելու, կամ արժե միայն այդպիսի ազգային գրականություն ունենալու»:



 



Թող սա լինի գրողի գաղափարական ու էսթետիկական այն կարեւոր ուղերձը, որի մասին մոռանում են դպրոցներում ու համալսարաններում` բեւեռվելով ազգային հայրենապաշտական կոնտեքստի անփոփոխ պարույրի վրա: Մի քանի օր առաջ խմբագրությունում, երբ Հուսիկ Արայի հետ զրուցում էինք «Վարդանանք»-ի մասին, նա ասաց, որ վեպում այնպիսի հատվածներ կան, որոնք, նույնիսկ եթե առանձին-առանձին տպագրվեին, հրաշալի վեպեր կլինեին, բայց այդ հատվածների վրա սեւեռումը քիչ է, օրինակ, հայոց այրուձիի նահանջի նկարագրությունը, որից հետո երկար ժամանակով թմրում են մյուս բոլոր հիմնահարցերն ու ազգային-քաղաքական ենթատեքստերը:



 



Իմ սիրելի պատմվածքի՝ «Չարգյահի» ձեռագրերը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում ես չգտա: Երկար տարիներ թանգարանի կյանքը պահպանող եւ նրա տնօրինումը նվիրվածությամբ ու հոգատարությամբ առաջնորդող Կարինե Ռաֆայելյանի հետ սուրճ ենք խմում Դեմիրճյանի մանկությունն ու պատանեկությունը, ներկայացնող սենյակի պատուհանագոգի մոտ: Պատուհանի տեսադաշտը, ճեղքելով ծառերի սաղարթները, աջ կողմից դեպի շենք եկող ճանապարհի կեսը զավթած սրճարանի հովանոցը, մի կերպ մտնում է Աբովյան փողոց: Կարինե Ռաֆայելյանն ասում է, որ այս սրճարանային բանտարկվածությունը խոչընդոտներ է առաջացնում: Փողոցի կողմից թույլ չի տալիս նկատել թանգարանի տեղը, եւ շատ դեպքերում խճճված այցելուներին դիմավորում են Երիտասարդական մետրոյի գետնանցումի մոտ: Եվ ընդհանրապես, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը վաղուց լուրջ վերանորոգման կարիք ունի. պատերը ճաքեր են տվել, առաստաղը՝ ջրի հոսքերից քայքայվել: 2006 թվականից սկսած, ամեն տարի կառավարության համապատասխան մարմիններն ասում են, որ վերանորոգման գումարն ուր որ է կհատկացվի, բայց արդեն կիսվում է նաեւ 2013 թվականը, եւ այդ խոստումները մնում են օդի մեջ:



 



Մենք քայլում ենք Դեմիրճյանի քայլերի ծանրությունն առած նույն տախտակապատ հատակի վրայով, որ տոմատի մածուկի գույն ունի ու ինքնատիպ ելեւէջներ: Խոնավությունից ու ճաքերից քարտեզագրված առաստաղի ներքո ուսումնասիրում ենք գրողի ծննդյան վկայականը, ինքնակենսագրությունը, ընտանեկան լուսանկարները, Գեւորգյան ճեմարանի, Ներսիսյան դպրոցի ուսանողական կյանքը: Նայում ենք գրողի սիրելի ջութակին: Գործիքը ձեռքը վերցնելուց առաջ Դեմիրճյանը` որպես ջութակի հանդեպ հարգանքի եւ պատշաճության երախտիք, պարտադիր հագնում էր ֆրակը: Հետո նրա աշխատասենյակն է, որտեղ էլ հիմնականում գրում էր՝ առողջական խնդիրների ժամանակ մահճակալի գլխամասին թիկնած: Գրասեղանի վրա շարված են անձնական իրերը, մի քանիսը տպավորվում են. կլոր շրջանակով ակնոցը, մատիտագրի համար նախատեսված փոքր ռետինով նոթատետրը (Դեմիրճյանը միայն մատիտով էր գրում), իր ճամփորդությունների հավատարիմ ուղեկից ճամպրուկը, հեռախոսը:



 



Դեմիրճյանը եղել է Երեւանի 6-րդ աբոնենտը 36-00 հեռախոսահամարով: 19-րդ դարի ֆրանսիացի վարպետների ձեռքի գործ պատի ժամացույցը: Գրողի տուն-թանգարան այցելությունը ենթադրում է նրա կյանքում նշանակալի, իսկ հանրության համար գուցե աննշան հետաքրքրությունների բացահայտում: Դեմիրճյանը բնագիտության, կենդանիների մեծ սիրահար ու պաշտպան էր: Նրա հարազատ կատուներն էին Շառլոտան, Էլեոնորան, Մարանը, որոնք կնքվել էին սիրելի կանանց անուններով: Այս կատուներն  ապրում էին նրա տանը, իսկ մյուսներին կերակրում էր դրսում: Գրողները կատուների նկատմամբ միշտ էլ տարօրինակ հակվածություն են ունեցել. Նոբելյան մրցանակի դափնեկիր Դորիս Լեսինգը, բիթնիկների շարժման ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Վիլյամ Բերոուզն իրենց կատուների մասին նույնիսկ գրքեր են գրել, որոնք ես ունեմ, ինչպես նաեւ հավաքում եմ գրողների՝ սիրելի կատուների հետ արված լուսանկարները եւ Կարինե Ռաֆայելյանին խնդրեցի ինձ ուղարկել Դեմիրճյանի ու Էլեոնորայի համատեղ լուսանկարը, որը չունեի: Հետո մյուս սրահները, ճաշասենյակը, Դեմիրճյանի յուղաներկ աշխատանքները, «Վարդանանքի» նկարազարդումներն ու թարգմանությունները, մեր Դոն Կիխոտի` ոչ պակաս քաջերի ասպետ սքանչելի «Քաջ Նազարի» բեմական պատմությունը, «Պույ-պույ մուկիկի» ու «Գիրք ծաղկանցի» տարբեր լեզուներով հրատարակությունները:



 



Տեսնելու, ուսումնասիրելու քիչ բան չկա, մնացածը թողնում եմ ապագա այցելուներին: Միայն կարող եմ վստահորեն ասել, որ Դեմիրճյանի տուն-թանգարան պիտի ոտք դնել խանդավառությամբ, որպեսզի իրերը, լուսանկարները, գրողի բնակեցրած տարածությունը ցուցադրի իր ողջ հմայքը: Եվ պիտի հուսալ, որ պետությունը ղեկավարող անպատասխանատու ու անմշակույթ անձինք գոնե մեկ օր կհիշեն ու կկատարեն իրենց խոստումը, եւ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը  վերջապես կվերանորոգվի, թե չէ նրա «Հայը» հոդվածի յուրաքանչյուր խոսք ամեն անգամ դատապարտվելու է ճշմարտացիության:



 



ՀԳ - Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գտնվում է Աբովյան 29 հասցեում, բացի երկուշաբթի օրվանից, գործում է ամեն օր, ժամը 10:00-16:00-ն: Մուտքը՝ ընդամենը 300 դրամ: