«Վանդալիզմ է, մենք Նախիջեւանի հուշարձանների համար կսեինք, իսկ մերը…»

«Վանդալիզմ է, մենք Նախիջեւանի հուշարձանների համար կսեինք, իսկ մերը…»
Այսօր Գյումրու քաղաքապետարանում կայացած ավագանու նիստի ժամանակ քննարկվեց նաեւ Շիրակի երկրագիտական թանգարանին նոր շենքային պայմաններ տրամադրելու վերաբերյալ վարչապետին ուղերձ հղելու հարցը: Նախաձեռնողն ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն էր: Այս հարցի վերաբերյալ Լ.Բարսեղյանն ասաց, որ 1830-ականներից մենք ունենք Շիրակի երկրագիտական թանգարան, որն ունի բացառիկ ցուցանմուշների հավաքածու: Թանգարանն ըստ  Լ.Բասեղյանի վերածվել է պահեստի եւ ցուցանմուշները ցուցադրելու տեղ չկա: Դրանց թիվն անընդհատ ավելանում է, քանի որ թանգարանի աշխատողներն ակտիվ պեղումների մեջ են:



 



«Հազար ներողություն, քոչվորի նման մի շենքից մյուս շենքն են գնում: 1988 թվականից մի հարկանի փոքր  շենքում է այդ ամբողջը տեղավորված:  Գիտենք, որ  նոր հիվանդանոց կառուցելու եւ շահագործման հանձնելու  արդյունքում  մի քանի շենքեր են ազատվել քաղաքում:  Թանգարանն էլ է պետական, Գյուլբենկյանի շենքն էլ: Առաջարկում եմ ընդունենք ուղերձ  ուղղված վարչապետին եւ կոչ անենք Գյուլբենկյանի շենքի մի կամ մեծ մասը հատկացնել թանգարանին եւ քաղաքում մի գործող թանգարան ավել կունենանք»:  Լ.Բարսեղյանի դիտարկումներին համաձայնեց   քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այնուհետեւ քննարկվեց  Մյուս կարեւոր   հարցը  Գյումրու առաջին գերեզմանոցի հուշարձանների իրադրությունը պարզելու  եւ այլ միջոցառումների իրականացման համար ավագանու ժամանակավոր հանձնաժողով կազմելու եւ հանձնաժողովին հանձնարարություններ տալու  մասին հարցը:



 



Քանի որ օրենքով գերեզմանատներում ՏԻՄ-ը   լիազորություններ ունի ուսումնասիրություններ կատարելու,  Լ.Բսրսեղյանը պնդեց, որ Գյումու  թիվ առաջին գերեզմանատանը ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն կա: Իրեն  նամակով դիմել է պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային կառույցի տնօրեն Ավետիք Մելիք-Սարգսյանը, որում նշված է, որ համանման նամակով նաեւ  քաղաքապետին է դիմել: Նա իր  մտահոգություններն է հայտնել   առաջին գերեզմանոցում տիրող կացության շուրջ:



 



«Առաջին գերեզմանատանը հին քարեր են ջարդվում, կոտրվում: Այս մասին նաեւ լուսանկարներ կան արված: Առաջարկում եմ ավագանու հանձնաժողովներից մեկին, որը գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերով է զբավում, ենթահանձնաժողովի նման մարմին ձեւավորի  իր կազմից, ներգրավելով հուշարձանների մասնագետների: Ենթադրաբար 3 ամսվա ընթացքում ուսումնասիրի, պարզի, թե ինչ իրավիճակ է այդ գերեզմանոցում, թե որքանով են իրականությանը համապատասխանում նամակում բերված մտահոգությունները: Ինչպիսին է տեղի ունեցած ավերածությունները, եթե այդպիսիք կան»: Ավագանու անդամն ասաց, որ իր առաջարկությունն աննախադեպ է եւ պետք է պարզել առաջին գերեզմանոցում վտանգված գերեզմանների քանակը: Նաեւ դրանք վնասվածության եւ ոչնչացման սահմանները: «Պետք է սահմանել գերեզմանատան տարածքում թաղված նշանավոր մարդկանց  գերեզմաների մոտ տեղադրվելիք հատուկ ցուցանակների ցնակը եւ կատարված աշխատանքների մասին զեկուցել ավագանուն»: Ավագանու անդամի ելույթից հետո ներկաներից մեկն  ասաց.«Վանդալիզմ է, մենք Նախիջեւանի հուշարձանների համար կսեինք, իսկ մերը…»:



 



Համաձայնելով Լ.Բարսեղյանի առաջարկին, քաղաքապետն ասած, որ Գյուրջիեվի հիմնադրամից իրենք ստացել են նամակ, որտեղ  նշված է գերեզմանատանը կատարված խեղաթյուրումների մասին:



 



«Հավերժ հիշատակի» գերեզմանոցի տնօրենը եւս համաձայնեց  առաջարկի հետ: Նա պնդեց, որ մարդը,  100 տարվա գերեզմանը քանդում է, կնոջ համար տեղ ազատելու համար, ասելով, որ դա իրենն է: Ս.Բալասանյանն էլ ավելացրեց, որ եթե մարդն ուզենա շարժվել գերեզմանոցով, քարերի վրա թռչելով պետք է շարժվի: Քարտեզագրում էլ չկա: «Ես երբ նոր էի քաղաքապետ դարձել, մի հատ բողոք ստացանք, որ ինչ-որ մեկի գերեզմանոցը վերցրել են, կառուցապատել եւ ուրիշ մարդ թաղել, ինչը չէր կարելի:  Ուշադիր պետք է լինել, որ Էդպիսի բաներ չկրկնվեն: Նույնիսկ ավելի շուտ պետք է սկսել գերեզմանատանն ուսումնասիրման աշխատանքները: «Եթե պետք է, մենք լրացուցիչ գումարներ կտանք քարտեզագրման աշխատանքների համար»:



 



Վերջում նշեմ, որ  ավագանու նիստին քննարկվեց 11 հիմնական եւ 8 լրացուցիչ հարց:  Իսկ ամենակարեւոր հարցերից մեկը, որ վերաբերվում էր Շիրակի մարզպետարանի Գյումրու քաղաքապետարանում իրականացված վարչական ստուգումներին, քննարկեց լրացուցիչ հարցերի շրջանակներում եւ ոչ գլխավոր հարցերի:  Թեմայի շուրջ զեկուցող Ա.Բալաբեկյանն ասաց, որ մարզպետարանի Գյումրու քաղաքապետարանում իրականացված վարչական հսկողության ակտը պետք է ներկայացվեր ավագանու քննարկմանը: «Ակտում ներառնված առաջին կետերից մեկն այն է,որ նախկին վարչական հսկողության ակտը չի ներկայացվել համայնքի ավագանու քննրկմանը եւ դա ֆիքսվել է, որպես թերություն: Հիմա մենք ներկայացնում ենք այդ ակտը»: Նշեմ, որ ԶԼՄ ներկայացուցիչներին այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը, ուստի լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչի մասին է խոսքը: Ս.Բալասանյանը հորդորեց  այն լրագրողներին, ովքեր հարցեր ունեն տալու պարոն Բալաբեկյանին, հետո դա անեն:



 



Նշեմ, որ ըստ 2012 թվականի նոյեմբերի 28-ին կազմված ակտի,  համայնքի  բյուջեի կատարման հարցում թերացումներ են նկատվել, երբ բյուջեով նախատեսված եկամուտների դիմաց փաստացի  մուտքը քիչ է եղել:  Նաեւ նշված է, որ 2011 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ավագանին համաձայնել է համայնքի կարիքների համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով «Յունիբանկ» ՓԲԸ-ից  8490.0 հազար դրամ վարկ վերցնելու վերաբերյալ եւ համապատասխան նշումներ չի կատարել վարկ ստանալու վերաբերյալ  պետական լիոզորված մարմնի համաձայնության կամ նրան դիմելու վերաբերյալ: Մարզպետարանի քաղաքապետարանում  իրականացված ստուգումների վերաբերյալ ակտում քաղաքապետարանի աշխատանքի բազմաթիվ ոլորտներում թերացումներ են հայտնաբերվել:



 



Հավելեմ, որ նիստի ժամանակ քննարկվող լրացուցիչ հարցերից էր նաեւ համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուների վրա մալուխների ամրակցման մեկ կետի վարձույթի չափ սահմանելու մասին հարցը: Ավագանին որոշեց  Հայաստանյաց Առաքելական  Սուրբ եկեղեցուն տարածք նվիրաբերել Գյումրու Աբովյան փողոցի N 252 հասցեի շինությունից:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ