Այլիսլին դժգոհ է

Այլիսլին դժգոհ է
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի կարծիքով, իր «Քարե երազներ» վեպի հայերեն թարգմանությունը քաղաքական նպատակներ է հետապնդում: Այդ մասին նա կարծիք է հայտնել «Ազադլիգ» ռադիոկայանին տված հարցազրույցում:



 



Գրողը նշել է, որ իր վեպի թարգմանության եւ հրատարակման մասին իմացել է ապրիլի 11-ին, համացանցից` նշելով, որ վեպը հրատարակողներն իր համաձայնությունը չեն ստացել: Բացի այդ, Այլիսլին ընդգծել է, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ որքան ադրբեջանցիներն էմոցիոնալ վերաբերվեն այդ ստեղծագործությանը, այդքան դրանից փորձելու է օգտվել հայկական կողմը: Դիտարկմանը՝ եթե հարցնեին, կհամաձայնե՞ր, պատասխանել է. «Եթե ինձ հարցնեին, ես խորհուրդ չէի տա: Որովհետեւ հիմա դա արդեն վերածվում է քաղաքական հարցի»: Ադրբեջանցի գրողի գիրքն այս օրերին հրատարակվեց միանգամից երեք հայկական` «Նորք», «Գրաբեր», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների կողմից, տարբեր հեղինակների թարգմանությամբ:



 



«Նորք» հրատարակչությունն առայժմ տպագրել է 500 տպաքանակով, գրքի հրատարակիչ, արձակագիր Ռուբեն Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե փորձե՞լ են ստանալ Այլիսլիի համաձայնությունը: «Մենք իրեն փնտրել ենք, փորձել ենք ստանալ նրա համաձայնությունը, բայց կամ մեր նամակները տեղ չեն հասել, կամ չի ուզեցել մեզ պատասխանել, բայց եթե ինքը որեւէ պահանջ կունենա, մենք իր հեղինակային իրավունքը կարող ենք բավարարել»: Ինչ վերաբերում է այն հարցին, որ գրքի հայերեն թարգմանությունը քաղաքական նպատակներ է հետապնդում, ապա, ըստ Հովսեփյանի, կարելի է նաեւ ինչ-որ չափով այդպես ասել, որովհետեւ հետաքրքրությունը մեծ է գրքի հանդեպ, եւ ադրբեջանցի գրողն իրականությունն է բարձրաձայնում ոչ իշխանական քարոզչության տեսանկյունից: «Բայց ինձ անձամբ գիրքը հետաքրքրել է գեղարվեստական առումով, ինչքան էլ ի նպաստ մեզ լիներ, բայց եթե վատ գրված լիներ, դժվար թե տպագրեի»,- եզրափակեց Ռուբեն Հովսեփյանը: