TV-ները պատրաստ չեն աջակցել հայկական կինոարտադրողին

TV-ները պատրաստ չեն աջակցել հայկական կինոարտադրողին
Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC նախագծի շրջանակներում կազմակերպվել էր «Կինո եւ մեդիա» քննարկում, որին ներկա էին կինոոլորտի եւ մի քանի մեդիա դաշտի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում հիմնականում անդրադարձ եղավ նրան, որ հայկական հեռուստաընկերությունները հետաքրքրված չեն հայկական կինոյով, այլ միայն այն ֆիլմերով, որ իրենք են արտադրում, իսկ տվյալ դեպքում` սերիալներով:



 



Ու չնայած «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ հեռուստաընկերությունը պետք է վճարի ցուցադրվող ֆիլմի դիմաց, բայց իրականում ոչ մի տեղ օրենքի այդ կետը չի գործում, դեռ ավելին` հեռուստատեսությունն ինքն է կինոարտադրողից պահանջում եթերաժամի վարձ: Այլ կերպ ասած՝ հեռուստաընկերություններն աշխատում են օրենքի դաշտից դուրս, ինչի հետ համաձայն էին բոլորը: «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն էլ նշեց, որ տարեկան միջին կարգի հեռուստատեսությունը գնում է 600-700 տարբեր ժանրի ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրի համար վճարում է մոտ 100 դոլար: Իսկ եթե հեռուստաընկերությունը կարողանում է 100 դոլարով ձեռք բերել հոլիվուդյան վերջին ֆիլմերը, անհնար է, որ նա թեկուզ հենց այդ նույն 100 դոլարը տա ու հայաստանյան որեւէ մի ֆիլմ ձեռք բերի: «Ու հեռուստաընկերությունն ասում է, որ ես քեզ չեմ կարող վճարել դրա համար, լավագույն դեպքում կարող եմ տրամադրել տարածք: Այս իմաստով հայկական հեռուստաընկերությունները ֆինանսապես չեն կարող աջակցել կինոարտադրողներին»,-նշեց նա` հավելելով, որ մասնավոր հեռուստաընկերություններին պետությունը չի կարող պարտադրել որեւէ բան, բայց Հանրայինին կարող է:



 



«Շողակաթ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արայիկ Շիրինյանը համաձայն չէր հնչած տեսակետի հետ, քանի որ, ըստ նրա, հեռուստաընկերության ֆինանսական եւ տնտեսական գործունեությունն է մասնավոր, բայց եթերը հանրային է, եւ եթե լիցենզիա է ստանում, կարող է պարտավորվել շաբաթը գոնե մեկ ժամ տեղական արտադրողի վավերագրական ֆիլմ ցուցադրել. «Այդ ժամանակ թող «Շողակաթն» ընտրի իր սիրած վավերագրական ֆիլմերը, «Արմենիան» էլ՝ իր սերիալները, բայց գոնե այդ պարտավորությունը լինի»: Որպես հակափաստարկ հնչեց այն միտքը, որ քանի դեռ մասնավորը վճարունակ չէ, խախտելու է օրենքը: Իսկ եթե լինի նման պարտադրանք, հեռուստաընկերությունների 99 տոկոսը կհայտնվի փակվելու խնդրի առաջ: Արայիկ Շիրինյանի գնահատմամբ, Հայաստանում գործող ցանկացած TV կարող է ցանկացած փառատոնային ֆիլմ մերժել՝ պատճառաբանելով, թե հեռուստատեսային ֆորմատներին չի համապատասխանում, մինչդեռ աշխարհում հեռուստատեսություններն ունենում են պարտավորություններ՝ ցուցադրել այն կինոարտադրանքը, որը նույնիսկ չի համապատասխանում իրենց ֆորմատին:



 



«Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանն էլ նշեց, որ հաճախ ավելի նախընտրելի է ֆիլմն առանց գումարի տալ հեռուստաընկերությանը՝ ցուցադրության համար, քան դրա դիմաց ստանալ, ասենք, 50 հազար դրամ, բայց քննարկման մասնակիցներից շատերը կողմ էին անգամ այդ գումարին, որովհետեւ գոնե այդկերպ վճարման մեխանիզմը կզարգանա մեզանում: