Գրագողությունից մինչեւ անձնական վիրավորանք. Ով է «Ծաղիկներ» երգի հեղինակը

Գրագողությունից մինչեւ անձնական վիրավորանք. Ով է «Ծաղիկներ» երգի հեղինակը

«Ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ», «Պետք չէ, սիրելիս, պետք չէ», «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս». այս բոլոր երգերի հեղինակային իրավունքներն արդեն երկար ժամանակ վիճարկում են երկու երաժիշտներ` 81-ամյա դուդուկահար, կլարնետահար, երաժիշտ Սեդրակ Հովհաննիսյանը եւ երգահան Հասմիկ Մանասերյանը: Իսկ բանավեճի սկիզբը դրվեց 2 տարի առաջ, երբ հեռուստատեսությամբ «Երգ երգոց» հաղորդման ժամանակ բոլոր այդ երգերը վերագրվեցին Հասմիկ Մանասերյանին:



Ինչից հետո Սեդրակ Հովհաննիսյանը գնում է «Հեղինակային իրավունքի հայ հեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի մոտ եւ ասում, որ այդ երգերի միայն բառերի հեղինակն է Հասմիկ Մանասերյանը, երաժշտության հեղինակն ինքն է: Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ժամանակին չի գրանցել իր հեղինակ լինելու փաստը, Սեդրակ Հովհաննիսյանը թե այն ժամանակ եւ թե հիմա նույնկերպ է պատասխանում. «Ես ընդամենը ինքնուս երգահան եմ, իմ երգերն ստեղծելով՝ հպարտացել եմ, որ դրանք ժողովրդականություն են վայելել, բայց մտքովս չի անցել, որ դրանք պետք էր գրանցել, առավել եւս հետո իմացա, որ նույնիսկ օրենքը չի պարտադրում, որ ստեղծագործողը դրանք անպայման գրանցի»:






Սեդրակ Հովհաննիսյանը պատմում է, որ 1965թ.-ից սկսած՝ այդ երգերն առաջին անգամ կատարվել են իր երաժշտախմբի եւ դրա մեներգիչ Ռազմիկ Գրիգորյանի կողմից: Ապա հանում եւ ցույց է տալիս երգերի գրանցման փաստաթղթի պատճենը եւ նշում, որ Մանասերյանը, օգտվելով իր անտեղյակությունից եւ լռությունից, 1967 թ. գաղտագողի գնում եւ գրանցում է երգերի բառերի հեղինակ լինելը, միաժամանակ թերթիկում երաժշտության հեղինակի դիմաց գծիկ քաշում, իսկ մեկ տարի հետո՝ 1968թ.-ին արդեն երաժշտության հեղինակի դիմաց էլ է իր անունը գրանցում: Բայց երկու տարի առաջ` հաղորդումը դիտելուց հետո, Հովհաննիսյանը վերցնում է բոլոր իր գրքերը, 50 տարվա վաղեմության երգերի տետրը, առաջին ձայնագրությունը եւ գնում Մանասերյանին հյուր: Վերջինս, Հովհաննիսյանի խոսքերով, այնքան է զարմանում, որ ոչ մի բառ չի կարողանում խոսել. «Միայն որդին, երբ լսեց իմ տարած մագնիտոֆոնի վրա այդ երգերի առաջին կատարող Ռազմիկ Գրիգորյանի կատարումները, խնդրեց, որ այդ ձայնագրությունը տամ իրենց, հետո բերեց դատարկ կասետ, ես ձայնագրեցի ու տվեցի իրենց»:






Հովհաննիսյանը պատմում է, որ Հասմիկ Մանասերյանից ոչ երգերի հոնորարներն է ուզում եւ ոչ մի ուրիշ բան, այլ միայն ուզում է, որ հրաժարվի այդ 8 երգերից, որպեսզի կարողանա գրանցել իր անունը: Բայց Մանասերյանը ոչ միայն չի հրաժարվել, այլեւ ամենուր սկսել է տարածել, թե Հովհաննիսյանը խելքը գցել է եւ ցանկանում է իր ձեռքից խլել այդ երգերը: Բայց Հովհաննիսյանը չի սահմանափակվում միայն դրանով եւ 2012թ.-ին, իր հեղինակային իրավունքը պաշտպանելու համար, դիմում է դատարան, որը, սակայն վճռում է, որ դիմումն անհիմն է: Հովհաննիսյանն ու նրա փաստաբանը վստահ են, որ դատարանը խեղաթյուրել է գործում եղած փաստերը եւ կայացրել անհիմն որոշում:






Մասնավորապես. հաշվի չի առնվել վկաներ Ռազմիկ Գրիգորյանի, Սամվել Մուրադյանի, Անատոլի Կուտյեպովի գրավոր հայտարարությունը, իսկ երգերի առաջին կատարող Գրիգորյանի ցուցմունքին ընդհանրապես չեն անդրադարձել: Հովհաննիսյանի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Վիկտոր Բաղդագուլյանի խոսքերով, կարելի է Մանասերյանին հասկանալ, որովհետեւ 50 տարի տարածել է, որ ինքն է հեղինակը եւ հանկարծ հիմա սուտը բացահայտվել է: Փաստաբանը նշում է, որ լավ տիրապետելով խոհանոցին, գիտի, թե ինչ ճնշումներ են եղել դատավորի վրա, բայց ինքը ոչ մի դեպքում հետ չի կանգնելու այս գործից, քանի որ դա նաեւ իր մասնագիտական պատիվն է եւ պետք է ապացուցի, որ գործ ունենք գրագողության դեպքի հետ: Սակայն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կայացրած վճռից հետո այժմ արդեն դիմել են վճռաբեկ դատարան եւ հարկ եղած դեպքում, ըստ Բաղդագուլյանի, գնալու են նաեւ Եվրադատարան: Հովհաննիսյանն ու Բաղդագուլյանն այժմ պահանջում են, որ կոմպետենտ հանձնաժողովի եւ երաժշտական փորձագետների կողմից ստուգվի, թե վերջապես ով է այդ երգերի երաժշտության հեղինակը:






«1959թ. Հասմիկ Մանասերյանը, լինելով ընդամենը 18 տարեկան, չունենալով ամենատարրական պատկերացում երաժշտության մասին, չնվագելով երաժշտական որեւիցե գործիքի վրա, չիմանալով որեւիցե նոտա, չկարողանալով երգել, չունենալով ձայնային եւ երաժշտական տվյալներ, ինչպե՞ս է ստեղծել այդ 8 երգերը, ինչպես՞ է վերարտադրել այդ երգերը եւ փոխանցել 2-րդ անձին, ի՞նչ ձեւերով, եղանակով, ե՞րբ եւ ո՞ւմ ներկայությամբ է ստեղծել այդ երգերը»,- նշում է Վիկտոր Բաղդագուլյանը եւ հավելում, որ, իբրեւ ապացույց, Մանասերյանը բերել է իր մասին 60-ականների մի քանի թերթերում տպագրված հոդվածներ, որը, ըստ նրա, հենց իր դեմ է, քանի որ այնտեղ բազում հակասական փաստեր ու պատմություններ կան: Հայցվոր կողմն այժմ պատրաստվում է նաեւ երկրորդ հայցով մտնել դատարան՝ այս անգամ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, քանի որ Մանասերյանը Հովհաննիսյանին մամուլում «գիժ է անվանել: Կապվեցինք նաեւ Հասմիկ Մանասերյանի հետ, ով նշեց, որ այդ հարցը վաղուց վերջացած հարց է` գոնե իր համար. «Այդ երգերը ես եմ գրել, եւ ժողովուրդն արդեն 40-50 տարի գիտի, որ դրանք իմ երգերն են, դա նորություն չէ, եւ թող նոր բաներ իր եւ ուրիշների համար չստեղծի: Ես նրան չեմ ճանաչել եւ, բացի դա, ես ուրիշի խոսքերով երգեր համարյա չեմ գրել, իսկ այդ բոլորն իմ երգերն են առանց որեւէ կասկածանքի, դա հաստատում է նաեւ հեղինակային կոմիտեն, որտեղ ես գրանցել եմ տվել այդ երգերը: Ես չեմ հասկանում՝ այդ մարդն իսկապե՞ս խելքը գցել է, թե՞ դիտավորություն ունի, ես չեմ ուզում իր հետ կապի մեջ մտնել: Ամեն մարդ էլ կարող է ասել, որ ես այսինչ ստեղծագործությունն եմ գրել, բայց փաստեր պետք է լինեն»: Երբ նշեցինք, որ հօգուտ հայցվոր կողմի ցուցմունք էին տվել երգերի առաջին հեղինակը` Ռազմիկ Գրիգորյանը, Սամվել Մուրադյանը, վերջինս այսպես արձագանքեց. «Ո՞վ է այդ Ռազմիկ Գրիգորյանը… Սամվել Մուրադյանին ես չեմ ճանաչում եւ չեմ էլ ուզում ճանաչել, ես այդ հարցը փակված եմ համարել, ո՞նց կարելի է մարդկանց այդ աստիճան հոգնեցնել, երբ հեղինակային կոմիտեն, դատարանը հաստատեցին, որ դրանք իմ երգերն են, դուրս եկեք, ժողովրդին հարցրեք՝ ո՞վ է «Ծաղիկներ» երգի հեղինակը, կասեն՝ Հասմիկ Մանասերյան, իսկ իր անունն անգամ չգիտեն»:






Ինչ վերաբերում է իր երաժշտական կրթություն չունենալուն, ապա «մեր բոլոր գուսաններն էլ, Սայաթ-Նովայից սկսած, նոտաներ չգիտեին, բայց ստեղծագործում էին, մեր գուսաններից ո՞ր մեկն ունի երաժշտական կրթություն, ստեղծագործելը բնական շնորհք է, իսկ իր գրած երգերից ո՞ր մեկն է ժողովրդին հայտնի` ոչ մեկը»: Ինչ վերաբերում է Հովհաննիսյանին «գիժ» ասելուն, ապա Մանասերյանը դա ասել է այն բանից հետո, երբ Հովհաննիսյանն իրեն ասել է` գրագող Մանասերյան: Վերջինիս խոսքերով, հենց միայն այդ հանգամանքից ելնելով, առաջինն ինքը կարող էր դատի տալ Հովհաննիսյանին. «Գրագողությունը գիտե՞ք ինչ մեծ ապտակ է, գողություն է դա…. Ես կարող էի իրեն դատի տալ, բայց մտածում եմ, որ մեծ մարդ է եւ չի կարելի, եթե անգամ ինքն իրեն թույլ է տալիս, ես ինձ թույլ չեմ տա»:






Դրանից հետո զանգահարեց Հասմիկ Մանասերյանի տղան եւ խիստ վճռական տոնով հայտարարեց, որ համաձայն չէ այս հոդվածի տպագրվելուն: Հիշեցրի, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, ասաց, որ այդ դեպքում չի ուզում մոր խոսքերը գրենք, պատասխանեցի, որ դա նույնպես իր իրավասության շրջանակում չէ, առավել եւս, որ ներկայացել եմ` ով եմ, որտեղից, եւ տիկին Մանասերյանն էլ պատրաստակամ պատասխանել է իմ հարցերին: