Ոստիկանությունը շատ է ուզում, որ իրեն հավատան

Ոստիկանությունը շատ է ուզում, որ իրեն հավատան
Ոստիկանությունն արդեն երրորդ անգամն է հավաստիացնում այն մասին, որ Երևանի ավագանու ընտրության օրը հրավառություն կազմակերպած անձիք կպատժվեն: Այսօր կրկին Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ուր ասված է.



«Մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում արձանագրվել է հրագործական արտադրատեսակների օգտագործման 3 դեպք, և իրավախախտում թույլ տված երեք անձանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագորություններ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:





Հիշեցնենք, որ մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել էին հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել էր  բնակիչների հանգիստն ու անդորրը:



Մայիսի 6-ին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով,  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:



Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար»: