Զինդատախազն ամրապնդում է դիրքերը

Զինդատախազն ամրապնդում է դիրքերը
Անցյալ տարեվերջից սկսած՝ դատախազության համակարգում բազմաթիվ կադրային փոփոխություններ են կատարվում: Դրանց արդյունավետությունն առայժմ տեսանելի չէ, բայց ակնհայտ է, որ նոր նշանակումներն ամրապնդում են զինդատախազ Կոստանյանի դիրքերը համակարգում, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թիմը թուլանում է:



 



Հայտնի է, որ ՀՔԾ նոր պետը՝ Վահրամ Շահինյանը, բարիդրացիական հարաբերությունների մեջ է Գեւորգ Կոստանյանի հետ, իսկ Անդրանիկ Միրզոյանի հեռացման հարցում զինդատախազի դերի մասին բազմիցս է գրվել: Հայտնի է, որ հենց Կոստանյանն է զեկուցել նախագահին շարքային Հայկ Մովսիսյանի ինքնասպանության մանրամասների, այս ողբերգության մեջ պաշտոնատար անձանց մեղքի մասին: Հոգեկան խնդիրներ եւ ինքնասպանության հակում ունեցող երիտասարդին բանակ են տարել, դասալքության համար դատապարտել 3 տարվա ազատազրկման, ինչի պատճառով էլ նա կախվել է: Մինչդեռ ՀՔԾ պետը փորձել է ներկայացնել նախագահին, թե իբր բանակայինին ինքնասպանության են հասցրել զինվորները: Միրզոյանին ազատելու որոշման հարցում կարեւոր չի թվացել այն, որ Կոստանյանի ղեկավարած ծառայությունն առաջինն է թերացել այս գործում: Առիթ էր պետք ազատվելու գլխավոր դատախազի «մարդուց», նրա ընկեր Անդրանիկ Միրզոյանից, եւ այն ընձեռվեց: Դատախազական համակարգում պատմում են, որ, ստանալով ազատման հրամանը, Միրզոյանը տարակուսանքի մեջ է ընկել եւ մի քանի անգամ ընթերցել այն՝ չհավատալով սեփական աչքերին, այնքան անսպասելի է եղել իրեն հեռացնելու մասին որոշումը:



 



Ճիշտ է, որպես Միրզոյանի հեռացման բուն պատճառ, նաեւ նշվում է նրա առնչությունը ոստիկանական համակարգում խորհրդավոր ֆինանսական բուրգին, բայց նախ, սա զուտ տեսական դատողություն է, երկրորդն էլ, ո՞ր իրավապահ համակարգում ֆինանսական «բուրգեր» չկան: Հատուկ քննչականը, ոչ ֆորմալ առումով, Աղվան Հովսեփյանի ազդեցության եւ կուրացիայի տակ էր, եւ Միրզոյանի ազատումն ընկալվեց որպես քայլ ընդդեմ գլխավորի: Խոսակցությունները վերջինիս մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ ակտիվացան: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունը դուրս բերելով «գլխավորի տակից», նոր պետը՝ Վահրամ Շահինյանը, հնարավորություն ստացավ ուսումնասիրելու դատախազությունից ՀՔԾ ձգվող բոլոր անտեսանելի թելերն ու կապերը եւ հարուստ նյութ հավաքելու գլխավոր դատախազի «կուրացիայի» վերաբերյալ: Ի սկզբանե, Վահրամ Շահինյանն ընկալվեց որպես նախագահականի մարդ: Սերժ Սարգսյանն անձամբ գնաց ՀՔԾ եւ ներկայացրեց նոր պետին՝ սրանով նաեւ ընդգծելով այս կառույցի կարեւորությունը: Ապա lragir.am-ին տված հարցազրույցում նա հաստատեց, որ խնդիր է դրված ՀՔԾ-ն դարձնել ինքնուրույն կառույց՝ դատախազության ազդեցությունից զերծ, ինչը տարիների ընթացքում ձեւավորված իրողություն է: Ինչպես հայտնի է, բազմաթիվ եվրոպական երկրներում ՀՔԾ-ն անկախ մարմին է՝ ուղղակի նախագահին ենթարկվող, քանի որ կարեւորագույն գործառույթ ունի՝ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ղեկավարների, պետական հատուկ  ծառայություն իրականացնող անձանց կատարած հանցագործությունների, ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննությունների իրականացնում:



 



Ի դեպ, ՀՔԾ-ի ստեղծումը հենց նախաքննությունը դատարաններում մեղադրանքի պաշտպանությունից զատելու նպատակ ուներ՝ նախաքննությունն իրականացնում է ՀՔԾ-ն, իսկ մեղադրանքը պաշտպանելու, հաստատելու, նախաքննության նկատմամբ հսկողություն իրականցնելու իրավասությունը պատկանում է դատախազությանը: Միջազգային կառույցները պահանջում էին դրանք իրարից տարանջատել եւ մերոնք որոշեցին, որ ձեւականորեն կտարանջատեն, իսկ իրականում ՝ ամեն ինչ կմնա առաջվա նման: Հեռու չէ այն ժամանակը, երբ օրենսդրորեն կփոխվի այս մարմնի կարգավիճակը, բայց առայժմ բոլոր փոխատեղումները զուտ թիմային վերադասավորումների են բերում: Այս նույն սերիայից է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների նոր դատախազի՝ Թեւոս Միրզաբեկյանի նշանակումը, որը վերջերս ազատվեց ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Սա  համակարգի ամենանախանձելի պաշտոններից է: Պատահական մարդիկ այստեղ չկան: Միրզաբեկյանը եւս վատ հարաբերությունների մեջ չէ Կոստանյանի հետ եւ զինդատախազության համակարգից է եկել: Նա Լոռու կայազորի զինվորական դատախազն է եղել, հետո՝ Շիրակի կայազորի: Ընդամենը 4 ամիս առաջ էր նշանակվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, եւ ահա նոր «յուղոտ» նշանակում: Այս հարցում դեր կատարեց նաեւ այն, որ Միրզաբեկյանը հզոր փեսա ունի:



 



Նրա դուստրը՝  Էվելինա Միրզաբեկյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի կինն է: Ի դեպ, չնայած կադրային վերջին փոփոխությունները թուլացնում են գլխավոր դատախազի դիրքերը, համակարգում շշուկներ են տարածվում, թե նրան, հարաբերություններ հարթելու անձնական հատկանիշների շնորհիվ, կրկին հաջողվել է ֆավորիտ դառնալ: Աղվան Հովսեփյանի հեռանալու հեռանկարն այս պահին կրկին 50/50 է: