Պարտքի ու պարտականության մասին

Պարտքի ու պարտականության մասին
Հերթական զորակոչի օրերն են: Հեռուստատեսությունները, թերեւս, ազգային-հայրենասիրական թեմաները հիշելով եւ իրենց կրթադաստիարակչական ֆունկցիան կատարած լինելու մղումով, պարտաճանաչորեն ռեպորտաժներ են անում կենտրոնական հավաքակայանից, որտեղից նորակոչիկները մեկնում են բանակ:



 



Բայց այդ ռեպորտաժները երբեմն հակառակ էֆեկտն են տալիս: Երեկ դրանք նայելով՝ «Հրապարակի» ընթերցողներից մեկը մեր ուշադրությունն էր հրավիրում զորակոչի մեկնողների սոցիալական կազմի վրա: Բոլորը խեղճ ու կրակ մարդկանց, գյուղացիների, սոցիալապես անապահովների զավակներ են՝ ասում էր մեր զրուցակիցն ու ավելացնում. «Փոքր երկիր է՝ ամեն ինչ աչքի առաջ: Ախր տեսնում ենք, չէ՞, որ հարեւանի տղան, էսինչ պաշտոնյայի փեսան, էն մեկի զարմիկը կամ բանակ չեն գնում, կամ գնում են տաքուկ ու թիկունքային ծառայության»: Բայց նաեւ մարդիկ խոսում են, որ փողով բանակից ազատվելը բարդացել է, գները բարձրացել են, Սեյրան Օհանյանն անխնա պատժում է բռնվողներին, եւ դա որոշակի զսպող դեր է խաղացել:



 



Բայց նորից կրկնենք՝ «փոքր երկիր է», ցանկացած թատրոն, ցուցադրական ելույթ նկատվում է, եւ մարդիկ այլեւս չեն խաբվում: Մարդիկ այնքան շատ բան են տեսել, որ երբեմն անգամ անկեղծ ու ազնիվ պահվածքին են կասկածում, ուր մնաց կեղծիքը չզգան: Մի բան պարզ է, որ անարդարությունն ու անհավասարությունը զզվեցրել, հոգնեցրել են մարդկանց: Նրանք կարող են ներել Տարոն Մարգարյանի 8 միլիոնանոց ունեցվածքը, բայց նրա որդու արտոնյալ վիճակը՝ բանակից խուսափելը, պատրաստ չեն ներելու: Մարդիկ ասում են՝ հասարակությունը կարող է ունեցվածքի ու բարեկեցության առումով անհավասար լինել՝ յուրաքանչյուրին ըստ աշխատանքի ու ընդունակությունների, բայց քաղաքացիական պարտքի ու օրենքի առաջ հավասարության առումով՝ չի կարող: