Հիմա էլ սուրենավանցիներն են բողոքում

Հիմա էլ սուրենավանցիներն են բողոքում
Պարզվում է` գյուղատնտեսության նախարարությունը ստել է, երբ նախօրեին հայտարարում էր, թե արարատցիների բարձրացրած բողոքից հետո ծիրանը մթերելու են կիլոգրամը 500 դրամով:



 



Նախօրեին մեր թղթակիցն այցելել է Արարատի մարզի Սուրենավան գյուղ, որտեղ գյուղացիներից արդեն 4-5 օր է՝ ֆուռատերերը շարունակում են ծիրանը գնել արկղերով եւ խայտառակ ցածր՝ 3 հազար դրամ գնով, այն դեպքում, երբ մեկ արկղում մոտ 12 կգ ծիրան է տեղավորվում: Հիշեցնենք, որ օրեր առաջ այս պատճառով արարատցիները փակել էին մայրուղին, որի առիթով մարզ էին ուղարկել գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանին: Արարատի մարզպետարանում հրավիրված արտահերթ խորհրդակցությունից հետո հենց փոխնախարարն էլ հայտարարել էր, որ պայմանավորվել են այն մթերել 1 կգ-ն 500 դրամով: Բացի «Սպայկայից», այլ մթերողներ էլ այստեղ կան, ընդ որում՝ ամենաբարձր գնով, բայց սահմանափակ քանակությամբ մթերում է հենց նշված ընկերությունը. 1 կգ-ն՝ 400-450 դրամով:



 



Մինչդեռ մյուս մթերողները, օգտվելով այն հանգամանքից, որ ծիրանը շուտ փչացող ապրանք է, կամայական գին են պարտադրում գյուղացիներին: Սուրենավանցիները մեր լրագրողի հետ զրույցում դժգոհել են, որ միայն անձրեւային օրերին, երբ բերքահավաքն ընդամենը մի քանի ժամ էր տեւում, իրենց բերքը գնել են 700 դրամով, այնուհետ սկսել են հաշվել արկղով՝ 4 հազար, ապա 3 հազար դրամով: Ավելին, որոշ մթերողներ նույնիսկ կանխիկ գումարը չեն տվել սուրենավանցիներին, եւ արդեն երկու օր է՝ այստեղ գյուղացիները չեն թողնում, որ ծիրանով բեռնված ֆուռը դուրս գա գյուղից, պահանջում են իրենց գումարները: Մեզ չհաջողվեց զրուցել բողոքի առիթ տված մթերողի հետ, սակայն գյուղացիները հայտնեցին, որ նա ազգությամբ եզդի է, ոմն Գեւորգ:



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ