Մեր ներքին հարցերն են` մեր մեջ կլուծենք, կգնա

Մեր ներքին հարցերն են` մեր մեջ կլուծենք, կգնա

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի շարք դիրիժորներ, երգիչներ մոտ մեկ ամիս առաջ Օպերայում կոլեգիա ստեղծելու պահանջով եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի դեմ ստորագրություններով նամակ էին պատրաստել ու փոխանցել թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին, ով, դիրիժորների խոսքով, ոչ մի ընթացք չի տալիս նամակին:



Տնօրեն Կամո Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչ ընթացքի մեջ է նամակը, եւ ինչ է մտածում նա Օպերայում կոլեգիա ստեղծելու մասին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է նամակի պահանջին, բայց քանի որ հիմա թատրոնն արձակուրդում է, սեպտեմբերին կհրավիրեն գեղարվեստական խորհրդի նիստ, որտեղ կքննարկեն այդ հարցերը: Այն դիտարկմանը, թե շատերի կարծիքով ինքը միտումնավոր է ձգձգում եւ գեղարվեստական խորհուրդ չի հրավիրում, տնօրենը զայրացավ. «Ո՞նց կարող է նման բան լինի, էս խոսքի ազատությունը, էս անպատժելիությունն իրար մոտիկ բաներ են… մարդը գրել է. 3 տարի է` գեղարվեստական խորհրդի նիստ չենք արել, բայց արձանագրությունները կան` 2 տարում 29 նիստ ենք արել, էդպես չէ»:



Օպերայի տնօրենը նշեց, որ զարմացած է, թե ինչու է նման աղմուկ բարձրացել այս հարցի շուրջ, որովհետեւ նման բաներ շատ են լինում, այն էլ ստեղծագործական կոլեկտիվներում: «Դա մեր ստեղծագործական կոլեկտիվի ներքին հարցերն են, որոնք մեր մեջ կլուծենք, կգնա»,-նշեց Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ կոլեգիա ստեղծելուց բացի նամակում մի քանի հարց էլ կար բարձրացված, որոնք պատրաստվում են առաջիկա խորհրդի նիստում լուծել, բայց թե կոնկրետ ինչ հարցեր են` չասաց:  



Այնուամենայնիվ, ինչո՞վ է բացատրում Դուրգարյանի դեմ դժգոհությունները: Նրանից դժգոհ են ոչ միայն դիրիժորները, այլ նաեւ գլխավոր խմբավարը, բալետմայստերը: «Ես նրանց բոլորի հետ առանձին խոսակցություն ունեցել եմ, մարդ կա` մի պրոբլեմ ունի եւ էդ մի պրոբլեմի համար միացել է…եթե մի քիչ շատ խորանանք, կարող է տեսնենք, որ 12 կամ 20 հոգի են եղել բողոքողները, բայց եթե մյուս կողմը նամակ գրի, կարող է այնտեղ էլ 122-ը լինեն ու հակառակ բանն ասեն, այսինքն` մյուս նամակն էլ կարող էր լինել, որտեղ ավելի շատ ստորագրություններ լինեին»:



Հետաքրքրվեցինք, թե ինքն անձամբ գո՞հ է Կարեն Դուրգարյանից, ինչին Հովհաննիսյանը տվեց դրական պատասխան, ապա մանրամասնեց. «Անսխալ մարդիկ չկան: Օհան Դուրյանի տաղանդն էլ անչափելի էր, բայց նրա մոտ էլ եղան պահեր, որ անհնար էր, եւ իր ըմբոստության, բնավորության արդյունքում պրոբլեմներ առաջացան, բայց նրա մեծությանը որեւէ մեկը կարո՞ղ էր անուն դնել…: Աշխատանքային պրոցես է, սա էլ Հայաստանի ամենամեծ ստեղծագործական կոլեկտիվն է, եւ, բնականաբար, այդ կոլեկտիվում պարբերաբար կարող են լինել այդպիսի դժգոհություններ»: 



Հովհաննիսյանը, անդրադառնալով Դուրգարյանի` միանձնյա որոշումներ կայացնելու հետ կապված դժգոհություններին, նշեց, որ նման բան չկա, եւ «երբ մարդ մի քիչ նեղվում է, երբեմն չափից ավելի բաներ էլ է ասում, ինչպե՞ս է լինում վեճերի կամ դժգոհությունների ժամանակ»: Օպերայի տնօրենը նախօրոք չցանկացավ ասել, թե ինչքանով է իրական համարում կոլեգիա ստեղծելու պահանջը: «Ես հիմա չեմ ուզում դրան անդրադառնամ, որովհետեւ դա քննարկվելիք հարց է, կան թատրոններ, որտեղ այդպիսի բան կա, բայց կան թատրոններ էլ, որտեղ չկա կոլեգիա: Դա մեր որոշելիքն է, ոնց կորոշի գեղարվեստական խորհուրդը, այնպես էլ կլինի»,-ընդգծեց Կամո Հովհաննիսյանը:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ