«Տաթեւերը» փորձում է դառնալ զբոսաշրջային ակտիվ կենտրոն

«Տաթեւերը» փորձում է դառնալ զբոսաշրջային ակտիվ կենտրոն

Հեծանվային զբոսանք, հետիոտն շրջագայություն, աուդիո զբոսանք, ժայռագնացություն, օդապարիկների վարձույթ, հուշանվերների կրպակներ եւ այլն: Սրանք այն ծառայություններն են, որն զբոսաշրջիկներին առաջարկում է «Տաթեւի դարպասներ» համալիրը: Այն իր մեջ ներառում է  նաեւ «Տաթեւեր» ճոպանուղին: Օդային անցուղին ձգվում է 5752 մ` 1.4 կմ-ով, ունի երկու կայաններ` «Հալիձորը» եւ «Տաթեւը»: Ստեղծման օրվանից մինչ այսօր մոտ 150 հազար հաճախորդ է ունեցել «Տաթեւերը»: Այս ամառ Տաթեւի ճոպանուղու գները չեն փոխվել: Ճոպանուղու միակողմանի տոմսը 3 հազար դրամ է, երկկողմանին` 4 հազար: Հարակից ութ գյուղերի բնակիչներն ունեն արտոնություն եւ օգտվում են այլ սակագնից՝ 500 դրամ: Այժմ ճոպանուղին աշխատում է  շաբաթական վեց օր` ժամը 10:00-20:15-ը (վերջին ուղեւորափոխադրումը «Հալիձոր» եւ «Տաթեւ» կայաններից լինում է  ժամը 20:00-ին), բացառությամբ երկուշաբթի օրվանից, որը պրոֆիլակտիկ օր է: Մինչ աշխատեցնելը ճոպանուղին ենթարկվում է ստուգման: «6 ամիսը մեկ Շվեյցարիայից մասնագետներ են այցելում Հայաստան եւ ամբողջությամբ զննում, եթե անսարքություններ են նկատում, վերանորոգում են եւ նոր միայն թույլ տալիս շահագործել, բացի այդ, ամեն երկուշաբթի մեր մասնագետներն են ստուգում»,-ասաց «Տաթեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:  «Տաթեւեր» ճոպանուղու հայտնվելը նպաստեց, որպեսզի Տաթեւը դառնա զբոսաշրջության ակտիվ կենտրոն: Այս տարի նկատվում է ացելուների 12-14 տոկոս աճ` ասում է Մելիքսեթյանը: Այցելուների 55 տոկոսն արտերկրից է, 45 տոկոսը` տեղացիներ: Զբոսաշրջիկների համար փորձում են հարմարավետ պայմաններ ստեղծել: Վերջին նորամուծություններից են «Հալիձոր» կայանի տարածքում տեղադրված երկու հեռադիտակները, եւս մեկը գտնվում է կիրճի հակառակ կողմում` «Տաթեւ» կայանի մոտ: Ընդամենը 200 դրամ վճարելով, հնարավորություն է ընձեռվում օգտվել հեռադիտակներից` ուսումնասիրելով շրջակայքը 30-ապատիկ մոտեցմամբ եւ տեսնել, օրինակ, կիրճում ծվարած հին Հալիձոր գյուղը: Կան զբոսաշրջիկներ, ովքեր Տաթեւ են այցելում առանց զբոսավարի եւ տեղեկություն չունեն տեղանքի մասին, իսկ այժմ հնարավորություն ունեն վարձակալել աուդիոգիդեր` 5 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն): «Հետաքրքիր նորամուծություն է օդապարիկների վարձույթը, մեկ ժամով վարձակալելու համար պետք է վճարել 2 հազար դրամ»,-ասաց Մելիքսեթյանը` հավելելով, որ տարածքում շրջելու ամենահարմար փոխադրամիջոցը հեծանիվն է: Հեծանիվի մեկժամյա վարձակալումն արժե 2 հազար դրամ, կես ժամվանը՝ 1500:



«Ակտիվ հանգստի գոտի կարող է այցելել յուրաքանչյուր ցանկացող` իր անձնական սպորտային պարագաներով, անհրաժեշտության դեպքում նրան կտրամադրվեն ուղեկցորդ եւ անհրաժեշտ պարագաներ»,-ասաց Մելիքսեթյանը: Օրեցօր ավելացող զբոսաշրջիկների պահանջները բավարարելու համար տեղի բնակիչները հյուրատներ, հյուրանոցներ, սննդի եւ սպասարկման կետեր են բացում: Գորիսում 13 հյուրանոց է գործում, իսկ Տաթեւ գյուղն այսօր միաժամանակ 84 այցելուի կարող է հյուրընկալել: Գորիսում գտնվող «Մանա» հանգստյան տանը 2 գիշեր/3 օր մնալու համար հարկավոր է մեկ անձի համար վճարել 40 հազար դրամ: Գումարը ներառում է նախաճաշ, այցելություն Տաթեւի վանք եւ ճոպանուղի` էքսկուրսավարի հետ միասին, ինչպես նաեւ հարմարավետ տրանսպորտ ամբողջ շրջագայության ընթացքում: Հարակից գյուղերում էլ կան հյուրատներ, որտեղ օրավարձը կազմում է 3000-6000 դրամ: Գների տատանումը կախված է այն բանից, թե այցելուն ինչ սենյակային պայմաններ է ուզում եւ ինչպես է սնվում:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ