Ոչ թե կաթողիկոսը պետք է ների իր հոտին, այլ հոտը՝ կաթողիկոսին

Ոչ թե կաթողիկոսը պետք է ների իր հոտին, այլ հոտը՝ կաթողիկոսին

Ես հավատում եմ Հիսուսին ու չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մարդ երջանիկ լինել՝ առանց նրա: Այդ հավատն ինձ մոտ առաջացավ մորս մահից հետո, երբ ոչինչ չէր սփոփում ինձ ու լրիվ անճար վիճակում էի: Երբ առաջին անգամ եկեղեցի մտա, նրա անսովոր լռությունից ու մարդկային երկյուղածությունից ոտքերս կարծես թուլացան: Ճաղերի առաջ մի երիտասարդ տղա էր չոքել ու թաց աչքերով, ձեռքերը վեր պարզած՝ ինչ որ բան էր Աստծուց խնդրում: Ինչ որ աներևույթ ուժ ինձ մոտեցրեց այդ տղային, ու ես իմ ցավը մոռացած, Աստծուց խնդրում էի, որ մեղմի երիտասարդի ցավը, որը գուցե ավելի խորն էր, քան իմը: Ամաչեցի, որ լինելով հասուն տարիքում, մեր մատղաշ շիվերին օգնելու փոխարեն, ինքս կորցրել եմ ինձ: Ու դա ուժ տվեց ինձ՝ ապրելու, օգնելու, արարելու, տեր կանգնելու նրանց, ովքեր անպաշտպան էին: Այդ օրվանից եկեղեցին իմը դարձավ ու սկսեցի կարդալ, ուսումնասիրել Աստվածաշնչյան այն մեծ խորհուրդը, որ մարդկանց պարգևում է ներդաշնակություն, երջանկություն ու խաղաղություն: Ես նույնիսկ մեր կաթողիկոսին չեմ ճանաչում ու ցանկություն չունեմ ճանաչելու, որովհետև Եկեղեցին, որ մարդկային ամբողջություն եմ համարում, Հիսուսինն է ու Նա է եկեղեցու ու մեր Տերը, Նա է կաթողիկոսի ու հոգևոր հայրերի Տերը: Ինձ հոգևոր կործանումից փրկեցին ոչ թե կաթողիկոսը կամ հոգևոր հայրերը, այլ Հիսուսը: Բնական է, վատ եմ զգում, երբ նշանակված ծառաները՝ այն էլ գերագույն ծառաները, վատ են կատարում կամ չեն կատարում Աստծու ու ժողովրդի առաջ իրենց պարտականությունը: Նույն կերպ վատ եմ զգում, որ աշխարհիկ մեղքերով լեցուն մարդ լինելով, երբեմն ես եմ սխալներ թույլ տալիս: Հավատացնում եմ, երբ գիտակցում եմ սխալս, ամենածանր ու տանջալի օրն է լինում ինձ համար: Նման դեպքերում միայն Աստված կարող է իմ մեղքերին թողություն տալ, ու ես, առանց քաշվելու, ներողություն եմ խնդրում նրանից, ում անտեղի ցավ եմ պատճառել և հետո՝ Աստծուց: Ինչու՞ մի սովորական հավատացյալի պես չի կարողանում վարվել կաթողիկոսը: Մի՞թե Հիսուսն իր օրինակով ցույց չի տվել, թե ինպես է ծառայում իր աշակերտներին՝ լվանալավ նրանց ոտքերը: Ես ուզում եմ հիշեցնել այս պատմությունը: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ մինչև Հաղորդության խորհրդի հաստատումը Հիսուս նախ լվանում է աշակերտների ոտքերը: Անդրադառնալով այս խորհրդավոր իրողությանը` Ավետարանիչը մանրամասն պատմում է, թե ինչպես Հիսուս, վեր կենալով ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը, ծունկի եկավ Իր աշակերների առջև և սկսեց հերթով լվանալ նրանց ոտքերը ﴾Աստվածաշունչ, Հովհ.13.4-5﴿: Այնուհետև ասվում է, թե պատրաստվելով աշակերտների ոտքերը լվանալ` Հիսուս մոտեցավ Պետրոսին:Առաքյալը շփոթված առարկեց: Այդ ժամանակ Հիսուս ասաց. «Եթե քո ոտքերը չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»: Լսելով այս խոսքերը` Պետրոսն ասաց. «Տեր, ուրեմն ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա» ) Հովհաննես 13.6-9 ﴿: Մի՞թե նման բաներն արդեն ծիսական արարողության են վերածվել ու կորցրել բուն իմաստը: Եթե այդպես չէ, ինչու՞ կաթողիկոսը աշխարհիկ մարդու վերամբարձությամբ հայտարարում է. «Ազգին տկարացնելու համար պետք է տկարացնել եկեղեցին»: Այդ ո՞վ է տկարացնում եկեղեցին, իսկ դուք՝ հոգևոր հայրերդ, ինչի՞ համար եք, եթե Աստծո զորությամբ ստեղծված եկեղեցին կարող են տկարացնել կամ ո՞վ է եկեղեցին,- հարցնում եմ կաթողիկոսին: Եկեղեցին այդ մենք ենք՝ ես ու բոլորը և իրավունք ունենք պահանջելու, որ հոգևոր բարձրագույն հայրերը Աստծուն ծառայեն և ոչ թե նյութական իշխանությանը: Եթե հոտը լավ չի խոսում, մեղմ ասած, հոտը պահպանողի մասին, պետք է ոչ թե մեղքը փնտրել հոտի, այլ հովվի մեջ: Եթե գառ են փախցնում /նկատի ունեմ աղանդավորությունը/ պետք է մեղադրել ոչ թե գառներին, այլ հովվին ու հոտը պաշտպանող շներին: Եվ եթե թուլանում է հոտը, կոնկրետ դեպքում եկեղեցին, պետք է փոխել հովվին ու նշանակել մեկին,  որ դողա յուրաքանչյուր գառան համար: Սա ես ասում եմ որպես Հիսուսին ու Առաքելական եկեղեցուն նվիրված մարդ: Ասում եմ, որովհետև հավատում եմ, որ Հիսուսը չի ների նրանց, ովքեր լռությամբ թույլ են տալիս, որ իր «Հոր Տունը դառնա… բառն անգամ սոսկալի է»: Այդքանից հետո, մնում է, որ ոչ թե կաթողիկոսը ների հոտին՝ իրեն քննադատելու համար, ների քննադատողներին, (ինչպես ինքն էասում),  այլ հոտը ների նրան՝ եկեղեցուց հեռանալու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կաթողիկոսը Աստծու ու ժողովրդի առաջ Հիսուսի նման հեզ ու խոնարհ լինի ու հոգևոր միջոցներով՝ հեռանալով աշխարհիկից, ժողովի իր հոտը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ