Դաժան տեսարան

Դաժան տեսարան

Նյուտոնի հայտնի օրենքն ասում է՝ ազդումը միշտ ունի հավասար եւ հակադիր հակազդում: Հասարակական ակտիվիստների պայքարը պետք է նաեւ հակազդեցություն առաջացներ: Եվ երեկ հայտնի օլիգարխը ոտքի էր հանել իր ողջ դիվիզիան, որը պատրաստ էր ցանկացած կոկորդ կրծել՝ ապրուստի, բարեկեցության իր բաժինը պաշտպանելու համար: Եվ չարժե այդ բանակին թերագնահատել կամ ատել ու արհամարհել: Այն մեր հասարակության մի մասն է՝ նրա բնութագրական բաղկացուցիչը, որին պետք է կարեկցել: Այս հանրույթը ձեւավորվել է հենց մեր բոլորիս մեղքով: Երբ երկրում չկա արժանապատիվ կյանք, երբ մարդիկ օրվա հացը վաստակում են արյուն-քրտինքով, երբ աշխատատեղից զրկվելը հավասարազոր է դանդաղ մահվան դատապարտվելուն, չի կարելի մարդկանց մեղադրել, որ ատամներով պաշտպանում են իրենց գործատուին, արդարացնում նրա բոլոր, անգամ մերժելի արարքները: Այս մարդիկ մշակութային արժեքների, վսեմ գաղափարների մասին մտածելու հնարավորություն չունեն: Նրանց հուզում է միայն մի հարց. կարողանալո՞ւ են այսօր կերակրել իրենց ու իրենց զավակին: Ցավալի, ողբերգական, աղետալի տեսարան էր այն, ինչ երեկ կատարվում էր Փակ շուկայի մոտակայքում: Հյուծված, տագնապից չռված աչքերով, կիսամաշ շորերով, գզգզված մազերով կանայք արդարացնում էին շուկայի կառուցումը: Նրանց եռանդը՝ պաշտպանել իրենց տիրոջը, այն պարագայում, որ իրենք պաշտպանված չեն, միայն հուզմունքի, ցավի, կարեկցանքի զգացում էր առաջացնում: Եվ մի տխուր նյուանս. կամերայի առաջ խոսող կանանց մեծ մասն անատամ էր՝ անապահով ծերության ակնհայտ կնիքը դեմքին: Քանի դեռ մեր հասարակությունը պայմաններ չի ապահովել այդ կանանց ապահով եւ բարեկեցիկ ծերության համար, մենք նրանցից պարկեշտություն, հումանիզմ, բարձր քաղաքացիական գիտակցություն պահանջելու իրավունքը չունենք: