Պետական ծառայողի ողորմելի աշխատավարձն ու «գայթակղիչ» վարկը

Պետական ծառայողի ողորմելի աշխատավարձն ու «գայթակղիչ» վարկը

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հաճախ է մարզեր մեկնում՝ թերեւս մոտիկից ծանոթանալու իրենց իսկ ջանքերով ստեղծված աղետալի պատկերին: Թեեւ այդ աղետալի պատկերը նկատելի է նաեւ կառավարության «պատուհաններից». երեկ ՀՀ վարչապետը կառավարության հերթական նիստի ժամանակ արձանագրեց շինոլորտի 8.5 տոկոսանոց անկում, ազդարարեց, որ ձեռնամուխ են եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը: Ավելին, որոշել են խթանել ՀՀ քաղաքացիներին բնակարանով ապահովելու գործընթացը՝ 2014 թվականից պետական ծառայողների համար հասանելի դարձնելով հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելը: «Այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիպոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը եւ չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչեւ 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար: Ուսումնասիրությունը, ինչպես նաեւ կառուցապատողների առաջարկությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը»,-ոգեւորվեց վարչապետը, ով կանխավճարի բացակայությունն արդեն համարում է այս գործում մեծ աջակցություն: Մինչդեռ պետական ծառայողների աշխատավարձը հազիվ բավականացնում է գոյությունը մի կերպ ապահովելուն:



Նիստից հետո քաղաքացիների կյանքի որակի համար պատասխանատու նախարարները, նախկինի պես աստիճաններից գլորվելով, շտապում էին հնարավորինս արագ լրագրողների խումբը ճեղքել ու հայտնվել դրսում:  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նույնիսկ մտքերը չէր կարողանում հավաքել, երբ հարցրին «Երեւանի ՋԷԿ-ի» հին էներգաբլոկում քարածխի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրության մասին, որի աշխատանքները պետք է ավարտվեին այս տարվա ապրիլին: Մովսիսյանը պատասխանեց. «Շուտով բան կանենք»: Թե ինչ են անելու, երբ եւ որտեղ, Մովսիսյանը լրագրողներին թողեց երջանիկ անտեղյակության մեջ: Ապա հայտնվեց Արմեն Աշոտյանը, ով էկրանին հայտնվելու հերթական առիթը հոժարակամ բաց թողնելով՝ հեռացավ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց միայն սահմանադրական  փոփոխությունների մասին հարցին՝ ասելով, որ սահմանադրական բարեփոխումների նորաստեղծ հանձնաժողովն արդեն մի քանի նիստեր է անցկացրել, եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ամիսը կհաստատեն հայեցակարգ, որի նախնական նախագծերը պատրաստ կլինեն տարեվերջին, եւ հենց այդ ժամանակ էլ կբացահայտվի, թե սահմանադրական բարեփոխումներն ինչ ուղղությամբ են զարգանալու: «Ուշադրություն դարձրեք հետեւյալ հանգամանքի վրա, որ հանձնախումբը դա խորհրդատվական մարմին է, եւ այնպես չի, որ ինչ որոշվեց այնտեղ, այդպես էլ լինելու է: Այդ ամբողջը դեռեւս ներկայացվելու է  նախագահին, եւ նախագահն է այն սուբյեկտը, որն իրավունք ունի կամ նախաձեռնելու, կամ ընդհանրապես ոչինչ չանելու, փոփոխություններ կատարելու եւ այլն: Խոսքն այս պահին ընդամենը գնում է մասնագիտական աշխատանքային խմբի մասին»,- ասաց Թովմասյանը՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե արդյո՞ք  սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի  վարչապետ դառնալն է:  Արդարադատության նախարարը հարցից շեղվեց ու համեստորեն զուգահեռներ անցկացրեց, թե մամուլին թողնես՝ իրեն էլ ամեն անգամ կհանի ու կնշանակի:  



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]