Ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամի դեմ հարձակման մասին

Ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամի դեմ հարձակման մասին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել երեկ՝ սեպտեմբերի 26-ին Նախախորհրդարան անդամի վրա կատարված հարձակման փաստով: «Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն եւ հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածք: Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել եւ պատճառել վնասվածք: Կատարվում է հետաքննություն»:  NEWS.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին, 19:30-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում հարձակման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Սահակ Պողոսյանը եւ Սուրեն Գեւորգյանը: Նախախորհրդարանի փոխանցմամբ, «Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն բերման ենթարկվելուց եւ արդեն տուն վերադառնալուց հետո, Սուրեն Գեւորգյանի զգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա հոսպիտալացվել է անցնելով մի շարք բժշկական ստուգումներ: Նրա մոտ հայտնաբերվել է հարվածների արդյունքում ստացած ուղեղի հեմատոմա, բժիշկների ախտորոշմամբ՝ արյան զեղում: Սուրեն Գեւորգյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ, եւ ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի»: