«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը` մի նոր Փակ շուկա

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը` մի նոր Փակ շուկա

Երեկ Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում  քննարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցը:



Բանն այն է, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղեւորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Արդյունքում Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը:



Քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է եւ քննարկվելու է Հանրային խորհրդի մի շարք հանձնաժողովներում` մշակույթի, գիտության, հուշարձանների պահպանության:



Քաղավիացիայի վարչության ներկայացուցչի խոսքերով էլ հին օդանավակայանի քանդման աշխատանքներն առաջ են քաշվել 2013-17թթ. նոր բիզնես պլանի շրջանակում, իսկ քանդել-չքանդելու հարցը պետք է որոշվի հանրային քննարկումների արդյունքում: «Մենք ունենք նաեւ խնդիր այդ շենքը պահպանելու համար, գիտեք, որ այդ շենքը չի օգտագործվում եւ գտնվում է անմխիթար վիճակում: Մենք առաջարկեցինք կոնցեսիոներին կազմել նախահաշիվ եւ ներկայացնել, թե որքան գումար կպահանջվի այդ պահպանության համար, կոնցեսիոներն էլ պատասխանել է, որ միայն 10-12 մլն դոլար է պետք, որ շենքը հիմնովին վերակառուցվի, որ այդ փլման վտանգը չլինի, այսինքն` մենք այստեղ ունենք ֆինանսական խնդիրներ»,-նշեց Աշոտ Ազիզյանը` հավելելով, որ կոնցեսիոների ֆինանսական խնդիրները նաեւ մեր բոլորինն են: Ի պատասխան կոնցեսիոների շահերը ներկայացնողների փաստարկներին, խորհրդի անդամները հակադարձեցին շենքի պատմաճարտարապետական, մշակութային արժեք լինելու հանգամանքը, ու թե պետք է պարզել` եթե շենքը քանդվում է, ապա տեղում ինչ է կառուցվելու, որն է ծրագիրը եւ այդ ծրագիրն իրականացնելու ձեւերը, այսինքն` ինչ ձեւով պետք է իրականացնեն դա` քանդելով, գրավելով, վերակառուցելով: Բացի այդ, ներկաները մատնանշեցին այն հարցերը, որ եթե կոնցեսիոներն ասում է` շենքը փլվելու վտանգ ունի, ապա կա՞ որեւէ փաստաթուղթ, որտեղ գրված է, որ շենքը վերակառուցելու համար հենց 10-12 մլն դոլար է պահանջվում, եւ, ի վերջո, կա՞ փաստաթուղթ, որտեղ շենքի տեխնիկական զննման արդյունքներն են ներկայացված:



ՀԽ քաղավիացիայի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանն էլ առաջարկեց մշակել պլան, որի արդյունքում կստեղծվի տրանզիտային գոտի, եւ հին շենքն էլ կծառայի որպես ներքին օդանավակայան: Ներկա ճարտարապետներից մեկն էլ նշեց, որ ցանկացած դեպքում չպետք է թույլ տրվի, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը դառնա մի նոր Փակ շուկա: 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]