Կաննում մրցանակ ստացած ճապոնական ֆիլմը կդառնա անգլալեզու

Կաննում մրցանակ ստացած ճապոնական ֆիլմը կդառնա անգլալեզու

Այս տարի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում ցուցադրվեց ճապոնական «Որդին՝ ճիշտ հոր պատկերը» ֆիլմը և արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: Փառատոնում ժյուրիի նախագահը հանրահայտ Սթիվեն Սփիլբերգն էր, ում ուշադրությունից չվրիպեց ֆիլմը:



Ահա և ամերիկյան «DreamWorks» կինոընկերությունը, որի հիմնադիրը Սթիվեն Սփիլբերգն է, ձեռք է բերել ֆիլմի անգլալեզու ռիմեյքի նկարահանման իրավունքները:



Սփիլբերգը դեռևս չի նշում այն բեմադրիչի անունը, ով ձեռնամուխ կլինի անգլախոս տարբերակի նկարահանումներին, հայտնի չէ նաև, թե ովքեր են լինելու դերակատարները:



«Որդին՝ ճիշտ հոր պատկերը» ֆիլմը պատմում է հաջողակ ճարտարապետի և նրա կնոջ մասին, ովքեր անսպասելիորեն պարզում են, որ երեխան, ում իրենք դաստիարակում և մեծացնում են, իրենց հարազատ զավակը չէ՝ ծննդատանը իրենց սխալմամբ այլ երեխայի են հանձնել:



Ֆիլմը ցուցադրվել է նաև մեկ այլ հեղինակավոր՝ տորոնտոյի կինոփառատոնում և այնտեղ էլ արժանացել ջերմ ընդունելության: Անպես, որ Սփիլբերգն իր ընտրության մեջ, թերևս, չի սխալվել. ֆիլմը Արևմուտքին անտարբեր չի թողնի: