Վոլոչկովայից լավ աստղերի է Տարոնն այս անգամ բերելու

Վոլոչկովայից լավ աստղերի է Տարոնն այս անգամ բերելու

Հարցազրույց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ



 



-«Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ 200 մլն դրամ, ի՞նչ եք կարծում՝ նման ծախսերն իմաստ ունե՞ն մի երկրում, մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ:






- Այդ գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է այդքան գումար լինի, բայց դա չի նշանակում, որ Երեւան համայնքի բյուջեի կողմից է լինելու, բարերարներ կան, եւ արդեն ավանդույթ է դարձել այս տոնակատարությունը մեր երեւանցիների համար եւ ոչ միայն երեւանցիների, այլ ողջ հայության համար, երբ օր առաջ սպասում են Էրեբունի-Երեւանի ծննդյան օրը, որ միասին նշենք, մեր մեծ տան ծննդյան օրը, իսկ ինչ մնում է այդ գումարի համար շահարկումներին, վերջին շրջանում մամուլում կամ սոցիալական ցանցերում քննարկումներին, ես հետեւյալը կասեմ, որ պետք չի անհանգստանալ, քանի որ այդ գումարների մեծ մասը՝ առյուծի բաժինը, բարերարների կողմից է լինում, մեր Երեւանի տարբեր բարերարների, տարբեր միջոցներով՝ ֆինանսների կամ անմիջական մասնակցությամբ, դրա համար պետք էլ չի նշել, որ հստակ 200 մլն-ի մասին է: Բարերարները պարտադիր չի, որ մենակ գումարով մասնակցեն, կարող են այլ միջոցներով էլ մասնակցեն, որ մենակ կարողանանք ավելի լավ կազմակերպել տոնը:



- Մի քանի բարերարի անուն կնշե՞ք:



- Ինձ թվում է՝ բոլորս ոչ թե պետք է խոսենք մենակ դրա մասին, գումարի, այլ պետք է խոսենք, որ ավելի տոնական տրամադրություն ստեղծենք մեր երեւանցիների, մեր Երեւանի հյուրերի համար եւ համայն հայության համար: Երբ վերցնենք ծրագիրը, կտեսնեք հովանավորողների, կազմակերպությունների լոգոտիպ նշանները. արդեն բոլորի համար պարզ կլինի, թե ովքեր են:



- Ի՞նչ եք կարծում՝ երեւանցիները տոնի տրամադրություն ունե՞ն, թե՞ ավելի շատ նրանց հուզում են չլուծված բազում խնդիրները, օրինակ՝ վերելակների, աղբի, տրանսպորտի սակագնի եւ այլն:






- Այո, այո, ճիշտ եք ասում՝ ես ասել եմ ու էլի կկրկնեմ, որ շատ խնդիրներ բաց են մնացել, բայց էդ խնդիրները ոչ այս տարի են կուտակվել, ոչ նախորդ տարի, այլ 20 տարվա խնդիրներ են, որ մենք մեր հեռանկարային ծրագրերում ենք նշում, եւ մեր ամեն մի շրջայցի ժամանակ նկատած կլինեք՝ հաճախակի է լինում այդ շրջայցերը վարչական համայնքներում, հենց քաղաքացիների հետ անմիջական շփման եւ անմիջական ծանոթանալու, որ հետագայում… Չենք կարող չնկատել, որ տարեցտարի Երեւան քաղաքն ավելի բարեկարգվում է,  այո, բայց դա չի նշանակում, որ խնդիրներն ավարտվում են, դեռ խնդիրները կան, ու էդ խնդիրները, բնականաբար, իրենց լուծումները պետք է գտնեն:



- Ավելի նպատակահարմար չէ՞ բարերարների տրամադրած գումարների մեծ մասը խնդիրների լուծմանը ծառայեցնեք:



- Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ մենք պետք է նշենք Երեւանի տոնակատարությունը, ինչո՞ւ չէ՝ նաեւ պետք է տրամադրություն ստեղծենք մեր երեւանցիներին, մեր Երեւանի հյուրերին, մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Այո, միանշանակ տոնի տրամադրություն կա, եթե մեր մեծ տան ծննդյան օրն է, ուրեմն պետք է ստեղծենք այդ տրամադրությունը, այդ տրամադրությունն ստեղծելով էլ պետք է բոլորը սրտացավ լինեն Երեւանի օրվա զարգացումներին եւ նաեւ, ինչու չէ՝ Երեւանի խնդիրների հետ կապված:



- Իսկ հնարավո՞ր է, որ այդ տոնի «նվերներից» մեկն էլ լինի տրանսպորտի թանկացումը, որի հարցը քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը քննարկում է եւ մոտ ապագայում որոշում կկայացնի:






- Ինձ թվում է՝ այդ տոնակատարությունը տրանսպորտի թանկացման հետ ընդհանրապես կապ չունի: Իսկ Ձեր ասած հանձնաժողովում գոնե շահագրգիռ մարդիկ ընդգրկված են, թող քննարկի եւ առաջարկները տա:



- Մասնագետների հաշվարկներով, այժմ սակագինը 100-ի փոխարեն 70 պետք է լիներ:



- Եթե 70 դրամով կարող են, ես ողջունում եմ էդ մասնագետներին: 24 երթուղիների մրցույթ է  հայտարարվել արդեն երրորդ անգամ, թող գան-մասնակցեն, ես, որպես քաղաքապետ, պատրաստ եմ աջակցել, իսկ ինչի՞ համար չեն գալիս մասնակցեն, էդ հարցը տվեք իրենց, ովքեր կարծում են 70 դրամով է հնարավոր:



 



- Ի դեպ, նորից Ռուսաստանից աստղե՞ր եք բերելու եւ Վոլոչկովայի պես նրանց հետ էլ նկարվեք ու «Ֆեյսբուքով» տարածեք: Ինչպես երեւում է, գեղեցիկ եւ ճանաչված կանանց հետ սիրում եք նկարվել, հաճախակի եք թարմացնում Ձեր ֆեյսբուքյան էջի լուսանկարները:






-…Ավելի լավերին ենք բերելու: Ի դեպ, Վոլոչկովայի հետ լուսանկարը Էրեբունի-Երեւանի տոնակատարությունից չի, իսկ ինչ մնում է՝ ովքեր են լինելու, արտասահմանից էլ են լինելու, բնականաբար, հայկական հայտնի երգիչ-երգչուհիներ են լինելու, բայց արտասահմանինը, ինձ թվում ա, պետք է մնա անակնկալ, եւ այդ ժամանակ մեր երեւանցիները կտեսնեն: Բոլորի համար է անակնկալ լինելու: Իսկ էդ նկարները ես չեմ թարմացնում, այլ ինձ խանդողներն ու նախանձողները: Ուզում եմ նշել նաեւ, որ այս տարի, աննախադեպ, արտերկրից մեր Երեւան քաղաքի քույր քաղաքի ներկայացուցիչներն են լինելու՝ 31 պատվիրակություն է լինելու, որ երբեւիցե այդքան շատ պատվիրակություն չի եղել՝ քաղաքապետերի գլխավորությամբ, փոխքաղաքապետերի եւ այն պատասխանատու անձերի, որոնք ներկայացնելու են իրենց քաղաքը Երեւան քաղաքում, իրենց շնորհավորանքն են ուղղելու մեր Երեւանին:



- Պարոն Մարգարյան, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ Սամվել Ալեքսանյանը ոչնչացնի Փակ շուկան իբրեւ պատմամշակութային կոթող:






- Իմ կողմից, իմ լիազորության սահմաններում բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվել են, երկու անգամ վարչական արձանագրություն է կազմվել, մեկ անգամ հենց լրատվամիջոցների, եւ ամբողջ հետաքրքրվող մարդիկ տեսան, որ քանդման աշխատանքներ եղան, քանի որ դա միայն իմ գործառույթը չի, հուշարձանային շենքերի պահպանությունը հիմնականում մշակույթի նախարարությանն է…



- Բայց մշակույթի նախարարությունը եւս մի քանի անգամ հայտարարել է, որ դա կոթող է եւ չպիտի քանդվի:



- Դե, նախարարությունը երեւի տարածել է:



- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չկարողացաք Սամվել Ալեքսանյանի վրա:



- Իմ կարծիքով, հարցը կարողանալ կամ չկարողանալը չի ուղղակի, եթե մենք ձեւակերպում ենք հետեւյալը. մինչեւ զրոյական նիշն օրինական է, իսկ զրոյականից ներսը, որը պետք է հուշարձանների պահպանման համապատասխան ծառայությունը զբաղվեր, էդ վերանորոգման աշխատանքները պետք է կասեցնեին, գոնե մեր կողմից, քաղաքապետարանի ծառայության կողմից բոլոր քայլերը կատարվել են, վերցրեք-ուսումնասիրեք գործը՝ կտեսնեք:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]