Վարչապետի ոտքը բացվեց դեպի Ռուսաստան

Վարչապետի ոտքը բացվեց դեպի Ռուսաստան

Այն, որ Մոսկվայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին չի ընդունելու ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, հայտնի էր նախապես: Կառավարությունը հաղորդել էր, որ վարչապետի երեկվա այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու Մեդվեդեւի առաջին տեղակալ Շուվալովի եւ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Իսկ կուլիսներում եւ մամուլում քննարկվում էր Դմիտրի Մեդվեդեւի եւ Սարգսյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Մեդվեդեւն իրեն բավականին սառն է պահել եւ հայտնել է, որ չի պատրաստվում ընդունել ՀՀ վարչապետին:



 



Պետք է նկատել, որ որքան ավելի սառն է դառնում հյուսիսային գերտերության բարձրագույն շրջանակի վերաբերմունքը մեր վարչապետի նկատմամբ, այնքան ավելի է բացվում վերջինիս ոտքը դեպի ՌԴ վերին էշելոնը: Սա հատկապես նկատելի դարձավ սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահի մոսկովյան հայտարարություններից  պարզ դարձավ, որ Հայաստանը բռնում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհը: Գրեթե միաժամանակ խոսվեց այն մասին, որ Ռուսաստանը մեր արեւմտյան վարչապետին համարում է անցանկալի անձ: Վարչապետի կողմնորոշմանը գումարվում է, իհարկե, նաեւ ֆինանսական վեճը, որը ռուսների եւ մեր վարչապետի միջեւ ծայր է առել «Նաիրիտի» գրավադրման հետեւանքով առաջացած «Մեժգոսբանկի» պարտքերի կուտակման ժամանակակից, եւ որը շուտով կհասնի, ոչ պաշտոնական գնահատականներով, 400 մլն դոլարի: Մյուս կողմից՝ մենք ունենք գազի գնի խնդիր, որը ռուսները խոստացել են նվազեցնել 30 տոկոսով, եւ որը սպասվում է, որ կբարձրացվի վարչապետի այցելության ընթացքում, եւ որը կրկին, փաստորեն, բարձրացվելու է Մաքսային միությանը մեր անդամակցելու ենթատեքստում, ճիշտ «12 աթոռ» ֆիլմում նկարագրված տարբերակով. «Утром деньги- вечером стулья, вечером деньги – утром стулья»:



 



Խոսվել է, թե ոչ այս մասին, դեռ  պաշտոնապես հայտնի չէ: Երեկ օրվա վերջում կառավարությունը տեղեկացրեց,  որ Տիգրան Սարգսյանին ընդունել են ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը եւ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, եւ որ հանդիպման առանցքում «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր»: Իսկ Խրիստենկոյի հետ քննարկվել է Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:



Մոտավորապես նույն մակարդակի ընդունելություններ եղան նաեւ 10 օր առաջ, Սանկտ Պետերբուրգում, որտեղ հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ վարչապետի հետ առանձնազրույց էր ունեցել ընդամենը ՌԴ տրանսպորտի նախարարը: Հասկանալի է, որ բարձրաստիճան հանդիպումների նման պաշտոնացանկը երկու իմաստ կարող է ունենալ: Կամ՝ որ ՌԴ վերնախավն ամեն կերպ ցույց է տալիս իր իրական վերաբերմունքը պրոարեւմտյան կողմնորոշման վարչապետի նկատմամբ, որն իր հերթին փորձում է ապացուցել, որ ինքն այդպիսին չէ, կամ էլ՝ որ մեր երկրին, իրոք, վերաբերվում են որպես գուբերնիայի, որի համար կենտրոնական իշխանության միջին էշելոնի դեմքերին իրենց ղեկավարի հետ հեռուստացույցով տեսնելը մեծ իրադարձություն է: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ