Հայաստանի խոսքերը եվ գործերը

Հայաստանի խոսքերը եվ գործերը

2013թ. սեպտեմբերի 3-ից մեկ ամիս անց թվում է, թե Հայաստանը Մաքսային միության մասին խոսում է, ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ` գործում:



 



 



 



ՄՄ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ`ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵ՞Ն  



Մոսկվայում Սերժ Սարգսյանի ստորագրած հայտարարությունը Մաքսային միությանը միանալու ցանկության մասին Հայաստանում ունեցավ այն շարունակությունը, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 19-ին հավանություն տվեց Մաքսային միության անդամակցության վերաբերյալ բանակցություններ եւ փաստաթղթեր նախապատրաստելու նպատակով աշխատանքներ ծավալելու մի որոշման: Համաձայն այդ փաստաթղթի` յոթ-ութ հանձնախումբ էր ստեղծվելու, վարչապետ Տիգրան Սարգսյանի խմբավարության ներքո, որոնք պետք է ուսումնասիրեին Մաքսային միության ընթացակարգերն ու կառույցները (մի՞թե դրանք փաստացի գոյություն ունեն) եւ դրանց հետ Հայաստանի գործունեությունը համապատասխանեցնելու հնարավորությունը:



Սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունների որոշ հայտարարությունների համաձայն, նախընթաց ժամանակաշրջանում, ինչ-որ ամիսների հայաստանյան հանձնախմբեր ինչ-ինչ փաստաթղթի եւ լիազորությունների շրջանակում արդեն մասնագիտորեն աշխատել էին, այն էլ այնքան, որ հանգել  էին եզրակացության, թե արժե Մաքսային միությանն անդամակցել: Եթե ասվածն աղերս ունի իրականության հետ, ապա ո՞ւր են նախորդ հանձնախմբերի կատարած աշխատանքի արդյունքները, որ նոր հանձնախմբեր են ստեղծվում:



Պարզ է, որ իրականում ոչ մի տնտեսական-իրավական աշխատանք էլ չի ծավալվել Մաքսային միությանը ՀՀ անդամակցության ուղղությամբ, ոչ էլ դա արվելու է ապագայում: Քչերը կարող են չգիտակցել, որ Վլ. Պուտինի տեսիլքը Մաքսային միության մասին քարոզչական հնարք է` Ռուսաստանի վերջնական արտամղումը Եվրոպայից քողարկելու համար: Ինչպես աջուձախ զայրանալով ու սպառնալով Ռուսաստանը մեկ տասնամյակ առաջ հեռացավ Արեւելյան Եվրոպայից, այնպես էլ այժմ դուրս է մղվում Արեւելյան գործընկերության տարածքից: Եվ սպառնալիքներով ու սաբոտաժներով նահանջի, թե կառուցողական երկխոսություն վարելով` լոկ ձեւին է վերաբերվում, ինչին Եվրոպայում առանձնապես ուշադրություն չէին դարձնում:



Միայն Հայաստանի վրա գործադրված ճնշումը, որ ՀՀ իշխանություններին ստիպեց Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնել, Եվրոպային հարկադրեց անդրադառնալ Պուտինի միություններին եւ  սեպտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդարանում ընդունել «Ռուսաստանի կողմից Արեւելյան գործընկերության երկրների հանդեպ գործադրվող ճնշումների մասին» բանաձեւը, որը խոսում էր Ռուսաստանին հասկանալի` սպառնալիքների լեզվով: Ինչ-որ սպառնալիքներ անգամ բարձրաձայնվեցին` Լիտվայի կողմից Կալինինգրադի մարզը մաքսային շրջափակման ենթարկելը կամ Բելառուսի անսպասելի հայտարարությունը, թե Մաքսային միությունը ոչ վերպետական կազմավորում է, ոչ էլ միասնական արժույթ է ունենալու: Թեեւ կասկածից վեր է, որ որոշիչ սպառնալիքները հանրությանը հայտնի չեն դառնում: Այլ հարց, որ ինչ-որ պահի տեսանելի են դառնում տեղաշարժեր:



Այս առումով հոկտեմբերի 9-ին ՌԴ վարչապետի գրասենյակից տարածված մամուլի հաղորդագրությունը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի մասին ուշագրավ էր` շրջադարձի նմանվելու չափ: Տեքստը հետեւյալն էր.



«Դմիտրի Մեդվեդեւը եւ Տիգրան Սարգսյանը քննարկել են Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները



Կայացել է ՌԴ կառավարության նախագահ Դ. Ա. Մեդվեդեւի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:



Քննարկվել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցությունն առեւտրատնտեսական եւ վառելիքաէներգետիկ ոլորտներում»:



Անհնար է չնկատել` ոչ թե անդամակցության նախապատրաստություն են քննարկում, այլ համագործակցության ընդլայնման հարցեր: Այդ մասին հայտնում է ոչ թե Երեւանը, այլ Մոսկվան: Բառապաշարի փոփոխությունը փաստ է, իսկ շրջադարձ է, թե ոչ, ցույց կտա ժամանակը:



 



ԵՄ-Ն ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Նույն մեկ ամսվա ընթացքում առավել ուշագրավ զարգացումներ եղան Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Հոկտեմբերի 1-ին Ելիսեյան պալատում կայացավ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Ընթացած բանակցությունների, համաձայնությունների վերաբերյալ Փարիզից եւ Երեւանից տարածվեցին համառոտ հաղորդագրություններ, ըստ ՀՀ նախագահականի` Ֆրանսիան խոստացել էր «շարունակել այսուհետ եւս աջակել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:



Ֆրանսիայի աջակցության մասին աշխարհին հայտարարելուց հետո բնական էր եւ սպասելի, որ հաջորդ օրը Ստրասբուրգում նախագահ Սարգսյանի հայտարարությունները հնչեին Օլանդի հետ հանդիպման ուղեծրում: ԵԽԽՎ նիստում Սարգսյանին տրված հարցերից առնվազն հինգ-վեցը վերաբերում էին Հայաստանի եվրոպական ինտեգրմանը կամ Մաքսային միությանը: Հնչած պատասխաններից երկու հատված, որոնք թույլ են տալիս ապագայի առնչությամբ դատողություններ անել, մեջբերում ենք ստորեւ: «Ինչպես արդեն հնարավորություն ունեցա ասելու, մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ զարգացնել, մենք լինելու ենք Վիլնյուսում եւ հիմա արդեն ԵՄ մեր գործընկերների հետ բանակցում ենք, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է ստորագրենք: …Ցավում եմ, որ Եվրամիության մեր գործընկերները համարեցին, որ Ազատ առեւտրի պայմանագիրը չի կարող համատեղվել Մաքսային միությանը մեր անդամակցության հետ, բայց Ասոցացման համաձայնագիրը միայն Ազատ առեւտրի պայմանագրից չի բաղկացած: Ասոցացման համաձայնագրի հիմնական դրույթները վերաբերում են քաղաքական բարեփոխումներին: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ մենք շարունակելու ենք այդ բարեփոխումները, մենք պատրաստ ենք Վիլնյուսում ստորագրելու համաձայնագրի այդ մասը»:



«Բոլոր պարագաներում, Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, ես վստահ եմ, համաձայն է մեր հանրության մեծ մասը: Հիմա մենք ուսումնասիրություններ ենք անցկացնում, եւ չեմ կարծում, որ հանրաքվեի կարիք այսօր կա: Բայց չեմ բացառում, որ վաղը նաեւ քաղաքական ուժերի պահանջով կարող է հանրաքվե լինել: Սակայն վստահեցնում եմ Ձեզ, որ մեր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ մեր կայացրած որոշումը բխում է մեր ժողովրդի շահերից եւ նրա մեծ մասի ցանկությունն է»:



Հայաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում ստորագրելու մասին Սարգսյանի Ստրասբուրգում հնչեցրած հավաստիացումներին ի պատասխան` Եվրահանձնաժողովի փոխնախագահ եւ արտաքին ու անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից հայտարարվեց, որ «Եվրոպական Միությունը մնում է հավատարիմ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում, որոնք համատեղելի են Հայաստանի վերջերս հայտարարած նոր հանձնառությունների հետ Մաքսային միության հանդեպ, եւ գոհ են, որ Հայաստանը մնում է վճռական ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում»:



Դարձյալ հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը վավերացրեց ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման համաձայնագիրը: Այս փաստաթուղթը եվրաինտեգրման ամենաշոշափելի արդյունքն է, որը շարքային հայաստանցին զգալու էր անմիջապես: Անշուշտ, հեռահար հաշվարկ է, որ համաձայնագիրը վավերացվեց եւ գործողության մեջ է դրվելու անկախ վիլնյուսյան գագաթնաժողովից:  Վիլնյուսում ստորագրվող ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի փոփոխությունները քաղաքացին կզգա երեք-հինգ-ութ տարվա ընթացքում, մինչդեռ դյուրացված մուտքը Եվրոպա հասանելի է դառնում արդեն մեկ-երկու ամսից: Իսկ երբ Եվրոպան նույնքան հասանելի է, որքան Ռուսաստանը, այլեւս ո՞վ կամ ի՞նչը կարող է հայաստանցիներին ետ պահել Եվրոպայից: 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]